Անուշավան Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուշավան Մարգարյան
Ծնվել է1912
ԾննդավայրԳանձա, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Փառքի երրորդ աստիճանի շքանշան

Անուշավան Հարությունի Մարգարյան (1912, Գանձա, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուշավան Մարգարյանը ծնվել է 1912 թվականին, Վրացական ԽՍՀ Բոգդանովկայի շրջանի Գանձա գյուղում։ 1918 թվականի մայիսին, թուրքական յաթաղանից մազապուրծ, ծնողներից զրկված, ինքնուրույն է բռնել կյանքի ճանապարհը։ 1923-1933 թվականներին ընդմիջումներով սովորել է հայրենի գյուղի տարրական, ապա կոլերիտ դպրոցներում։ 1931-1933 թվականներին սովորելու հետ միաժամանակ աշխատել է անգրագիտության վերացման դպրոցում։ 1935-1937 թվականներին սովորել է Երևանի մանկավարժական տեխնիկումում։ 1937-1939 թվականներին աշխատել է Հայկական ԽՍՀ Ալավերդու շրջանի (այժմ՝ Թումանյան) Ուզունլարի (Օձուն) միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ, 1939-1941 թվականներին՝ Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Դիլիֆի ոչ լրիվ միջնակարգ դպրոցում որպես տնօրեն և պատմության ուսուցիչ։ 1940 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը։ 1938-1941 թվականներին աշխատել և միաժամանակ սովորել է Թբիլիսիի պետական համալսարանին կից հեռակա մանկավարժական ինստիտուտի հայկական սեկտորի պատմության ֆակուլտետում[1]։

Հայրենական պատերազմի երկրորդ օրը զորակոչվել է կարմիր բանակ։ Ծառայել է 47-րդ հրաձգային դիվիզիայի 145-րդ գնդում, որպես շարքային զինվոր,այնուհետև հրաձգային դասակի հրամանատար։ 1941 թվականին նրա զորամասը ընկել է շրջափակման մեջ։ Անուշավանը վիրավոր վիճակում անցել է համակենտրոնացման ճամբարների դաժան փորձությունների միջով։ 1943 թվականի մայիսին Կալինինի մարզ տեղափոխելու ճանապարհին նրան հաջողվում է փախչել։ 1943 թվականի մայիսից մինչև նոյեմբեր մարտնչել է Կալինինի մարզի երկրորդ բրիգադի «Ազատության համար» պարտիզանական ջոկատում։ 1943 թվականին նրա ջոկատը միացել է Խորհրդային կանոնավոր բանակին, ծառայությունը շարունակել է 200-րդ դիվիզիայի 661-րդ գնդում, որտեղ էլ վիրավորվել է։ Արիության համար պարգևատրվել է մարտական Փառքի երրորդ աստիճանի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով և մեդալներով[1]։

1945 թվականին Անուշավանը զորացրվել, և աշխատանքի է անցել հայրենի Գանձա գյուղի միջնակարգ դպրոցում, որպես պատմության և աշխարհագրության ուսուցիչ։ 1970 թվականին Մարգարյանը տեղափոխվել է Երևան։ 1972 թվականից աշխատել է Երևանի էքսկուրսիաների և ճանապարհորդությունների բյուրոյում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փառքի երրորդ աստիճանի շքանշան
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]