Անմեռուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անմեռուկ
Անմեռուկ
Xeranthemum anuum
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Աստղածաղկավորներ
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տրիբա Cynareae
Ցեղ Xeranthemum
Լատիներեն անվանում
Xeranthemum

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Անմեռուկ (լատ.՝ Xeranthemum), չորաբույս, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ անմեռուկ երկարափուփուլ (X. longeipapposum), անմեռուկ չռված (X. squarrosum), անմեռուկ փակ (X. inapertum), անմեռուկ գլանաձև (X. cylindraceum)։ Տարածված է բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ վայրերում։

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը կանգուն Է, գորշավուն թավով, բարձրությունը՝ 30-40 սմ.։ Տերևները էլիպսաձև-գծաձև են կամ գծաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ վարդագույն, հազվադեպ՝ սպիտակ։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը փուփուլավոր սերմ է։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է դաբաղող նյութեր, խեժեր, եթերայուղ, կարոտին, ասկորբինաթթու, ալկալոիդի հետքեր, ֆիտոստերիններ և այլ նյութեր:

Բուժական ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի անոթալայնիչ, արյան բարձր ճնշումն իջեցնող, սրտի ռիթմը կարգավորող, արյունը մակարդող, վերքերն ամոքող, հյուսվածքների վերականգնումն արագացնող, արյան մեջ շաքարի քանակը կարգավորող ազդեցություն:

Կիրառվում է հիպերտոնիկ հիվանդության թեթև ձևերի, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդության, սրտխառնոցի, արյունահոսությունների, պալարախտի, շաքարախտի, վերքերի, այրվածքների, խուղակների բուժման համար:

Կիրառման եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստել 30 գ չոր հումքը՝ մեկ թեյի բաժակ եռման ջրում թրմելով: Խմել 1-2 ճաշի գդալ, օրական 4-5 անգամ, ուտելուց առաջ: Ջրաթուրմը կիրառվում է վերքերի, այրվածքների, խուղակների դեպքում: Սրունքի, երակների վարիկոզ լայնացման դեպքում ոտքերն ընկղմել այդ ջրաթուրմով լցված ամանի մեջ և պահել 20-30 րոպե:

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է բույսի յուղային քսուքը, որն օգտակար է վնասված հյուսվածքների արագ վերականգնման համար: Այն պատրաստվում է կարագով՝ 1:10 հարաբերությամբ: Ավելացնել նաև մեղր: Խորհուրդ է տրվում օգտագործել վերքերի ժամանակ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղուկասյան Է. Գ., Բուժում դեղաբույսերով, «Նարեկացի», 1992
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png