Անիհիլացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անիհիլացում (լատ.՝ anihilatio -ոչնչացում, անհետացում, <ad - դեպի + nihil—ոչինչ), մասնիկի և նրան համապատասխանող հակամասնիկի փոխակերպումը էլեկտրամագնիսական ալիքների՝ ֆոտոնների կամ ուրիշ մասնիկների՝ այլ բնույթի ֆիզիկական դաշտի քվանտների։

Հայտնի օրինակ է էլեկտրոնի և պոզիտրոնի անիհիլացումը, երբ առաջանում են երկու ֆոտոններ։ Դիտվում է նաև նուկլոն հականուկլոն անիհիլացում, որի հետևանքով առաքվում են մեզոններ։ Եթե անիհիլացումը ընթանում է վակուումում, ապա, համաձայն էներգիայի և իմպուլսի պահպանման օրենքների, առաջացած մասնիկների նվազագույն թիվը պետք է լինի երկու։ Իսկ եթե անիհիլացմանը մասնակցում է որևէ երրորդ մարմին (օրինակ, երբ էլեկտրոնը գտնվում է ատոմում կամ նուկլոնը՝ միջուկում), ապա հնարավոր է անիհիլացում մեկ մասնիկի առաքմամբ։

Անիհիլացման տեսական ուսումնասիրությունը կատարված է միայն էլեկտրամագնիսական փոխազդեցությունների համար։ Տեղի ունի նաև անիհիլացման հակառակ պրոցես՝ զույգի առաջացում, երբ էլեկտրամագնիսական կամ այլ դաշտերի փոխազդեցության հետևանքով միաժամանակ առաջանում են մասնիկ և հակամասնիկ։ Անիհիլացման և զույգերի առաջացման հնարավորությունը, ինչպես և հակամասնիկների գոյությունը կանխագուշակել է Պոլ Դիրակը 1930 թվականին։ Իրեն և Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիները 1933 թվականին մագնիսական դաշտում տեղավորված Վիլսոնի խցիկում դիտել են ռադիոակտիվ աղբյուրից գամմա-քվանտներով էլեկտրոն–պոզիտրոն զույգի առաջացումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 416 CC-BY-SA-icon-80x15.png