Անդրոս (քաղաք-պետություն)

Անդրոս (հին հունարեն՝ Ἄνδρος), հին հունական հնագույն քաղաք-պետություն[1] (կամ ինչպես ընդունված է անվանել՝ պոլիս) Եգեյան ծովում գտնվող համանուն կղզու վրա։ Հնուց ի վեր պոլիսը կոչվել է կղզու անունով, որն էլ իր հերթին ըստ ավանույթի անվանվել է Ռադամանտուսի կողմից ուղարկված գաղութարարի՝ Անդրիոսի պատվին։ Դեռևս վաղնջական ժամանակներում կղզին բնակեցվել է մայրցամաքային Հունաստանից եկած հոնիացիներով՝ դառնալով միջերկրածովյան առևտրի կարևորագույն հանգույց։ Այնուամենայնիվ, Անդրոսը ունեցել է սակավ կապեր մայրցամաքային Հունաստանի պոլիսների հետ։
Պարսիկների Հունաստան ներխուժումից առաջ Անդրոսի բանակը ստիպված է լինում միանալ Քսերքսես I-ի նավատորմին, որոնք էլ միասին մ․թ․ա․ 480 թվականի ներխուժում են Բալկանյան թերակղզի։ Այնուամենայնիվ, պարսից նվաճողները պարտություն են կրում, իսկ հույն զորավար, Մարաթոնի ճակատամարտի հերոս Թեմիստոկլեսը գալով Անդրոս պատիժներ է սահմանում վերջիններիս նկատմամբ։ Տեղի բնակիչները հրաժարվում են փոխհատուցում վճարել, որից հետո էլ հույն զորավարը փորձում է պաշարել քաղաքը, որը նրան չի հաջողվում[2]։
Քաղաքը տեղակայված է կղզու արևմտյան ափին՝ լեռան ստորոտին։ Ըստ Քսենոփոնի հավաստման՝ Անդրոսը հնում երբևիցե չի ունեցել նավահանգիստ։ Ներկայումս հնագետներն ու հետազոտողները ժամանակակից Պալայոպոլի քաղաքի տարածքում հայտնաբերել են Անդրոս քաղաք-պետության ավերակները։ Հայտնի է, որ Անդրոսը հունական աշխարհում հայտնի է եղել իր գինեգործական արտադրությամբ, իսկ հին հույների խաղողագործության և հյուրասիրության աստված Դիոնիսոսը եղել է վերջիններիս հովանավորը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Mogens Herman Hansen & Thomas Heine Nielsen (2004)։ «The Aegean»։ An inventory of archaic and classical poleis։ New York: Oxford University Press։ էջեր 736-737։ ISBN 0-19-814099-1
- ↑ Richard Talbert, ed. (2000). Barrington Atlas of the Greek and Roman World. Princeton University Press. p. 60, and directory notes accompanying.