Անդրիս Պրետորիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրիս Պրետորիուս
 
Մասնագիտություն՝ ճանապարհորդ հետազոտող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 27, 1798(1798-11-27)[1][2][3]
Ծննդավայր Խրաաֆ-Ռեյնետ, Սառա Բաարտման, Արևելյան Կապ, ՀԱՀ
Վախճանի օր հուլիսի 23, 1853(1853-07-23)[1][2][3] (54 տարեկան)
Վախճանի վայր Մագալիսբուրգ, ՀԱՀ
Քաղաքացիություն  Կապի գաղութ,  Նատալի Հանրապետություն և  Հարավաֆրիկյան Հանրապետություն (Տրանսվաալ)
Զավակներ Մարտինուս Պրետորիուս

Անդրիս Վիլհելմուս Յակոբուս Պրետորիուս (աֆրիկաանս՝ Andries Wilhelmus Jacobus Pretorius, նոյեմբերի 27, 1798(1798-11-27)[1][2][3], Խրաաֆ-Ռեյնետ, Սառա Բաարտման, Արևելյան Կապ, ՀԱՀ - հուլիսի 23, 1853(1853-07-23)[1][2][3], Մագալիսբուրգ, ՀԱՀ), տրեկբուրերի առաջնորդ, ով ստեղծել է Նատալի Հանրապետությունը, հետագայում՝ Տրանսվաալի Հանրապետությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրիս Պրետորիուսը ծնվել է Կապի գաղութի Գրաֆֆ-Ռեյնետ քաղաքում[4], Մարտինուս Վեսսել Պրետորիուսի և Սուսաննա Ելիզավետա Ֆիլյունի (Viljoen) ընտանիքում։ Անդրիսից բացի նրանք ունեցել են զավակներ` Յոխաննես Լոդևիկը (Johannes Lodewyk), Հերկուլեսը (Hercules), Հեննինգ Պետրուս Նիկոլաասը (Henning Petrus Nicolaas) և դուստրը Սուսաննան (Susanna): Մարտինուս Վեսսել Պրետորիուսը Յոխաննես Պրետորիուսի (Johannes Pretorius) ժառանգորդն էր[5], որ վերաբնակեցվել էր Կապի մարզ Նիդերլանդներից 1666 թվականին։ Յոխաննես Պրետորիուսը Վեսսել Սխուլտեի որդին էր, որը ուսանող-ասվածաբան եղած ժամանակ թարգմանեց իր ազգանունը լատիներեն և դարձավ Պրետորիուս։

Անդրիս Պրետորիուսի հուշարձանը 1949 թ. Պրետորիայում Մեծ Տրեկի հիշատակին կառուցված հուշահամալիրի մոտ

1818 թվականի նոյեմբերի 8-ին Անդրիս Պրետորիուսն ամուսնացավ Քրիստինե Պետրոնելլիի դե Վիտտի հետ։ Հատկանշական է, որ Անդրիս Պրետորիուսը բավականին կրթված անձնավորություն էր, չնայած այն հանգամանքին, որ նա ստացել էր միայն տնային կրթություն։ Դժգոհ լինելով բրիտանական իշխանությունների քաղաքականությունից՝ Պրետորիուսը մասնակցեց Մեծ տրեկին, մյուս բուրերի հետ ուղևորվելով բրիտանացիների կողմից գրավված հոլանդական տիրույթների սահմաններից դուրս։ Այդ բուրական վերաբնակիչները կոչվում էին «տրեկկերներ», «ֆուր տրեկկերներ » կամ «տրեկբուրեր»։ Հեռանալով անգլիացիներից, ֆուրտրեկերները ընդհարվեցին մեկ այլ թշնամական ուժի զուլուսների հետ։ Բուրական «կոմմանդո» (Vlug Kommando) թռչող ջոկատները հաճախ նրանց ծուղակն էին ընկնում և պարտվում։ Այդպես Դինգանի (Դինգաան, Դինգանե) կողմից ստորաբար սպանվում է նրա մոտ բանակցությունների եկած բուրական գեներալ Պիտեր Ռետիֆը։

1838 թվականի նոյեմբերի 26-ին Անդրիս Պրետորիուսը նշանակվում է գերագույն գլխավոր հրամանատար։ Ստանձնելով պաշտոնը, նա անմիջապես ձեռնամուխ է լինում զորակոչի կազմակերպմանը, որով կարողանում է պատերազմի ու վրեժխնդրության բոցերն ուղղել դեպի Զուլուլենդ։ 1838 թվականի դեկտեմբերի 6-ին Պրետորիուսը խորհրդակցություն անցկացրեց Դինգանի հակառակորդ զուլուսների հետ։ Դեկտեմբերի 9-ին դանդաղ և զգուշորեն, խուսափելով հնարավոր ծուղակներից 464 մարտիկներից բաղկացած ջոկատով, որը հետագայում կոչվեց Die Wenkommando (Հաղթական ջոկատներ), Պրետորիուսը Վասբանկ գետի ափով շարժվեց դեպի զուլուսների մայրաքաղաքի կողմը։ Նա կիրառում էր հատուկ պաշտպանական մարտավարություն, որի արդյունքում ամեն անգամ կանգառների ժամանակ ճամբար (laager) էր հիմնում շրջանաձև դասավորված ֆուրգոններից։ Պրետորիուսի ջոկատն անցնելով Բաֆֆալո (Բյուֆֆելես) գետը, 1838 թվականի դեկտեմբերի 15-ին շաբաթ օրը կանգ էր առել նրա վտակի Նիկոմեի (Նկոմե) մոտակայքում, Ում-Գունգունդլովից 50 կմ հեռավորության վրա։ Պրետորիուսը հանգամանորեն ընտրում էր ճամբարի տեղակայման վայրը, այնպես, որ մի կողմից լիներ Նիկոմե գետի խորքային հոսքը, իսկ մյուս կողմից կիրճը։ Գետի երկայնքով, կիրճի և բաց տարածքի հատվածում տեղակայվել էին 57 ֆուրգոններ, դրանք իրար հետ կապված էին գերաններով և ունեին յուրահատուկ կլորացված եռանկյունու կամ D տառի տեսք։ Այդպիսով ձևավորեց Դի Վենկոմենդոի պաշտպանությունը, որտեղ բացի հրացանակիրներից, տեղադրված էին երկու փոքր թնդանոթներ, այն մասում որտեղ ֆուրգոնները իրար հետ կապված չէին։ Ճակատամարտից առաջ աստվածապաշտ բուրերը երդվեցին միշտ պահպանել շաբաթը և կառուցել եկեղեցի, եթե Աստված նրանց հաղթանակ պարգևի։ Ահա երդման տեքստը`

Աստված, եթե պաշտպանես մեզ և թշնամուն տաս մեր ձեռքը մենք կկառուցենք տուն Քո պատվին և մեր հաղթանակը կգովերգվի մեր սերունդների կողմից և այդ օրը կփառավորվի Քո պատվին։

Ընդհանուր առմամբ, բուրերը հենց արշավանքի սկզբում էին աղոթում և սաղմոսներ երգում։ Հետախուզությունը լավագույն ձևով կազմակերպած Պրետորիուսը թշնամու մոտենալու մասին իմանում էր նախապես։ Զուլուսները մոտեցան Ինկոմ գետի մյուս ափից։ Ականատեսներից մեկը նրանց մոտեցումը նկարագրել է որպես «15 հազար մարդուց բաղկացած սպառնալից մութ ամպ»։ Դրանք Դինգանի էլիտային ստորաբաժանումներն էին, որոնց հրամանատարը գեներալ Նդլելան էր, ով գայթակղությամբ նախկինում ֆուրտրեկերներին ծուղակն էր գցել Իտալենիում և Վեգլավերում նույն տարվա ապրիլին և օգոստոսին։ Նդլելայի համար ավելի նպատակահարմար էր բուրերի վրա հարձակվել դեպի մայրաքաղաք շարժման ժամանակ նեղ ժայռոտ կիրճի հատվածում, բայց Պրետորիուսը ստիպեց նրան հետ կանգնել այդ արդեն փորձված մարտավարությունից։ Այդ շաբաթ օրը տեղի ունեցան աննշան փոխհրաձգություններ ֆուրտրեկերների պարեկային ստորաբաժանումների և զուլուսների առաջապահ ջոկատների միջև։

Երեկոյան խիտ մառախուղ իջավ, զուլուսները չհարձակվեցին ճամբարի շուրջը կախված լապտերների սնոտիապաշտական նախապաշարմունքների հետ կապված։ Դեկտեմբերի 15-ից 16-ի գիշերը 6000 զուլուսներ Դամբուզի (Նզոբո) հրամանատարությամբ անցան գետը։ Զուլուսների հարձակումը սկսվեց լուսաբացից առաջ։ Այդ պահին խիտ մառախուղն աստիճանաբար սկսեց իջնել և ծածկել գետինը։ 464 բուրերի դեմ դուրս եկան տարբեր տվյալներով 12.5-ից մինչև 20 հազար զուլուսներ, որոնք զինված էին վահաններով և նիզակներով։ Այսպիսով մեկ բուրին ընկնում էր 30-ից մինչև 45 զուլուս։ Կոմմանդո մարտիկներին օգնում էին 200 ծառաներ, հիմնականում հոտտենտոտներից։ Նրանցից ոմանք հետևում էին ձիերին, մյուսները վերալիցքավորում էին հրացանները։ Գործը այնպես էր դրված, որ հրացանակիրները հասցնում էին լիցքավորել հինգ վայրկյանը մեկ։ Խոցման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուրերը օգտագործում էին խոշոր կոտորակ։

Ճամբարի առաջին գրոհը հաջողությամբ ետ մղվեց։ Երկրորդ գրոհի ժամանակ զուլուսները մոտեցան ֆուրգոններին, բայց նորից ետ շպրտվեցին 500 յարդ։ Զուլուսները հարձակվեցին մի քանի կողմից, և բաց տարածության կողմից, և կիրճի կողմից, և Ինկոմ գետի կողմից, որը համեմատաբար անվտանգ կարելի էր անցնել երկու տեղից, բայց ոչ ճամբարի դիմացից։ Զուլուսները գնացին գետի խորքային հոսքի կողմից և նրանցից շատերը ուղղակի խեղդվեցին ։ Բուրերի համար մեծ խնդիր էին ստեղծել ճամբարի ներսում գտնվող կենդանիները, որոնք ճակատամարտի աղմուկի վախից կարող էին կատաղել։

Զուլուսների վերջին երրորդ գրոհը տևեց համարյա մեկ ժամ։ Զուլուսների կատաղի գրոհը բախվեց բուրերի ավելի կատաղի դիմադրությանը։ Նդլելան բավականին ուշացումով մարտի հանեց ռեզերվային ստորաբաժանումը թույլ տալով ևս մեկ սխալ։ Այդ քայլն էլ զուլուսներին չփրկեց պարտությունից։ Մինչ այդ կոմանդոյի զինամթերքի պաշարների զգալի մասը սպառվել էր, իսկ Դինգանի մարտիկների գրոհի բարձրակետն էլ արդեն անցել էր։ Նրանց ուժերը աստիճանաբար սպառվում էին։ Երբ զուլուսների ճնշումը զգալիորեն թուլացավ, Պրետորիուսը, որի տրամադրության տակ մնացող զինամթերքի պաշարները զգալիորեն նվազել էին, ֆուրգոնների միջև ընկած բացվածքներից մեկով մարտի դուրս բերեց հեծելազորին և թշնամին փախուստի դիմեց։ Դինգանի էլիտային ստորաբաժանումները, ներառյալ զուլուսական «հատուկ նշանակության ջոկատները» (Սպիտակ և Սև վահանի ջոկատներ), ջախջախվեցին։

Բուրերը հետապնդում էին թշնամուն (Ինկոմ գետն անցած գնդի մնացորդներին) մի քանի ժամ, այդ հետապնդման ընթացքում նիզակով ձախ ձեռքից վիրավորվեց Անդրիս Պրետորիուսը։ Այդ կատաղի մարտերի ընթացքում բուրերը ոչ մի զոհ չտվեցին, միայն երեք վիրավոր ունեցան, այն դեպքում երբ զուլուսների կորուստները կազմեցին 3000 մարդուց ոչ պակաս։ Ինկոմի ջրերը լցված էին դիակներով, դրանց արյունից ջուրը վառ գույն էր ստացել, որից հետո էլ գետը ստացավ իր երկրորդ անվանումը Արյունոտ գետ։

Ամեղ զոհերի, Պիտ Ռետիֆի և նրա կողմնակիցների (ինչպես նաև բազմաթիվ բուր կանանց և երեխաների) համար, լիովին վրեժխնդիր եղան։ Չորս օր հետո հաղթանակած ջոկատները մտան զուլուսների մայրաքաղաք, բայց այն այրված և լքված էր։ Մոտակայքում հայտնաբերվեց Պիտ Ռետիֆի և նրա մարդկանց մնացորդները, ինչպես նաև նրա պայմանագիրը Դինգանի հետ։

1840 թվականին Պրետորիուսը օգնեց Մպանդեին հաղթել Դինգաանին և դառնալ զուլուսների գերագույն ղեկավարը (ինկոսի)։ 1841 թվականին ֆուրտրեկերները ճակատամարտից առաջ Ինկոմի մոտ տրված երդման կատարման նպատակով Պիտերմարիցբուրգում կառուցեցին Ուխտի եկեղեցին (Die Geloftekerk):

Պրետորիուսը ղեկավարեց նաև Նատալի բուրերի պայքարը անգլիացիների դեմ, որոնք 1838 թվականից ներկայացրել էին իրենց իրավունքներն այդ տարածքների նկատմամբ։ 1842 թվականին նրա ղեկավարությամբ բուրերը նույնիսկ պաշարեցին անգլիական կայազորը Դուրբանում, բայց ստիպված էին նահանջել համալրման ժամանումից հետո։ 1842 թվականի հուլիսի 15-ին բրիտանական իշխանությունները ներում շնորհեցին Պրետորիուսին և նա 5 տարի բնակվեց Նատալում, որպես բրիտանական հպատակ։ 1847 թվականին Նատալի բուրական ֆերմերները նրան ընտրեցին իրենց լիազոր ներկայացուցիչ։ Նա փորձեց միջնորդել Կապի գաղութի նահանգապետ Պոտտինգերին իր հայրենակիցների համար, որոնք ճնշվում էին նոր գաղութարարների կողմից։ Սակայն Հենրի Պոտտինգերը հրաժարվեց նույնիսկ ընդունել Պրետորիուսին։ Պրետորիուսը վերադարձավ Նատալ հակաբրիտանական շարժումը գլխավորելու մտադրությամբ։

1847 թվականի դեկտեմբերի 1-ին Հարավային Աֆրիկայի նահանգապետ և գերագույն հանձնակատար դարձավ գեներալ Հարրի Սմիթը։ Նա խոստացավ, որ բուրական ֆերմերները կստանան անհրաժեշտ իրավական պաշտպանություն։ Այցելելով Օրանժ գետի հյուսիսային հողատարածքներ` Սմիթը 1848 թվականի փետրվարի 3-ին Օրանժ և Վաալ գետերի միջև ընկած երկրամասը հայտարարեց բրիտանական տարածք։ Պրետորիուսը մեկնեց Մագալիսբուրգ, 1848 թվականի հուլիսին սկսեց ազատագրական պատերազմ և արդեն հուլիսի 20 –ին բրիտանացիներին դուրս մղեց Բլումֆոնտեյնից։ Սակայն, արդեն օգոստոսին Սմիթը ջախջախեց Պրետորիուսի բանակին Բոոմպլաթի ճակատամարտում։ Պրետորիուսը նահանջեց Վաալից և դարձավ Պոչեֆստրում ու Ռյուստենբուրգ քաղաքների պարետ։

1852 թվականի հունվարին Պրետորիուսը բրիտանական իշխանությունների հետ ստորագրեց Սանդրիվերյան կոնվենցիան, որով Մեծ Բրիտանիան ճանաչեց բուրերի կողմից գրավված հյուսիսային տարածքների (Տրանսվաալ) անկախությունը։ 1853 թվականի հուլիսի 23- ին բուրական հերոսը մահացավ Գրոոտպլաատս (Grootplaats) քաղաքում։ 1856 թվականին Պրետորիուսի կողմից գրավված տարածքները մտան նորաստեղծ Հարավաֆրիկյան Հանրապետության կազմի մեջ։

Նրա պատվին կոչվեց որդու` Մարտինուսի կողմից հիմնադրված հարավաֆրիկյան Պրետորիա քաղաքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. «Die Kosbare Erflating van Andries Pretorius». Mieliestronk. Dugeot. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  5. Van Rensburg. «Pretorius Johannes». South Africa's Stamouers. Johan Hefer. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.