Անդրանիկ Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Ստեփանյան
Ծնվել է1914
ԾննդավայրՇվանիձոր, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Անդրանիկ Ասլանի Ստեփանյան (1914, Շվանիձոր, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Ստեփանյանը ծնվել է 1914 թվականին, Մեղրու շրջանի Շվանիձոր գյուղում։ Սովորել է Շվանիձորի դպրոցում, ապա՝ 1933 թվականին ավարտել է Մեղրու միջնակարգ դպրոցը, 1938 թվականից աշխատել հայրենի գյուղի դպրոցում, որպես քիմիայի և կենսաբանության ուսուցիչ[1]։

1938 թվականին կամավոր մեկնել է կարմիր բանակի շարքերը։ Կիևի ռազմական օկրուգի գնդի կրտսեր հրամանատարների դպրոցն ավարտելուց հետո նշանակվել է ջոկի հրամանատար։ Գունդը, որտեղ ծառայել է Անդրանիկ Ստեփանյանը, գտնվել է սահմանամերձ գոտում, երբ ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային միության վրա։ Անդրանիկ Ստեփանյանը պատերազմի առաջին օրերին պետական սահմանում մարտի մեջ է մտել թշնամու մեծաքանակ ուժերի դեմ, խիզախաբար դուրս եկել շրջապատումից և միացել «Զա Ռոդինու» պարտիզանական խմբին։ 1944 թվականին «Զա Ռոդինու» պարտիզանական ջոկատը միացել է հարձակվող կարմիր բանակին։ 1944 թվականի փետրվարից մինչև պատերազմի ավարտը, մասնակցել է մարտական գործողություններին, այդ թվում՝ Բեռլինի գրավմանը և Չեխոսլովակիայի մայրաքաղաք Պրահայի ազատագրմանը[1]։

Պարգևատրվել է «Փառքի 3-րդ աստիճանի», Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, մարտական մեդալներով։ Մի քանի անգամ արժանացել է Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրերին[1]։

Ստեփանյանը բանակից զորացրվել է 1945 թվականի դեկտեմբերին։ Աշխատանքի է անցել Մեղրու շրջանում։ Եղել է դպրոցի տնօրեն, ուսմասվար, ուսուցիչ։ 1954 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի քիմիա-կենսաբանական ֆակուլտետը։ 1974 թվականին անցնելով կենսաթոշակի, Ստեփանյանը շարունակել է ակտիվորեն մասնակցել հանրօգուտ աշխատանքներին[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • «Փառքի 3-րդ աստիճանի» շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]