Անդինիայի պլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատագոնիայի քարտեզը, որի տարածքում, ըստ «Անդինիայի պլան» դավադրության տեսության, պետք է ստեղծվի հրեական պետություն:

Անդինիայի պլան (իսպ.՝ Plan Andinia), հակասեմական դավադրության տեսություն, որը հրեաներին վերագրում է Արգենտինայի և Չիլիի տարածքում Անդինիայի անկախ հրեական պետություն ստեղծելու ծրագիր։ Հրեական դավադրության «Անդինիա» տեսությունը լայնորեն օգտագործվել է զինվորականների կողմից արգենտինական խունտայի ժամանակ 1976-1982 թվականներին[1] և այսօր տարածված է Արգենտինայի և Չիլիի աջ ուժերի շրջանում[2]։ Ըստ այս տեսության, գոյություն ունի հրեական դավադրություն՝ Պատագոնիան Արգենտինայից և Չիլիից առանձնացնելու և նրա տարածքում անկախ հրեական պետություն ստեղծելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականից Արգենտինայի կառավարությունն իրականացնում էր ազատական ներգաղթի քաղաքականություն։ 19-րդ դարի վերջին ֆրանսիացի բարոն Մորիս դե Գիրշը արտահայտել է հրեաների երկու երրորդի՝ ռուսական կայսրությունից վերաբնակեցման գաղափարը։ Արգենտինան դարձավ այն վայրերից մեկը, որտեղ նախատեսվում էր վերաբնակեցնել հրեաներին։ 1891 թվականին Մորիս դե Գիրշը ստեղծում է Հրեական գաղութացման ընկերություն, որը զբաղվում էր հրեաներին Արգենտինա տեղափոխելով և այնտեղ հրեական գյուղատնտեսական բնակավայրեր ստեղծելով։ Արգենտինայում 19-րդ դարի վերջին նույնիսկ ստեղծվում է հրեաների խումբ՝ գաուչո։

«Անդինիայի պլան» դավադրության տեսությունը ձևավորվել է համեմատաբար վերջերս և հիմնված է սիոնիստ Թեոդոր Հերցլի խոսքերի վրա իր «Der Judenstaat» գրքից, որտեղ նա առաջարկում է ստեղծել անկախ հրեական պետություն։ Այդ նպատակով Հերցլը առաջարկում է հող գնել Պաղեստինում կամ Արգենտինայում։ Անկախ հրեական պետություն ստեղծելու գաղափարը արտահայտել է նաև Լեոն Պինսկերը։ 1882 թվականին Պինկսերը գերմաներենով հրատարակում է «Autoemancipation» բրոշյուր-հայտարարությունը, որտեղ նա կոչ էր անում ստեղծել հրեական պետություն։ Իր կյանքի վերջում Պինկսերը աջակցել է բարոն Մորիս դե Գիրշի գործունեությանը՝ դրանում տեսնելով հրեական պետություն ստեղծելու միակ տարբերակը։

1904 թվականին կայացած սիոնիստական վեցերորդ միջազգային կոնգրեսը մերժում է Պատագոնիայում հրեական պետություն ստեղծելու ծրագիրը որպես անիրագործելի ծրագիր և որոշում է կայացնում դիտարկել Ուգանդայի ծրագրի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի առաջարկը։ Թեոդոր Հերցլը աջակցում է Ուգանդայի ծրագրին։ Մասնակիցների մեծ մասը դեմ էր անգլիական այս առաջարկին։ Որոշ պատմաբաններ պնդում են, որ Թեոդոր Հերցլը դիտարկել է արգենտինական տարբերակը, եթե Պաղեստինում հրեական պետություն ստեղծելու ծրագիրը չհաջողվի[3]։

«Անդինիայի պլան» տերմինն իր ավարտուն ձևավորումը ձեռք է բերել 1971 թվականին Բուենոս Այրեսի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Վալտեր Բևերաջի Ալյենդեի կողմից, ով ծայրահեղ աջ գաղափարների կողմնակից էր։ 1975 թվականին Վալտեր Բևերաջի Ալյենդեն հրատարակել է «La inflación argentina» գիրքը, որի շապիկին պատկերել Է Արգենտինայի քարտեզը Դավթի աստղի ֆոնի վրա։ Վալտերը իր գրքում գրել է, որ Անդինիայի ծրագիրը ծագել է 1897 թվականին Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացած Սիոնիստական միջազգային կոնգրեսի ժամանակ։

«Անդինիայի պլան» դավադրության տեսությունը գոյություն է ունեցել արգենտինական խունտայի ժամանակ ծայրահեղ աջ հայացքներ ունեցող արգենտինացի զինվորականների շրջանում։ Օրինակ է ծառայում ձերբակալված արգենտինացի լրագրող Հակոբո Թիմերմանի հարցաքննությունը, որին հարցաքննության ժամանակ տանջել են, որպեսզի նրանից պարզեն Պատագոնիայում Անդինիա ստեղծելու Իսրայելի ծրագրերը[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Why Argentina? Police involvement in Argentinean anti-semitism». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. «Antisemitism in Argentina from the military junta to the democratic era». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. Sigifredo Krebs, Issac Arcavi; Páginas escogidas; Ed. Israel; Sarmiento 2198, Buenos Aires, 1949, стр. 50 — 51
  4. «Legajo N° 4635». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 8-ին.

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Caro, Issac. Extremismos de derecha y movimientos neonazis. Lom Ediciones. ISBN 9562828824.
  • Casals Meseguer, Xavier (2003). Ultrapatiotas: extrema derecha y nacionalismo de la guerra fría a la era de la globalización. Barcelona: Crítica. pp. 188/190. ISBN 8484324303.
  • Darnay, John. ¿fin de Argentina?: ¿o una nueva República?. Editorial Brujas. ISBN 9871142153.
  • Feierstein, Ricardo. Historia de los judíos argentinos. Editorial Galerna. ISBN 9505564864.