Անասնաբուծական ֆերմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անասնաբուծական ֆերմա

Անասնաբուծական ֆերմա, գյուղատնտեսական ձեռնարկության արտադրության ստորաբաժանում, նախատեսված է գյուղատնտեսական կենդանիների բուծման և անասնաբուծական մթերքների արտադրության համար, անասնաբուծության մեջ արտադրության կազմակերպման ձև է։

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական ձեռնարկություններում, ըստ մասնագիտացման, լինում են տարբեր բաժիններ՝ տավարաբուծության և խոզաբուծության բաժիններ։ Ըստ նշանակության անասնաբուծական ֆերմաները լինում են՝ տոհմաբուծական և ապրանքային։

Տոհմաբուծական ֆերմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոհմաբուծական ֆերմաների նպատակը կենդանինների վերարտադրությունն է, դրանք կազմակերպվում են տոհմաբուծարաններում և ոչ տոհմական տնտեսություններում, կենդանիների տարբեր խմբերի հետ տարվում են տոհմային աշխատանքներ։

Ապրանքային ֆերմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրանքային անասնաբուծական ֆերմաները նախատեսված են անասնաբուծական տարբեր մթերքների՝ կաթի, բրդի, մսի և այլ ապրանքների արտադրության համար։

Ժամանակակից անասնաբուծական ֆերմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից անասնաբուծական ֆերմաների ներքին կառուցվածքը կախված է կենդանիների տեսակի և պահվածքի առանձնահատկություններից, ինժեներատեխնիկական կառույցներից, ճանապարհներից ու հաղորդակցության հնարավորություններից։ Կենդանիներին խնամելու շինություններն ապահովված են աշխատանքային գործընթացների մեքենայացման համալիր միջոցներով։ Տրանսպորտային և որոշ այլ աշխատանքների համար ունենում են տրակտորների և գյուղատնտեսական այլ մեքենաների անհրաժեշտ քանակություն։ Կենդանիների խնամքն իրականացնում է տարբեր մասնագետներից կազմված, մշտական աշխատողների կայուն խումբը։ Անասնաբուծական ֆերման պետք է կառուցված լինի բնակելի և կենցաղային, մշակութային շենքերից ավելի ցածր տեղանքում, իսկ գոմաղբահորերից, անասնաբուժական շինություններից ու մաքրման կոյուղագծերից՝ բարձր, գերակշռող քամիների ուղղությունը՝ բնակելի և ծառայական շենքերից դեպի ֆերման և վերջինից՝ դեպի գոմաղբահորերն ու անասնաբուժական շինությունները։ Ֆերմայի չափերը որոշվում են կենդանիների գլխաքանակով և արտադրվող մթերքի ծավալներով։ Ներկայում կառուցվում են արդյունաբերական տիպի, մեքենայացման բարձր մակարդակով, արտադրության ժամանակակից տեխնոլոգիայով անասնաբուծական ֆերմաներ, որոնք աշխատանքի և արտադրության կազմակերպման մակարդակով նման են արյունաբերական ձեռնարկությունների։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչնաբուծություն

Խոզաբուծություն

Ոչխարաբուծություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։