Աղջիկը գնացքում (վեպ)
Աղջիկը գնացքում անգլ.՝ p | |
---|---|
Հեղինակ | Փոլա Հոուքինս |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հոգեբանական թրիլեր և թրիլեր |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Rachel Watson?, Tom Watson?, Anna Watson?, Megan Hipwell?, Scott Hipwell?, Kamal Abdic?, Ben?, Craig McKenzie? և Elizabeth? |
Նկարագրում է | Լոնդոն |
Հրատարակումներ կամ թարգմանություններ | Աղջիկը գնացքում (վեպ) |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակման տարեթիվ | հունվարի 13, 2015 |
«Աղջիկը գնացքում» (անգլ.՝ The Girl on the Train), բրիտանացի գրող Պոլա Հոկինսի 2015 թվականի վեպը, գրված հոգեբանական թրիլլեր ժանրում[1]։ Վեպը հայերեն է հրատարակվել 2020 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմությունը ներկայացվում է 3 կանանց՝ Ռեյչելի, Աննայի և Մեգանի կողմից[2]։ 32-ամյա Ռեյչել Ուոթսոնը խնդիրներ ունի՝ կապված ալկոհոլ օգտագործելու հետ։ Ամեն օր նա գնացքով մեկնում է Լոնդոն՝ կարծես թե աշխատանքի, բայց իրականում նա ուղղակի տպավորություն է ստեղծում։
Գնացքով գնալիս Ռեյչելն ամեն անգամ պատուհանից դիտում է մի ամուսնական զույգի, որին նա իր համար անվանում է Ջեսս և Ջեյսոն։ Նրանք ապրում են իր նախկին տնից ոչ հեռու, որտեղ ինքն ապրում էր ամուսնու՝ Թոմի հետ, և որն այժմ ապրում է այնտեղ իր նոր կնոջ՝ Աննայի և երեխայի հետ։ Ռեյչելը շատ ծանր է տանում ամուսնալուծությունը, որը, ինչպես ինքն է կարծում, հենց ինքն էլ հրահրել է։ Հղիանալ չկարողանալու պատճառով Ռեյչելը սկսել էր ալկոհոլ օգտագործել, ինչի արդյունքում վատացել էին հարաբերությունները ամուսնու և շրջապատողների հետ՝ աստիճանաբար հանգեցնելով ամուսնալուծության։ Ապահարզանից հետո Ռեյչելը սկսել էր ավելի շատ խմել, և հարբած զանգահարել ամուսնուն, նամակներ գրել նրան՝ դրանով տհաճություն պատճառելով Թոմին և նրա նոր կնոջը։
Հերթական առավոտյան գնացքով գնալիս Ռեյչելը, որը Ջեսսին և Ջեյսոնին համարում էր կատարյալ զույգ, հիասթափված տեսնում է, թե ինչպես է Ջեսսը համբուրվում ուրիշ տղամարդու հետ։ Հաջորդ օրը լուրերով իմանում է, որ Ջեսսն անհետացել է։ Պարզվում է, որ իրականում կորած աղջկա անունը Մեգան Հիփվել է, իսկ ամուսնունը` Սքոթ։
Հետահայաց տեսարաններով պատմվում է, որ Մեգանը երիտասարդ տարիքում շատ ծանր է տարել ավագ եղբոր վաղահաս մահը և ունեցել է հակում ազատ կյանքի նկատմամբ։ Նա գաղտնի հանդիպել է մի տղամարդու հետ, ում անունը չի բացահատվում։ Չցանկանալով վարել տնային տնտեսուհու կյանք՝ Մեգանն աշխատանքի է անցնում Թոմի և Աննայի մոտ՝ որպես երեխայի դայակ։ Հոգեբանական խնդիրների պատճառով Մեգանն ամուսնու խորհրդով այցելում էր հոգեվերլուծաբանի մոտ, ում հետ նույնպես որոշ ժամանակ անց գաղտնի սիրավեպ է ունենում։
Մեգանի անհետացման հաջորդ օրը Ռեյչելի մոտ ոստիկաններ են գալիս։ Պարզվում է, որ անհետացման գիշերը նրան տեսել են Մեգանի տան շրջակայքում։ Այդ մասին ոստիկանությանը տեղեկացրել էր Աննան՝ հայտնելով նաև Ռեյչելի հետ ունեցած հաճախակի տհաճությունների մասին։ Ոստիկանները ենթադրում են, որ Ռեյչելը հարբած վիճակում կարող էր հեշտությամբ շփոթել Մեգանին և Աննային, քանի որ արտաքինից նրանք նման են միմյանց։ Ռեյչելը չի հիշում, թե կոնկրետ ինչ է կատարվել այդ երեկո, բայց զգում է, որ տեղի է ունեցել ինչ-որ վատ բան։ Այդ երեկո նա տուն էր վերադարձել գլխի վնասվածքով, բայց չէր հիշում, թե ինչպես է հարված ստացել։ Ռեյչելը տեղեկացնում է ոստիկանությանը, որ գնացքի պատուհանից տեսել է, թե ինչպես է անհետացման նախօրեին Մեգանը համբուրվել ուրիշ տղամարդու հետ։ Նկարի միջոցով նա ճանաչում է հոգեվերլուծաբան Կամալին։
Փորձելով հիշել, թե ինչ է տեղի ունեցել այդ երեկո՝ նա նամակ է գրում Մեգանի ամուսնուն, և վերջինս համաձայնվում է հանդիպել իր տանը։ Ռեյչելը պատմում է նրան կնոջ սիրեկանի մասին՝ ստելով, որ Մեգանի հետ իրենք եղել են մոտ ընկերուհիներ։ Որոշ ժամանակ անց Կամալին ձերբակալում են և խուզարկում բնակարանը, բայց շուտով բաց են թողնում փաստերի սակավության և խմիչքի նկատմամբ հակում ունեցող Ռեյչելի ցուցմունքի պատճառով։
Ռեյչելը մի քանի անգամ գնում է Կամալի մոտ՝ փորձելով հասկանալ, թե արդյոք նա է սպանել Մեգանին, և միաժամանակ հասկանալ սեփական ապրումները և հիշողությունները։ Միաժամանակ նա հանդիպում է Սքոթի հետ վերջինիս նախաձեռնությամբ։ Մեգանի անհետացումից գրեթե 3 շաբաթ անց ուժեղ անձրևից հետո մոտակա անտառում հայտնաբերում են նրա դին։ Հարբած վիճակում Սքոթը կանչում է Ռեյչելին, նրանք գիշերը անց են կացնում միասին, ինչի համար հաջորդ օրը երկուսն էլ զղջում են։
Պարզվում է, որ Մեգանը հղի էր, սակայն ԴՆԹ-ի անալիզի արդյունքում հաստատվում է, որ ո՛չ Սքոթը, ո՛չ էլ Կամելը չծնված երեխայի հայրը չեն։ Հերթական հետահայաց տեսարանում Մեգանը Կամալին պատմում է, թե ինչպես է երիտասարդ տարիքում ողբերգություն ապրել Մակ անունով տղայի հետ ապրելու ընթացքում։ Տնային պայմաններում ունենալով երեխային՝ Մեգանը մի շարք խնդիրների արդյունքում մի օր լոգարանում պատահաբար խեղդել է երեխային։ Երեխայի մահը խորը հոգեբանական հետք է թողել նրա վրա։
Սքոթը դառնում է գլխավոր կասկածյալը։ Ոստիկանությունում նա իմանում է, որ Ռեյչելը Մեգանի ընկերուհին չի եղել։ Նա կանչում է Ռեյչելին իր մոտ և ամբողջ բարկությունը թափում նրա վրա՝ փորձելով հասկանալ, թե նրան ինչ է պետք։ Ռեյչելը շոկի մեջ գալիս է տուն և գիշերվա կեսին ամեն ինչ հիշում։ Սպանության գիշերը ամեն ինչ չի եղել այնպես, ինչպես իրեն պատմել էր Թոմը։ Նա հասկանում է, որ իրենց միացյալ կյանքի ընթացքում ևս Թոմը բազմիցս իրեն կեղծ հիշողություններ է ներշնչել՝ նրա մեջ առաջացնելով խղճի խայթ և անինքնավստահություն։ Իրականում այդ երեկո հենց Թոմն էր նրան վնասվածք հասցրել։ Ռեյչելը նրան նյարդայնացրել էր, երբ հերթական անգամ հարբած վիճակում շրջել էր նրանց տան մոտ և վախեցրել Աննային։ Ռեյչելին թողնելով կամուրջի տակ պառկած՝ նա զայրացած գնացել էր մեքենայի մոտ, և այդ պահին նրան էր մոտեցել Մեգանը և նստել մեքենան։ Ռեյչելը ենթադրում է, որ Թոմն է սպանել Մեգանին։
Հերթական հետահայաց տեսարանում Մեգանը անհետանալու նախօրյակին որոշում է պատմել Սքոթին ճշմարտությունը։ Հուսալով, որ Սքոթն իրեն կհասկանա՝ պատմում է իր ավարտված սիրային հարաբերության մասին։ Սքոթը ընդհատելով նրան և մինչև վերջ չլսելով հղիության մասին՝ նրան անբարոյական է անվանում և փորձում խեղդել։ Մեգանը որոշում է հեռանալ տնից և Թոմին թողնում է սպառնալի հաղորդագրություններ, որ ամեն ինչի մասին կպատմի Աննային։ Նա դուրս է գալիս փողոց և տեսնում, որ Թոմը գնում է մեքենայի մոտ։ Իմանալով Մեգանի հղիության մասին՝ Թոմը պնդում է ազատվել երեխայից։ Զայրույթի պահին Թոմը սպանում է Մեգանին և թաղում անտառում։
Ռեյչելը գալիս է Աննայի մոտ և պատմում իր հիշողությունների մասին՝ առաջարկելով մինչև Թոմի վերադարձը շուտ հեռանալ։ Աննան հասկանում է, որ զանգերը, որոնք Թոմը վերագրում էր Ռեյչելին, իրականում հիմնականում Մեգանից էին, բայց չի կարողանում հավատալ կատարվածին։ Հայտնվում է Թոմը։ Պարզաբանման ժամանակ նա խոստովանում է իր կատարած արարքները՝ դրանցում մեղադրելով ուրիշներին։ Հասկանալով, որ իրեն վտանգ է սպառնում՝ Ռեյչելը փորձում է փախչել։ Թոմը նրան կանգնեցնում է, և իրեն պաշտպանելու նպատակով Ռեյչելը խցանահանը խրում է Թոմի վզի մեջ, որը պտտում է Աննան։ Վերջինս մահանում է։ Հետագայում Ռեյչելը և Աննան պատմում են ոստիկանությանը, որ Ռեյչելն է սպանել Թոմին ինքնապաշտպանության ժամանակ։
Ռեյչելը հեռանում է քաղաքից, ձգտում լուծել հոգեբանական խնդիրները և ազատվել ալկոհոլի օգտագործումից։
Առևտրային հաջողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ վեպը հայտնվել է «The New York Times» (համակցված վարկանիշ՝ հաստ կազմ և էլեկտրոնային հրատարակություն) ամսագրի գեղարվեստական բեսթսելլերների ցանկի առաջին հորիզոնականում 2015 թվականի փետրվարի 1-ին[3] և մնացել վերին սանդղակում 13 շաբաթ շարունակ՝ մինչև ապրիլի 26-ը[4]։ Շատ գրախոսականներում գիրքը դիտարկվել է որպես նոր «Անհետացածը»՝ 2012 թվականի հայտնի վեպը[5][6]։
2015 թվականի մարտի սկզբին վաճառվել է վեպի ավելի քան 1 միլիոն օրինակ[2], իսկ ապրիլին՝ 1,5 միլիոն[7]։ 20 շաբաթվա ընթացքում վեպը գտնվել է բրիտանական՝ կոշտ կազմով գրքերի վարկանիշի վերին սանդղակում, ինչը նոր ռեկորդ էր[8]։
2015 և 2016 թվականներին վեպն ընդգրկվել է «Publishers Weekly»-ի բեսթսելլերների ցանկում[9][10]։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին վեպը էկրանավորվել է ռեժիսոր Թեյթ Թեյլորի կողմից։ Ռեյչելի դերում հանդես է եկել դերասանուհի Էմիլի Բլանտը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ (5 January 2015). Another Girl Gone in a Tale of Betrayal — ‘The Girl on the Train,’ by Paula Hawkins (book review), The New York Times
- ↑ 2,0 2,1 McClurg, Jocelyn (11 March 2015). 'Girl on the Train' sells 1 million copies, USA Today
- ↑ Best Sellers, The New York Times
- ↑ Best Sellers, The New York Times
- ↑ Review excerpts, paulahawkinsbooks.com, Retrieved 21 April 2015
- ↑ Lawless, Jill (22 March 2015). 'The Girl on the Train' is a runaway hit for Paula Hawkins Արխիվացված 2015-03-25 Wayback Machine, Redding Record Searchlight (Associated Press story)
- ↑ O’Connor William (20 April 2015). The Fastest-Selling Adult Novel in History: Paula Hawkins’ ‘The Girl On The Train’, The Daily Beast
- ↑ Alison Flood, The Girl on the Train breaks all-time book sales record, The Guardian, 8 July 2015.
- ↑ «The Bestselling Books of 2015». PublishersWeekly.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «The Bestselling Books of 2016». PublishersWeekly.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.