Ալուստոն (ամրոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Ալուստոն
FORTRESS ALUSTON 2.jpg
Տեսակ ամրոց
Երկիր Ղրիմ
Տեղագրություն Ռուսաստան / Ուկրաինա[1]
Առաջին հիշատակում 6-րդ դար
Ժառանգության կարգավիճակ State Register of Immovable Monuments of Ukraine
Կոորդինատներ: 44°40′20.000000099189″ հս․ լ. 34°24′43.000000098412″ ավ. ե. / 44.67222222224977202° հս․. լ. 34.41194444447177858° ավ. ե. / 44.67222222224977202; 34.41194444447177858

Ալուստոն ամրոց (ռուս.՝ Крепость Алустон), բյուզանդական (ավելի ուշ՝ ջենովական) ամրոց Ղրիմում, ճարտարապետական հուշարձան, որն այժմ գտնվում է Ալուշտա քաղաքի կենտրոնում։ Ամրոցի ավերակները դարձել են քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ Ռուսաստանի Դաշնությունում, որը վերահսկում է Ղրիմի վիճելի տարածքը, ամրոցը մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է, իսկ Ուկրաինայում՝ ազգային նշանակության մշակութային ժառանգության հուշարձան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալուստոն ամրոցը կառուցվել է 6-րդ դարում, Հուստինիանոս I-ի հրամանով։ Նրա մասին հիշատակում է Հուստինիանոսի ժամանակաշրջանի բյուզանդացի պատմաբան Պրոկոպիոս Կեսարացին «Կառուցումների մասին» հայտնի աշխատությունում։ Ինչպես վկայում է պատմաբանը, Ալուստոնում տեղակայված էր բյուզանդական կայսեր մոտ ծառայություն իրականացնող օստգոթ ֆեդերատների կայազորը։ Զինվորները վերահսկում էին ծովային նավերի ափամերձ նավարկությունը և հետևում էին շրջակայքի կարգուկանոնին։

Ալուստոնը գտնվում էր ծովից 200 մետր հեռավորության վրա, 44 մետր բարձրությամբ բլրի գագաթին։ Ալուստոն ամրոցի պատերի գիծը անկանոն քառանկյուն էր։ Միջնապատնեշների կցվանքների վրա կանգնեցվել էր երեք աշտարակ՝ քաղաքի կենտրոնում մինչ օրս պահպանված Աշագա-Կուլեն («Ստորին աշտարակ»), Օրտա-Կուլեն («Միջին աշտարակ») և ամբողջովին ավերված Չատալ-Կուլեն («Կոտոշավոր աշտարակ»)։

Թեև բյուզանդական ժամանակահատվածում ամրոցը զբաղեցնում էր ընդամենը 0,25 հա, այն համարվում է Հյուսիսային Սևծովյան տարածաշրջանի բյուզանդական ամենահզոր ամրացված կառույցներից մեկը։ Ալուստոնի պատերի հաստությունը հասնում էր 2-3 մետրի, իսկ բարձրությունը՝ 9,5 մետրի։ Քարերի շարվածքն ուշադիր դիտելիս նրանում կարելի է նկատել դատարկություններ։ Դրանցում եղել են փայտե գերաններ, որոնք կատարել են ոչ միայն կապող գործառույթ, այլև ծառայել են որպես յուրատեսակ մեղմիչ երկրաշարժերի ժամանակ։

7-րդ դարի վերջին բյուզանդացիները լքել են Ալուստոնը։ Բյուզանդիայի համար այդ ծանր տարիները, որոնք լի էին տնտեսական և քաղաքական դժբախտություններով (ժանտախտի համաճարակ, պարսիկների և արաբների հետ երկարատև պատերազմ), հանգեցրին կայսրության մարդկային պաշարների կորստի։ Բացի այդ, 7-րդ դարի կեսին Արևելյան Ղրիմի մի մասն ընկավ Խազարական խաքանության իշխանության ներքո։ Սկսվեց Ալուստոնի պատմության մեջ նոր՝ «խազարական» փուլը։ 10-րդ դարի երկրորդ կեսին ամրոցի տարածքը կրկնապատկվել է և կազմել 0,5 հա։ Ալուստոնի բնակչությունը քրիստոնյա էր, ինչի մասին վկայում է միջնաբերդի տարածքում 8-րդ դարում կառուցված քրիստոնեական եկեղեցու առկայությունը։

10-րդ դարում, Խազարական խաքանության անկումից հետո, Ալուստոնն ավերվել է, հավանաբար, պեչենեգների կողմից։ Սկսվել է անկումը։ Սակայն 12-րդ դարից, թերակղզում իրավիճակի կայունացումից հետո, Ալուստոնն ապրել է նոր ծաղկում։ Բնակավայրի ընդհանուր տարածքը մեծացել է մինչև 3 հա, երկհարկանի տները ստեղծել են քաղաքային թաղամասերի սերտ ցանց։

1381-1382 թվականներին ջենովացիները Ղրիմի խանից գնեցին ծովափի Սուդակից Բալակլավա ընկած հատվածը, այդ թվում՝ Ալուստոնը (Լուստան)։ Ամրոցի պատմության մեջ սկսվեց նոր փուլ։ Ալուշտան դարձավ «Գոտիա կապիտանություն» առևտրավան, բնակչությունն աճեց մինչև 1-1,5 հազար մարդ։ 15-րդ դարի երկրորդ կեսին Ալուստոնի շուրջ կառուցվեց պաշտպանության նոր գիծ հյուսիսային և արևելյան թևերում գտնվող 3 աշտարակներով։

1475 թվականի հունիսին Ղրիմի իտալական կալվածքները հարձակման ենթարկվեցին թուրքական նավատորմի կողմից։ Ալուստոնը ևս ենթարկվեց հարձակման։ Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքը ոչնչացել է հրդեհից, որից հետո Ալուստոն ամրոցն այլևս չի վերականգնվել։

19-րդ դարի վերջին ամրոցը վերակառուցվել է բարերար Ն. Դ. Ստախեևի կողմից, քանի որ ստորին աշտարակը փլուզման վտանգի տակ էր։

2015 թվականի հոկտեմբերից «Ալուստոն» հնագիտական համալիրը Ռուսաստանի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. ПРАВИТЕЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ. РАСПОРЯЖЕНИЕ от 17 октября 2015 г. № 2073-р

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алушта. Киев, 2002, с.77.
  • Когонашвили К. К., Махнеева О. А. Алустон и Фуна. Симферополь, 1971.
  • Мыц В. Л. Ранний этап строительства крепости Алустон // Алушта и Алуштинский регион с древнейших времен до наших дней. Киев, 2002.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]