Ալեքսանդր Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Աղաջանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Աղաջանյան
Ծնվել է1904
ԾննդավայրԹաղասեռ
ԿրթությունՍ. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա (1939)
Մասնագիտությունռազմական բժիշկ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Ալեքսանդր Մարգարի Աղաջանյան (1904, Թաղասեռ), ռազմական բժիշկ, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, գնդապետ։ ԽՄԿԿ անդամ՝ 1928 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղասեռի դպրոցն ավարտելուց հետո, 1922 թվականին մեկնել է Թիֆլիս աշխատելու։ 1923 թվականին ընդունվել է Երևանի հայկական զինվորական դպրոցը (հետևակի բաժին), որն ավարտելուց հետո՝ 1926 թվականին վաշտի հրամանատարի աստիճանով ուղարկվել է Ադրբեջանական դիվիզիայի 2-րդ գունդը։ Զինվորական ծառայությունը շարունակել է Ստեփանակերտում մինչև 1929 թվականը։ Այնուհետև գործուղվում է Թբիլիսի՝ ռազմաքաղաքական դասընթացներ սովորելու։ 1930-1934 թվականներին քաղաշխատող է եղել տարբեր զորամասերում։ Այնուհետև մեկնել է Լենինգրադ և ընդունվել է Ս. Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիա, որն ավարտել է 1939 թվականին և երկրորդ կարգի բժշկի կոչումով նշանակվել 38-րդ ավտոտրանսպորտային գնդի սանծառայության պետ։

1941 թվականին հաջողությամբ քննություններ է հանձնել և ընդունվել Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայի ասպիրանտուրան՝ քիթ-ականջ-կոկորդ (ԼՕՐ) մասնագիտությամբ։ Հայրենականի մեծ պատերազմի առաջին օրերից նշանակվում է Արևմտյան ռազմաճակատի 38-րդ ավտոտրանսպորտային գնդի սանծառայության պետ, 1942-1943 թվականներին՝ 33-րդ բանակի 110-րդ հրաձգային դիվիզիայի 1287 հրաձգային գնդի բուժսանծառայության պետ, 1943-1944 թվականներին՝ 87-րդ հրաձգային դիվիզիայի բուժսանգումարտակի հրամանատար, ապա՝ 33-րդ բանակի Սմոլենսկի հրաձգային դիվիզիայի սանծառայության պետ, 1944 թվականի ապրիլից մինչև 1946 թվականը՝ 5-րդ բանակի 65-րդ հրաձգային Վիլնյուս-Կաունասյան կորպուսի բուժսանծառայության պետ։ Ակտիվորեն մասնակցել է Բելոռուսիայի, Լիտվայի ազատագրման, Քյոնիգսբերգի գրավման համար մղված մարտերին։

Գերմանիայի դեմ տարած հաղթանակից հետո բանակի հետ ուղարկվել է Հեռավոր Արևելք՝ Առաջին հեռավորարևելյան ռազմաճակատ։ Այստեղ մասնակցել է Կվանտունյան բանակ դեմ ծավալված մարտերին, մասնակցել Մանջուրիայի ազատագրմանը։

1946 թվականին երկու տարով գործուղվել է Լենինգրադ՝ ռազմաբժշկական ակադեմիայում քիթ-ականջ-կոկորդ մասնագիտության մեջ որակավորվելու համար։ 1948 թվականին գործուղվել է Կրասնոդարի զինվորական հոսպիտալ, իսկ 1949 թվականի ապրիլին նշանակվել է Բաքվի օկրուգի հակաօդային պաշտպանության ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, ապա՝ պետ (1950): 1957 թվականին թողել է զինվորական ծառայությունը և աշխատանքի անցել Բաքվի 2-րդ պոլիկնիկայում որպես քիթ-ականջ-կոկորդ բաժանմունքի վարիչ։

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի երկու, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Հայրենական պատերազմի 2-րդ երկու աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով և մարտական ութ մեդալներով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, էջ 22-24։