Ազատության զանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատության զանգ

Ազատության զանգ (անգլ.՝ Liberty Bell), ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում գտնվող զանգ, որը համարվում է ԱՄՆ անկախության պատերազմի սիմվոլներից մեկը։ 1776 թվականի հուլիսի 8-ին զանգի ձայնը Ֆիլադելֆիայի քաղաքացիներին հրավիրել է քաղաքային հրապարակ, որտեղ երկրորդ մայրցամաքային կոնգրեսի անդամները կարդացել են ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը։ Իր ներկայիս անվանումը ստացել է 1837 թվականին, այն բանից հետո, երբ դարձել է աբոլիցիոնիստների շարժման խորհրդանիշը։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգը կշռում է մոտ 2080 ֆունտ (943 կգ)։ Այն ունի 3,7 մետր շրջագիծ և 1 մետր բարձրություն[1]։ Պատրաստված է պղնձից (70 %), կապարից, ցինկից, արսենից, ոսկուց և արծաթից (5 %)։ Պատրաստվել է «Whitechapel Bell Foundry» ընկերության կողմից՝ Լոնդոնում[2]։

Գրվածք ազատության զանգի վրա
Ազատության զանգը Էյզենհաուերի մեկ դոլարանոցի հակադիր կողմում

Զանգի վրա գրված է՝ «Եվ հայտարարեք ազատություն երկրի վրա՝ նրա բոլոր բնակիչների համար» (Աստվածաշունչ, Ղևտական 25.10 (անգլ.՝ Proclaim liberty throughout all the land unto all the inhabitants thereof)): Զանգի վրա գրված է նաև, որ այն պատրաստել են վարպետներ Պասսը և Սթուն՝ Փենսիլվանիա նահանգի պատվերով։

Համարվում է, որ զանգի վրայի ճեղքը հայտնվել է 1817- 1846 թվականներին։ Այն բանից հետո, երբ 1846 թվականին, ի պատիվ Ջորջ Վաշինգտոնի ծննդյան տոնի, զանգը անդադար խփել են մի քանի ժամ, ճեղքն ավելի է մեծացել։ Կար վտանգ, որ այն կարող է բաժանվել երկու մասի, այդ իսկ պատճառով, ԱՄՆ ղեկավարությունը հրաժարվեց այն պարբերաբար օգտագործելու մտքից։

Ներկա դրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդեփենդենս Հոլը, որտեղ երկար ժամանակ պահվել է զանգը

1976 թվականին՝ ԱՄՆ անկախության տոնի 200 ամյակին ընդառաջ, զանգը հանվել է Ինդեփենդենս Հոլի աշտարակից, որտեղ երկար տարիներ պահվել է և ներկայումս գտնվում է ոչ այնքան հեռու կառուցված հատուկ տաղավարում։

Զանգի տաղավարը և Անկախության սրահը (Ինդեփենդենս Հոլը) համարվում են ԱՄՆ ազգային պատմական այգու բաղկացուցիչ մաս։ 2003 թվականի հոկտեմբերին թանգարանում բացվել է Ազատության զանգի սրահը։

Ամեն տարի հուլիսի 4-ին ժամը 14:00-ին Անկախության հռչակագրի ստորագրողների սերունդները 13 անգամ խփում են զանգը՝ ի պատիվ այն 13 նահանգների, որոնք 1776 թվականին առաջինն են ստորագրել հռչակագիրը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զանգը նորակառույց տաղավարում տեղադրելու գաղափարը ոչ միանշանակ է ընդունվել ամերիկյան հասարակության կողմից։ Այսպես, այն վայրում, որտեղ ներկայումս գտնվում է զանգը 18-րդ դարի 90-ական թվականներին կառուցված է եղել Ջորջ Վաշինգտոնի ստրուկների տունը։ ԱՄՆ առաջին նախագահը, մինչև Սպիտակ տան կառուցումը, բնակվելիս է եղել Ֆիլադելֆիայում։
  • «Ազգի գանձերը» արկածային ֆիլմում ազատության զանգը համարվում է դեպի տամպլիերների գանձարան տանող բանալիներից մեկը։
  • 1996 թվականի ապրիլի 1-ին (ծիծաղի համաշխարհային օր) «Taco Bell» ընկերությունը հայտարարել է, որ գնել է զանգը՝ ԱՄՆ պետական պարտքը «թեթևացնելու» համար և վերանվանել «Տակոյի ազատության զանգ»[3]։
  • Ազատություն ռադիոկայանի նախկին լոգոյի վրա պատկերված է եղել ազատության զանգը։
  • Զանգը հիշատակվում է «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» ամերիկյան հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի երրորդ սերիայում, երբ Թեդ Մոսբին և Բարնի Սթինսոնը պատրաստվում են լիզել զանգը։
  • Ազատության զանգը պատկերված է ամերիկյան դեսպանատների կողմից տրամադրվող ԱՄՆ մուտքի վիզաների վերևի աջ անկյունում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Liberty Bell.» Encyclopædia Britannica from Encyclopædia Britannica 2007 Ultimate Reference Suite (2007)
  2. «Bell Foundry. A curfew tolls...»
  3. «Entry at Museum of Hoaxes». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 2-ին.