Ծնվել է 1972 թվականի հունվարի 2-ին Ավստրալիայի հարավում և իր կյանքի ընթացքում նկարահանել է 8 պատկեր։ Աշխատել է մուլտֆիլմ, դրամա, կարճամետրաժ ֆիլմժանրերում։ Ամենահայտնիներից է 2009 թվականի «Մերին և Մաքսը» պատկերը։ Ադամի մուլտֆիլմները լի են արտասովոր նրբություններով, իսկ դրանցում պատմված պատմությունները ստիպում են մտածել։ Ծնվել է ոչ շատ հարուստ ընտանիքում և մանկուց սկսել է զբաղվել լուսանկարչությամբ և գրականությամբ։
1996 թվականին գերազանց ավարտել է Վիկտորիայի արվեստի քոլեջը և ստեղծել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Հորեղբայրը»՝ որոշելով իր հետագա աշխատանքների ոճը։ Դրանում նա հիշել է իր հորեղբորը՝ մի քիչ տարօրինակ, բայց բարեսիրտ մարդու։ Այնուամենայնիվ, մուլտֆիլմի հորեղբայրը հավաքական կերպար է՝ հիմնված Ադամի՝ իր ութ հորեղբայրների մասին ունեցած հիշողությունների վրա։ Այս պատկերը ներառվել է կիսակենսագրական եռերգությունում («Հորեղբայրը» (1996) և «Եղբայրը» (1999)), որը վաստակել է ավելի քան 50 մրցանակ տարբեր փառատոներում։ Իրադարձությունների արժանահավատության վերաբերյալ Ադամ Էլիոթն ասել է, որ «ճշմարտությունը չպետք է խանգարի լավ պատմությանը»։ Ապա լույս է տեսել նկարչի մեկ այլ ստեղծագործություն՝ «Հարվի Քրամպետ»ը, որը 2003 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի, իսկ վեց տարի անց հայտնվել է նրա ամենահայտնի պատկերը՝ «Մերին և Մաքսը»[4]։