Փոլ Իգնեշիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Իգնեշիուս
Paul Robert Ignatius
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 11, 1920(1920-11-11) (103 տարեկան)
ԾննդավայրԳլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Հերբերտ Հուվեր ավագ դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և գործարար
Զբաղեցրած պաշտոններՌազմածովային ուժերի նախարար
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
ԱնդամությունPhi Beta Kappa
 Paul R. Ignatius Վիքիպահեստում

Փոլ Ռոբերտ Իգնեյշըս (անգլ.՝ Paul Robert Ignatius, նոյեմբերի 11, 1920(1920-11-11), Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայազգի ամերիկացի պաշտոնյա, ով 1967-1969 թվականներին եղել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարը, ԱՄՆ-ի 36-րդ նախագահ Լինդոն Ջոնսոնի կառավարման տարիներին (1963-1969) ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական և ամերիկյան հզորագույն զանգվածային լրատվամիջոցներից մեկի՝ Վաշինգտոն Փոստ օրաթերթի նախագահը[1]։ ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովակալ[2]։

Որպես ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախկին նախարար, ապա՝ ԱՄՆ-ի Պաշտպանության փոխնախարար, Իգնեյշըս-Իգնատոսյանը առայժմ ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաբարձր ռազմական պաշտոնները զբաղեցրած հայորդին է[3]։

Կենսագրություն

Փոլ Ռոբերտ Իգնեյշըսը ծնվել է 1920 թվականին Գլենդելում (Կալիֆոռնիա), Ամերիկա ներգաղթած հայերի՝ Էլիզա (օրիորդական ազգանուն՝ Ժամկոչյան) և Հովսեփ "Ժոզեֆ" Բ․ Իգնեյշըսների (իսկական ազգանունը Իգնատոսյան կամ Իգնացյան[1]) ընտանիքում[4][5]։ Փոլ Ռոբերտ Իգնեյշըսը Ջորջ Մարշալի հիմնադրամի հոգաբարձու է, Դաշնային քաղաքների խորհրդի և Արտաքին հարաբերությունների Վաշինգտոնյան ինստիտուտի խորհրդի անդամ։

Փոլ Ռոբերտ Իգնեյշըսը սովորել է Հարվարդի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում (University of Southern California, USC): Նա հիմնադրել է «Հարբրիջ հաուզ ինքորփորեյշընը» (Harbridge House, Inc.), որը Բոստոն քաղաքում տեղակայված կառավարման խորհրդատվա-հետազոտական մի ընկերություն էր։ Հարավային Կալիֆորնիայի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան (Ֆի Բետտա Կապպա՝ Phi Beta Kappa և Ֆի Կապպա Տաու՝ Phi Kappa Tau) և Վարչական գործարարության մագիստրոսի աստիճան (անգլ.՝ MBA) Հարվարդի Բիզնեսի դպրոցում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին լեյտենանտի կոչումով ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում[6]։

Նախկինում եղել է Նյութատեխնիկական ապահովման կառավարման ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահը, Ամերիկյան օդային փոխադրումների ընկերության (անգլ.՝ Air Transport Association of America ) քարտուղարը, նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը, «Վաշինգտոն Փոստ» թերթի նախագահը և «Վաշինգտոն Փոստ» ընկերության (անգլ.՝ The Washington Post Company) գործադիր փոխնախագահը։

Ռազմական կարիերան

Մասնակցություն Բ Աշխարհամարտին

Իգնեյշըս-Իգնատոսյանը տասնյակ հազարավոր ամերիկահայերի պես մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին՝ ԱՄՆ-ի զինված ուժերի շարքերում: Մասնավորապես, հայտնի է, որ Երկրորդ համաշխարհայինի տարիներին լեյտենանտի կոչումով ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում։

Իգնատիոսյանը ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի «Մանիլա բեյ» ավիակրի վրա (USS Manila Bay) և իր ծառայության ընթացքում աշխատել է այդ ավիակրին ուղեկցող մարտական նավախմբի ականակիրների հետ[7]։

Պատերազմի ժամանակ Իգնատոսյանը Ֆիլիպիններում մասնակցել է Լեյտե ծովածոցի ճակատամարտին (Battle of Leyte Gulf), որը համարվում է Բ աշխարհամարտի խոշորագույն ծովամարտը[7]։

Իգնատոսյանը վերապրել է պատերազմի սարսափները, մասնավորապես երբ ճապոնական ռազմանավատորմը գրոհել է ամերիկյան ավիակիրների մի խմբի վրա, որոնց մեջ էր նաև իր հարազատ «Մանիլա բեյ» ավիակիրը (USS Manila Bay)[7]։

«Այդ ժամանակ ճապոնական ռազմանավերից երկուսը աշխարհի ամենամեծ ռազմանավերն էին», - 2013 թվականին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի նորությունների էլեկտրոնային լրատվամիջոցի թղթակցին պատմել է ամերիկահայ ռազմածովային սպա Իգնատոսյան-Իգեյշըսը[7]։ «Ամերիկյան ռազմանավերից մի քանիսը ջրասույզ եղան, այդ թվում՝ երեք ականակիրներ: Երկար և դաժան կոտորած էր»[7]։

Հետագայում, Լինգայեն ծովածոցում (Lingayen Gulf), Իգնատոսյանի նավը հարձակման ենթարկվեց երկու ճապոնական օդանավերի կողմից, որոնց օդաչուները կամիկաձեներ էին՝ ինքնասպաններ: Ճապոնական օդանավերից մեկը վայր ընկավ ամերիկյան ավիակրի թռիչքային տախտակամածին և պայթեց[7]։

«Մենք հիանալի նավապետ ունեինք և կարողացանք հանգցնել հրդեհը, քանի դեռ այն չէր հասել ավիավառելիքին և զինամթերքին», - ասել է Իգնատոսյան-Իգեյշըսը[7]։

Չնայած ավերածություններին, ավիակրի անձնակազմը կարողացել է փրկել ավիակիրը, որը ևս մի քանի շաբաթ մարտական գործողություններին մասնակցեց, մինչև որ վերադարձավ ԱՄՆ ափերը՝ վերանորոգման համար[7]։

Ծառայություն Պենտագոնում

Պատերազմի ավարտից հետո Իգնեյշըս-Իգնատոսյանը վերադարձավ իր ուսմանը, որպեսզի ավարտի իր ուսումնառությունը նշանավոր Հարվարդի համալսարանում: Ապա նա սկսեց իր կարիերան ԱՄՆ Պաշտպանության նախարարությունում (en:United States Department of Defense):

Տարիներ շարունակ ծառայելով Պենտագոնում (en:Pentagon), նա հասավ Բանակի փոխնախարարի պաշտոնին, որը ԱՄՆ պաշտպանության նախարարից հետո երրորդ պաշտոնատար անձն էր այդ նախարարությունում: Ապա նշանակվել է ավելի բարձր պաշտոնի՝ Պաշտպանության նախարարի տեղակալ (Deputy Secretary of Defense), և, այնուհետև՝ Ռազմածովային նավատորմի նախարար (Secretary of the Navy):

Իգնեյշըս-Իգնատոսյանը պաշտպանության նախարարի օգնականի, իսկ ապա՝ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոններն է զբաղեցրել ամերիկյան պատմության խիստ հակասական և ճգնաժամային մի ժամանակահատվածում: Հայտնի է, որ այդ ժամանակ ընթանում էր Վիետնամի պատերազմը (Vietnam War):

Ջոն Քեննեդու օրոք

1961 թ. հունվարի 20-ին ԱՄՆ-ի 35-րդ նախագահ դարձավ Ջոն Ֆիցջերալդ Քեննեդին, որը այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև մինչև 1963 թ. նոյեմբերի 22-ը՝ իր եղերական սպանությունը: Հենց այդ ժամանակաշրջանում, մասնավորապես 1961 թվականին Իգնեյշըս-Իգնատոսյանը եղել է ԱՄՆ Պաշտպանության նախարարի օգնականը նյութատեխնիկական ապահովման գծով։

Լինդըն Ջոնսընի օրոք

Քեննեդու սպանությունից հետո Իգնեյշըս-Իգնատոսյանը շարունակեց իր կարիերան, որպես բարձրակարգ մասնագետ և զինված ուժերի կառավարման փորձառու ու հաջողակ պաշտոնյա: Մասնավորապես, 1964 թվականի փետրվարին Իգնեյշըսը ԱՄՆ-ի Բանակի փոխնախարարի (Under Secretary of the Army) պաշտոնում փոխարինել է Սթիվըն Այլեսին (Stephen Ailes) և զբաղեցրել այդ պաշտոնը գրեթե տասը ամիս՝ մինչև որ 1964 թվականի դեկտեմբերին իրեն փոխարինեց Սթենլի Ռոջըրս Ռեսորը (Stanley Rogers Resor):

Դրանից հետո Իգնեյշըսը դարձյալ զբաղեցրել է ԱՄՆ Պաշտպանության նախարարի նյութատեխնիկական ապահովման գծով օգնականի պաշտոնը:

1967 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ԱՄՆ 36-րդ նախագահի՝ Լինդըն Բ. Ջոնսընի հրամանով Իգնեյշըս-Իգնատոսյանը նշանակվում է ԱՄՆ-ի ՌԾՈՒ նախարարի պաշտոնին՝ հաջորդելով Չարլզ Ֆ. Բեյրդին (Charles F. Baird), որը ԱՄՆ ՌԾՈՒ նախարարի պաշտոնակատարն էր: Այդ պաշտոնը Իգնեյշըսը վարել է մինչև նախագահ Լինդոն Ջոնսընի պաշտոնավարության ավարտը՝ 1969 թվականի հունվարի 24-ը: Իգնեյշըսին ԱՄՆ ՌԾՈՒ նախարարի պաշտոնում 1969 թվականին հաջորդել է Ջոն Չաֆին (John Chafee):

Ռազմաքաղաքական վաստակը

2013 թվականի մայիսի 3-ին ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարեցին, թե, ի պատիվ Փոլ Ռոբերտ Իգնեյշըսի՝ «Արլի Բըրք» դասի (Arleigh Burke-class) ականակիրներից մեկն այսուհետև կրելու է նրա անունը[8][9]։

Պարգևներ

Արժանացել է մի շարք բարձր պարգևների[10]։

  • ԱՄՆ բանակի «Քաղաքացիական ակնառու ծառայությունների» մեդալ,
  • ԱՄՆ ռազմածովային ուժերի «Հասարակական ակնառու ծառայությունների» մեդալ,
  • ԱՄՆ պաշտպանության նախարարության «Հասարակական ակնառու ծառայությունների» մեդալ:

Քաղաքացիական կարիերան

Պետական ռազմական ծառայությունից հետո Իգնատոսյանը դարձավ ԱՄՆ-ի ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկի՝ «Վաշինգտոն փոստի» (The Washington Post) նախագահը և այդ պաշտոնը զբաղեցրեց երկու տարի շարունակ:

Ապա նա զբաղեցրեց ամերիկյան «Օդային փոխադրական ընկերակցության» (Air Transport Association) նախագահի պաշտոնը, որը վարեց 15 տարի շարունակ:

Հեղինակած գրքեր

Իգնատոսյանը հեղինակել է երկու գիրք.

  • On Board: My Life in the Navy, Government, and Business (Naval Institute Press, 2006): «Դիրքերում: Կյանքս ռազմածովային նավատորմում, կառավարությունում և բիզնեսում»[11][12]։
  • Now I Know in Part: Stories of My Growing Up (American Literary Press, 2000): «Այժմ ես մասամբ գիտեմ: Մեծանալ-հասունանալու պատմվածքներ»[7]։

Առաջին գրքում Իգնատոսյանը ներկայացնում է իր ծառայությունն ու աշխատանքը զինված ուժերում, կառավարությունում և բիզնեսում: Երկրորդ գրքում նա իր հիշողություններն է պատմում իր ընտանիքի անցյալի, Գլենդեյլում իր մանկության, պատանեկության տարիների և ապա ռազմածովային ուժերում իր ծառայությունների մասին:

Ընտանիք

Փոլ Ռոբերթ Իգնեյշըս-Իգնատոսյանի մայրական կողմը ԱՄՆ էր ներգաղթել Անգլիայից: Մասնավորապես, իր մայրական պապը՝ Ավետիս Ժամկոչյանը՝ Էլզա Ժամկոչյանի հայրը նախ 1893 թվականին Արևմտյան Հայաստանից գաղթել է Անգլիա, բերելով իր հետ ընտանիքը, այդ թվում՝ իր դուստր Էլզային՝ Փոլ Ռոբերթ Իգնատոսյանի մորը: Անգլիայում նրանք բարօրության են հասել, սակայն ստիպված են եղել լքել այդ երկիրը առողջական պատճառներով և մեկնել ԱՄՆ: 1911 թվականին Ժամկոչյանները ժամանել են Կալիֆորնիա: Ավետիս Ժամկոչյանը մեծ տուն է կառուցել Կալիֆոռնիայի Տրոպիկո քաղաքում, ապա մեծ ներդրումներ է կատարել օճառի գործարանում, դրա հետ միասին կատարելով նաև այլ գործարար ձեռնարկումներ:

Փոլ Ռոբերթ Իգնեյշըս-Իգնատոսյանի հայրը՝ Հովսեփ Իգնատոսյանը Հայաստանից էր: Նա 19 տարեկան է եղել, երբ 1904 թվականին իր հայրենիքից՝ Արևմտյան Հայաստանից ժամանել է ԱՄՆ՝ իր երեք եղբայրների հետ միասին: Նրանք բնակություն են հաստատել ԱՄՆ-ի արևելյան ափին՝ Փիթսբուրգ (Pittsburgh) քաղաքում: Այստեղ էլ նրանք իրենց ազգանունից հանում են հայկական «յան» վերջավորությունը[13]։

Երբ Հովսեփ Իգնատոսյան - H.B. Ignatius-ը, ինչպես այնուհետև հայտնի էր նա, 1912 թվականին Լոս Անջելեսում մասնակցում էր կրոնական մի միջոցառման՝ Shriners’ Convention, նրան հանդիպեց և անմիջապես դուր եկավ Էլզա Ժամկոչյանը, որը հայտնի էր ԱՄՆ-ի հայկական թերթերում իր լույս ընծայած նամակներով և բանաստեղծություններով: Հովսեփ Իգնեյշըսին ծանոթացրեցին Էլզային, ապա Հովսեփը որոշեց տեղափոխվել Կալիֆոռնիայի Գլենդեյլ քաղաք, այնուհետև՝ մի քանի տարի անց նրանք ամուսնացան[13]։

Հովսեփ Իգնատոսյանի և Էլզա Ժամկոչյանի որդին՝ Փոլ Ռոբերթ Իգնեյշըս-Իգնատոսյանը ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 11-ին Հարավային Կալիֆոռնիայի Գլենդեյլ քաղաքում, որը ներկայումս հայաշատ քաղաք է, Կալիֆորնիայի նահանգի Լոս Անջելեսի կոմսության (County, մարզ) 88 քաղաքներից 3-րդն իր բնակչության թվով (տարբեր տվյալներով՝ 250-ից մինչև 300 հազար) և աշխարհում երկրորդ հայաշատ քաղաքը՝ ՀՀ մայրաքաղաք Երևանից հետո:

Ներկայումս Փոլ Ռոբերթ Իգնեյշըս-Իգնատոսյանը բնակվում է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում (Washington, D.C.), իր տիկնոջ՝ Նենսիի (Nancy Ignatius) հետ:

Զավակներ

Փոլ Ռոբերթ Իգնեյշըս-Իգնատոսյանն ունի երկու որդի և երկու դուստր[2]։

Որդիներից առաջինը՝ Դեյվիդ Իգնեյշըսը (David Ignatius) սյունակագիր է Վաշինգտոն Փոստում, նաև արձակագիր վիպասան է[2]։ Դեյվիդ Իգնեյշըսը ծնվել է 1950 թվականի մայիսի 26-ին:

Փոլ Ռոբերթ Իգնեյշըս-Իգնատոսյանի կրտսեր որդին՝ Էդին «Հարվարդ բիզնես ռիվյուի» (անգլ.՝ Harvard Business Review) գլխավոր խմբագիրն է[2]։

Դուստրերից Սարան՝ Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների «NAASR» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրենն է, իսկ Էյմին՝ Նյու Հեմպշիր նահանգում Քերոլ Քաունթիի, այսինքն Քերոլ կոմսության Գերագույն դատարանի դատավոր[2]։

Թոռներ և ծոռներ

Փոլ Ռոբերթ Իգնեյշըս-Իգնատոսյանն ունի 9 թոռ և 2 ծոռ[2]։

Պատկերասրահ

Այցեր Արևմտյան և Արևելյան Հայաստան

Փոլ Ռոբերտ Իգնեյշըսը, իր հուշերի հատորը գրելուց բացի, իր իսկ բնորոշմամբ՝ իր կյանքի կարևորագույն ուղևորությունն է կատարել 2006-ին՝ իր երկու զավակների հետ այցելելով պատմական Հայաստան՝ Արևմտյան Հայաստան և ներկայիս Հայաստանի Հանրապետություն: Նրանք եղել են ընտանիքի պապենական տանը` Մեծ Հայքի Ծոփք նահանգի Խարբերդ քաղաքում՝ Արևմտյան Հայաստանում: Դա նրանց գնահատմամբ՝ հրաշալի փորձառություն էր՝ խառը զգացմունքներով հագեցած, որոնց մեջ անշուշտ նաև տխուրը, տեսնելով թե ինչպես են հայոց եկեղեցիները, դպրոցներն ու մյուս շինությունները ավերակ դարձել: Իգնեյշըս-Իգնատոսյանները կարող էին պատկերացնել, թե ինչ գեղեցիկ վայր էր եղել այնտեղ՝ Խարբերդում մինչև Մեծ Եղեռնը՝ վեհապանծ լեռներով և կանաչապատ հովիտներով: Հմմտ՝ «Ազգ» շաբաթաթերթ, 2017-12-15[10]։

Կարիերայի ժամանակացույց

Նախորդող
Ստեֆան Այլես
ԱՄՆ բանակի քարտուղարի տեղակալ
փետրվար 1964 - դեկտեմբեր1964
Հաջորդող
Սթենլի Ռոջերս Ռիզոր
Նախորդող
Չարլզ Ֆ․ Բայրդ (պաշտոնակատար)
ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար
սեպտեմբերի 1, 1967 - հունվարի 241969
Հաջորդող
Ջոն Չաֆի

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «ԱՄՆ պատմության ամենաբարձր պաշտոն զբաղեցրած հայը». newmag.am. Վերցված է 6 Սեպտեմբեր 2016-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ: Հարցազրույց Մ. Նահանգների ռազմածովային ուժերի նախկին նախարար, ծովակալ Պոլ Իգնեյշսի հետ: Պոլ Իգնեյշսի հետ հարցազրույց է վարել AGBU հանդեսի աշխատակից Դենիել Հալտոնը:: Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ: «Ազգ» շաբաթաթերթ, 2017-12-15: [1]
  3. PAUL ROBERT IGNATIUS, US SECRETARY OF NAVY
  4. Businesslife.com - America: The Land of Opportunity
  5. Yamada, Katherine (29 January 2014). «Verdugo Views: Distinguished alum has Armenian heritage». Glendale News-Press. Վերցված է 21 February 2014-ին.
  6. «Paul Robert Ignatius, US Secretary of Navy». auroraprize.com. Վերցված է 6 Սեպտեմբեր 2016-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 A name with firepower. BY Michelle Boston. Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի նորություններ: Հուլիսի 18, 2013: [2]
  8. Navy Names Next Two Destroyers
  9. Paul Ignatius. Armeniapedia. A Wiki Encyclopedia. [3]
  10. 10,0 10,1 ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ: Հարցազրույց Մ. Նահանգների ռազմածովային ուժերի նախկին նախարար, ծովակալ Պոլ Իգնեյշսի հետ: Պոլ Իգնեյշսի հետ հարցազրույց է վարել AGBU հանդեսի աշխատակից Դենիել Հալտոնը:: Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ: [4]
  11. Paul R. Ignatius: On Board. My Life in the Navy, Government, Business. Naval Institute Press, Annapolis MD 2006, ISBN 1-591-14381-0.
  12. A name with firepower. BY Michelle Boston. Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի նորություններ: Հուլիսի 18, 2013: [5]
  13. 13,0 13,1 Verdugo Views: Distinguished alum has Armenian heritage. January 29, 2014|By Katherine Yamada. Glendale News Press. [6]

Արտաքին հղումներ

Աղբյուրներ

  • Paul R. Ignatius: On Board. My Life in the Navy, Government, Business. Naval Institute Press, Annapolis MD 2006, ISBN 1-591-14381-0.
  • Paul R. Ignatius: Now I Know in Part: Stories of My Growing Up. (American Literary Press, 2000):