Haus Konstruktiv

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Haus Konstruktiv
Տեսակպատկերասրահ և հիշողությանն առնչվող հաստատություն
Երկիր Շվեյցարիա[1]
ՏեղագրությունՑյուրիխ
ՀասցեSelnaustrasse 25[1]8001[1]Սելնաուշտրասե
Հիմնադրվել է1986
ՏնօրենՍաբինե Շաշլ[2]
Կայքhauskonstruktiv.ch
Քարտեզ
Քարտեզ

«Haus Konstruktiv» համալիր[3] (գերմ.՝ Museum Haus Konstruktiv), պատկերասրահ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի կենտրոնում, որը հիմնադրվել է 1986 թվականին։ Ցուցահանդեսային կենտրոնը նվիրված է կոնստրուկտիվիզմին, կոնկրետ արվեստին և կոնցեպտուալիզմին։ Այն միակ նմանատիպ հաստատությունն է Շվեյցարիայում։ 2001 թվականի գարնանը թանգարանը տեղափոխվել է իր ներկայիս շենքը՝ նախկին Selnau էլեկտրական ենթակայանի տարածքում գտնվող արդյունաբերական համալիր, որը փակվել է 1998 թվականին։ Շինության վերապլանավորումն իրականացվել է ճարտարապետ Ռոջեր Դիների և «Meier + Steinauer» բյուրոյի նախագծի համաձայն, որը նախատեսվել է հինգ մակարդակ ժամանակավոր ցուցադրությունների համար՝ 1200 մ² ընդհանուր մակերեսով։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցյուրիխի Haus Konstruktiv թանգարանը ֆինանսավորվում է Stiftung für konstruktive, konkrete und konzeptuelle Kunst հիմնադրամի կողմից, որը հիմնադրվել է 1986 թվականին մի խումբ քաղաքացիների կողմից, ովքեր ոգևորված էին կոնստրուկտիվիզմի, կոնկրետ արվեստի և կոնցեպտուալիզմի աջակցությամբ։ 1987 թվականին հիմնադրամը կազմակերպել է «Haus für konstruktive und konkrete kunst» թանգարանը, որը մինչև 2001 թվականը գտնվել է Ցյուրիխի Սեեֆելդ թաղամասում։ 2001 թվականի գարնանը պատկերասրահը վերանվանվել է «Haus Konstruktiv» և տեղափոխվել «Selnau» ենթակայանի նախկին շենք, որը գտնվում էր համանուն թաղամասում։ Մինչև փակվելը՝ 1998 թվականին, Սելնաուի ենթակայանը կարողացել է հարյուր տարի ծառայել որպես փոխակերպիչ կայան։ Ներկայիս նոր շինարարական ոճով կառուցապատված շենքը, որը 1929-1932 թվականներին Ցյուրիխի ճարտարապետ Հերման Հերտերի կողմից միավորվել է մեկ միասնական կառույցի մեջ, պահպանվում է որպես ճարտարապետական հուշարձան։ 21-րդ դարի սկզբին, ճարտարապետ Ռոջեր Դիների և Meier + Steinauer բյուրոյի նախագծով, նախկին ենթակայանի հինգ հարկերում ստեղծվել է տարածք ժամանակավոր ցուցադրությունների և արվեստի հավաքածուների ներկայացման համար՝ 1200 մ² ընդհանուր մակերեսով։

Haus Konstruktiv-ն ունի նաև ժամանակակից արվեստի իր հավաքածուն. ներկայումս ունի ավելի քան 900 ստեղծագործություն, որոնք ստեղծվել են 20-րդ և 21-րդ դարերում։ Գործերը նվիրաբերվել են և՛ նկարիչների, նրանց ժառանգների և՛ մասնավոր կոլեկցիոներների կողմից։ Հիմնադրամը ներառում է գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ և քանդակներ։ Այն ներառում է Մաքս Բիլլի, Ռիխարդ Պաուլի Լոզեի, Կամիլ Գրեյզերի և Վերենա Լյովենսբերգի (1912-1986) ստեղծագործությունները։ Հավաքածուի մշտական ինստալյացիան ու «սիրտը» «Ռոկֆելլերի ճաշասենյակն» է, որը նախագծվել և կառուցվել է 1963-1964 թվականներին շվեյցարացի նկարիչ Ֆրից Գլարների կողմից Նելսոն Ռոքֆելլերի ընտանիքի համար, ովքեր բնակվում են Նյու Յորքում։

Ցուցահանդեսներին զուգահեռ թանգարանի սրահներում անցկացվում են դասախոսություններ, քննարկումներ նկարիչների հետ, էքսկուրսիաներ, համերգներ և վարպետության դասեր՝ ինչպես երեխաների և դեռահասների, այնպես էլ չափահաս քաղաքացիների համար։ Թանգարանն ունի խանութ (առաջին հարկում) և փոքրիկ սրճարան, որի պատը նկարազարդել է շվեյցարացի նկարչուհի Կլաուդիա Կոմտեն (Claudia Comte)։ Բացի այդ, շենքում գործում է մասնագիտացված գրադարան, որտեղ կարելի է այցելել անվճար (առանց ցուցահանդեսներ այցելելու)։ 2013 թվականի գարնանից պատկերասրահի տնօրենն է ավստրիացի կուրատոր և արվեստի պատմաբան Սաբինե Շաշլը (Sabine Schaschl (ծն. 1967 թվականին)։ 2019 թվականին նրա գլխավորությամբ տեղի է ունեցել «Konkrete Gegenwart - Jetzt ist immer auch ein bisschen gestern und morgen» խմբային ցուցահանդեսը, որը ներառել է Օտտո Բերհեմի, Ամալյա Պիկի, Վանեսա Բիլլիի, Ստեֆան Բուրգերի, Խոսե Դավիլի, Սվեն Դայնինգերի, Լարա Ֆավարետտոյի, Ֆերնանդո Գոմեսի և մի շարք այլ հեղինակների աշխատանքներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
  2. http://d-nb.info/gnd/113981279
  3. «Комплекс Haus Konstruktiv». myswitzerland.com (ռուսերեն). Швейцарский туризм / Schweiz Tourismus. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Haus Konstruktiv» հոդվածին։