Կոնստրուկտիվիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնստրուկտիվիզմ, ուղղություն 1920-ական թվականների սովետական արվեստում (ճարտարապետության, ձևավորման, թատերադեկորացիոն արվեստների, գրքարվեստի, գեղարվեստական ձևաստեղծման և նախագծման, նաև գրականության մեջ)։ Կոնստրուկտիվիստների առաջին կազմակերպությունը (Ա. Գան, Ա. Ռոդչենկո, Վ. և Գ. Ստենբերգ եղբայրներ, Վ. Ստեպանովա և ուրիշներ) ստեղծվել է ԻՆԽՈԻԿ-ում (Գեղարվեստական մշակույթի ինստիտուտ), 1921-ին։ Կոնստրուկտիվիզմի կողմնակիցները, առաջ քաշելով կենսական պրոցեսներին ակտիվորեն ուղղություն տվող միջավայրի «նախագծման» խնդիրները, ձգտում էին իմաստավորել նորագույն տեխնիկայի ձևաստեղծման հնարավորությունները, նրա բանական, նպատակահարմար կառուցվածքները, նաև մետաղի, փայտի, ապակու գեղագիտական հատկությունները։ Գործնականում մասամբ կենսական մարմնավորում ստացան արտադրական արվեստի լոզունգները։ Բուրժուա կենցաղի ցուցադրական շքեղությանը Կոնստրուկտիվիզմը հակադրում էր առարկայական նոր ձևերի պարզությունն ու շեշտված ուտիլիտարիզմ՝ դրանցում տեսնելով մարդկանց նոր հարաբերությունների և դեմոկրատության մարմնավորումը։ Կոնստրուկտիվիզմի ճարտարապետական սկզբունքները ձևակերպվել են Ա. Վեսնինի, Մ. Գինզբուրգի տեսական ելույթներում և առաջին անգամ հստակորեն մարմնավորվել Ա., Վ., Լ. Վեսնին եղբայրների (տես Վեսնիններ1923-ին ստեղծած Մոսկվայի Աշխատանքի պալատի նախագծում։ 1925-ին հիմնադրվել է կոնստրուկտիվիստների կազմակերպությունը՝ ժամանակակից ճարտարապետների միավորումը (ՕՍԱ)։ Ճարտարապետական այլ խմբավորումների հետ մեկտեղ նրանք որոնում էին բնակավայրերի հատակագծման նոր հնարքներ և բնակեցման սկզբունքներ, առաջադրում էին կենցաղի վերակառուցման նախագծեր, մշակում էին հասարակական շենքերի նոր տիպեր (Աշխատանքի պալատ, Խորհուրդների տուն, բանվորական ակումբ, խոհանոց-ֆաբրիկա և այլն)։ Կոնստրուկտիվիստները, սակայն, իրենց տեսության մեջ և գործնականում թույլ տվեցին սխալներ (օրինակ՝ բնական հասկացությունը «մանրբուրժուական գաղափարախոսության նյութական ձև» հայտարարելը, որոշ տուն-կոմունաների նախագծերում կենցաղի կազմակերպման սխեմատիզմը, բնակլիմայական պայմանների անտեսումը, դեզուրբանիզմ գաղափարների ազդեցությունից բխող խոշոր քաղաքների դերի թերագնահատումը)։ Կոնստրուկտիվիզմի գեղագիտությունը որոշակիորեն նպաստեց սովետական գեղարվեստական ձևաստեղծման կազմավորմանը։ Կոնստրուկտիվիստների մշակած էսքիզներով ստեղծվում էին գործարանային մասսայական արտադրանքի համար նախատեսված՝ հարմարավետ սպասքի, կահույքի, մասնագիտական հագուստի նոր ձևեր, մշակվում յուրահատուկ զարդանկարված կտորեղեն, նորովի ձևավորվում ցուցահանդեսները։ Կոնստրուկտիվիզմը զգալիորեն նպաստել է գրաֆիկայի՝ պլակատի (Ստենբերգ եղբայրներ, Գ. Կլուցիս, Ա. Ռոդչենկո), գրքարվեստի (Ա. Գան, Լ. Լիսիցկի) զարգացմանը։ Թատերարվեստում ավանդական դեկորացիաների փոխարեն ըստ բեմական գործողության խնդիրների ստեղծվում էին «հաստոցներ» (Լ. Պոպովայի, Ա. Վեսնինի և ուրիշների աշխատանքները Վ. Մեյերխոլդի, Ա. Թաիրովի բեմադրությունների համար)։ Արտասահմանի պլաստիկ արվեստների վերաբերյալ Կոնստրուկտիվիզմ տերմինի կիրառումը պայմանական է. ճարտարապետության մեջ ֆունկցիոնալիզմ այն ենթաուղղություններից է, որը ձգտում է ընդգծել ժամանակակից կառուցվածքների էքսպրեսիան (արտահայտչությունը), գեղանկարչության և քանդակագործության մեջ՝ ավանգարդիստական ուղղություններից մեկն է, որը օգտագործել է վաղ սովետական Կոնստրուկտիվիզմի մի քանի ձևաորոնումները (քանդակագործներ Ն. Գաբո, Ա. Պևզներ)։

Կոնստրուկտիվիզմը իր արտացոլումը գտավ Մովետական Հայաստանի 1920-ական թթ. շատ ճարտարապետների ստեղծագործության մեջ։ Տ. Երկանյանի, Կ. Հալաբյանի, Մ. Մազմանյանի, Գ. Քոչարի ստեղծագործության վաղ շրշանը կազմավորվել է Կոնստրուկտիվիզմի ճարտարապետական դպրոցի անմիջական ազդեցության ներքո։ Լինելով ՎԽՈԻՏԵՄԱՍ-ի (բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցներ) սաներից՝ նրանք սովորել են սովետական ճարտարապետության նշանավոր վարպետների մոտ (Ն. Լադովսկի, Ա. Վեսնին և ուրիշներ), և նրանց ստեղծագործական լեզուն ըստ էության չէր տարբերվում կոնստրուկտիվիստների գործերից։ Սակայն 1920-ական թթ. վերջին Կ. Հալաբյանը, Մ. Մազմանյանը, Գ. Քոչարը լինելով ՎՕՊՐԱ-յի, ինչպես նաև Հայաստանում՝ ՕՊՐԱ-յի (1929) հիմնադիրները և անդամները, կանգնեցին Կոնստրուկտիվիզմի քննադատության դիրքերում, համարելով այն «վերացական գյուտարարություն», Արևմուտքի տեխնիկայի կույր ընդօրինակում, տեղական առանձնահատկությունների անտեսում։

Գրականության մեջ կոնստրուկտիվիստական միտումները, որ համապատասխանում Էին «ձևի հեղափոխության» «ձախ» պահանջներին, խթանվում Էին ԼԵՖ-ի լոզունգներով։ Կոնստրուկտիվիզմը, որպես ինքնուրույն, առավելապես բանաստեղծական հոսանք, 1923-ին հռչակել են Կ. Զելինսկին, Ի. Մելվինսկին և Ա. Չիչերինը։ 1924-ին ձևավորվել Է կոնստրուկտիվիստների գրական կենտրոն (կոնստրուկտիվիստների գրական կենտրոն), որին, Ի. Սելվինսկուց և Կ. Զելինսկուց (խմբակի տեսաբանը) բացի, մասնակցում Էին Վ. Լուգովսկոյը, Վ. Ինբերը, Բ. Ագապովը և ուրիշներ։ Կոնստրուկտիվիստները պոեզիայի մեշ արմատավորում Էին արձակի ձևերը («արձակի ինֆլյացիա»), բառապաշարի առանձնահատուկ շերտեր (մասնագիտական լեզու, ժարգոններ), հրաժարվում քնարական հույգերից, գերադասում հստակ կառուցված ֆաբուլային պոեզիան, Էպիկական ժանրերը։ Սակայն «դարի ոճ», ինչ որ նրանք մտադրվել Էին, չստեղծեցին։ կոնստրուկտիվիստների գրական կենտրոն խմբակը ցրվեց 1930-ին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png