Վսևոլոդ Մեյերխոլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Vsevolod Meyerhold.jpg

Վսևոլոդ Մեյերխոլդ (ռուս.՝ Все́волод Эми́льевич Мейерхо́льд, գերմ.՝ Karl Kasimir Theodor Meyergold); 1874, Պենզա - 1940, Մոսկվա), ռուս թատերական ռեժիսոր, դերասան և դասախոս։ Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1923).

Ունի գերմանական ծագում, հետագայում ընդունել է ուղղափառ քրիստոնեություն։ Ստալինիզմի զոհ։

Կենսագրություն[խմբագրել]

Սովորել է նախ Մոսկվայի համալսարանի իրավաբանական բաժնում (1895-1996), ապա՝ Վ․ Ի․ Նեմիրովիչ-Դանչենկոյի ղեկավարած Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության երաժշտա-դրամատիկական ուսումնարանում։ 1898-ին Նեմիրովիչ-Դանչենկոն հրավիրել է Մեյերխոլդին Մոսկվայի դրամատիկական թատրոնի նորաստեղծ խումբ, ուր Մեյերխոլդը աշխատել է մինչե 1902-ը։ Աչքի է ընկել սուր բնութագրային դերերով (Տրեպլյով, Տուզենբախ՝ Չեխովի «ճայ», «Երեք քույր», Վասիլի Շույսկի, Իվան Ահեղ՝ Ա․ Տոլստոյի «Ֆյոդոր Իոաննովիչ արքան», «Իվան Ահեղի մահը», Պյոտր՝ Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»)։

1903-1906 թվականներին իր կազմակերպած «Նոր դրամա» խմբով հանդես է եկել նաե Թիֆլիսում ու Բաքվում, ուր «Կատյուշա Մասլովա» բեմադրությամբ առաջին անգամ արժանացել է հայ մամուլի բարձր գնահատականին։ 1905-ին Հաուպտմանի «Մենակ մարդիկ» պիեսի մի ներկայացում է տվել հօգուտ հայկական կոտորածից տուժածների։ Այս շրջանում էլ ձևավորվել է Մեյերխոլդի գեղարվեստական ծրագիրը՝ թելադրված սիմվոլիզմի պոետիկայով։

1906-1907 թթ. գլխավորել է Պետերբուրգի Վ․ Կոմիսարժևսկայայի թատրոնը, ուր նկարիչ Վարդգես Սուրենյանցի համագործակցությամբ բեմադրել է Հ․ Հեյբորգի «Սիրո ողբերգություն» դրաման։ Նախահեղափոխական շրջանի լավագույն բեմադրությունները կապված են (1908-ից) Պետերբուրգի Ալեքսանդրյան թատրոնի (Մոլիերի «Դոն ժուան», Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ», Լերմոնտովի «Դիմակահանդես»), ինչպես և (1914-ից) Բորոդինսկու ստուդիայի (Ա․ Բլոկի «Անծանոթուհին», «Բալագանչիկ») հետ։

Սովետական տարիներին կյանքի է կոչել «Թատերական հոկտեմբերի» ծրագիրը՝ իր իսկ կազմակերպած թատրոնում (ТИМ, Մեյերխոլդի անվան թատրոն, 1923 - 1938)՝ ստեղծելով վառհանդիսանքային և քաղաքական մեծ շնչի ներկայացումներ՝ Մայակովսկու «Միստերիա բուֆը», «Փայտոջիլը», «Բաղնիքը», Վերհառնի «Արշալույսները», Վիշնևսկու «Վերջին վճռականը», ռուս դասականներից՝ Ա․ Օստրովսկու «Անտառը», Գոգոլի «Ռևիզոր»֊ը, Ա․ Գրիբոյեդովի «Վայ խելքին» («Թելքից պատուհաս»)։

Թիֆլիսի հյուրախաղերի (1927) ժամանակ Մեյերխոլդի արվեստը բարձր գնահատելով, հայկական մամուլում Հ․ Սուրխաթյանը նշել է․ «Մեյերխոլդյան թատրոնում ռեժիսորի դերը գրեթե հավասար է դրամատուրգի դերին»։ Մեյերխոլդը մեծ հետք է թողել արվեստի համաշխարհային գործիչներից Ս․ Էյզենշտեյնի, Ի․ Բերգմանի, Բ․ Բրեխտի, Է․ Պիսկատորի, Պ․ Բրուկի ստեղծագործության վրա։

«Մեյերխոլդը տվել է ապագա արվեստի արմատները, ապագան էլ կհատուցի նրան»․ այսպես է գնահատել Վախթանգովը Մեյերխոլդի արվեստը։

Հայազգի գործիչներից Մեյերխոլդը համագործակցել է նաև Դ․ Յակուլովի, Վ․ Բեբուտովի հետ։ Միաժամանակ Մեյերխոլդի ուժեղ ազդեցության տակ են եղել հայ ռեժիսորներ Ա․ Բուրջալյանը, Վարդան Աճեմյանը, Արմեն Գուլակյանը, Տիգրան Շամիրխանյանը, Թաթիկ Սարյանը։

Ձերբակալությունը և մահը[խմբագրել]

Մեյերխոլդը ձերբակալվել է 1939թ. հունիսի 20-ին Լենինգրադում։ [1] Նրա նկատմամբ առաջադրվել են մեղադրանքներ ՌՍՖՍՀ քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածով (հակահեղափոխական գործունեություն)։ 3 շաբաթ տևող և կտտանքներով ուղեկցվող հարցաքննություններից հետո Մեյերխոլդը ստորագրել է խոստովանական ցուցմունքներ։ 1940թ. փետրվարի 2-ին ԽՍՀՄ գերագույն դատարանի կողմից դատապարտվել է գնդակահարության։ Դատավճիռը ի կատար է ածվել հաջորդ օրը՝ փետրվարի 2-ին։ Մեյերխոլդը թաղվել է Դոնսկոյ գերեզմանոցում՝ ստալինյան հալածանքների այլ զոհերի հետ ընդհանուր գերեզմանի մեջ [2]։

1955թ. ԽՍՀՄ գերագույն դատարանը հետմահու ռեաբիլիտացիայի է ենթարկել Մեյերխոլդին։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Добровольский А. Смертельная игра Мастера: Кто погубил театр великого режиссёра? // Московский комсомолец. 2005. 16 марта, № 055
  2. Донское кладбище

Հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png