Օսվալդո Ռիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսվալդո Ռիոս
իսպ.՝ Osvaldo Ríos
Ծնվել էհոկտեմբերի 25, 1960(1960-10-25) (63 տարեկան)
ԾննդավայրԿարոլինա, Պուերտո-Ռիկո, Պուերտո Ռիկո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, երգիչ, գործադիր պրոդյուսեր, հասարակական ակտիվիստ, միսիոներ և մոդել
osvaldorios.net

Օսվալդո Ռիոս (իսպ.` Osvaldo Ríos, ամբողջ անունը` Օսվալդո Ռիոս Ալոնսո (Osvaldo Ríos Alonso), ծնվ. հոկտեմբերի 25, 1960, Կարոլինա, Պուերտո-Ռիկո), պուերտոռիկացի դերասան, երաժիշտ և մոդել[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսվալդո Ռիոսը իր կարիերան սկսել է որպես կիթառահար և երգիչ։ Հանդես է եկել Պուերտո-Ռիկոյի տարբեր երաժշտական խմբերում։ Ունի հոգեբանական կրթություն և աշխատել է որպես մանկական հոգեբան։ Այնուհետև հանդես է եկել որպես մոդել, որն էլ նրա համար ճանապարհ է բացել դեպի կինոաշխարհ։ 1990 թվականից նկարահանվում է լատինաամերիկյան հեռուստատեսային սերիալներում («Կասանդրա» (1992), «Երեք ճակատագրեր» (1993), «Բլանկոյի այրին» (1996), «Գրկիր ինձ ամուր» (2000) և այլն)։ Հիմնադրել է «Riverside Entertainment Company» պրոդյուսերական կազմակերպությունը, որը զբաղվում է մինի-սերիալների թողարկմամբ։

1992 թվականին ռեժիսոր Գրասիո Դ'Անջելոն Օսվալդո Ռիոսին հրավիրել է նկարահանվելու «Կասանդրա» հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերուհին վենեսուելացի դերասանուհի Կորայմա Թորեսն էր։ Նշված հեռուստասերիալը ցուցադրվել է աշխարհի 100 երկրներում (նաև՝ Հայաստանում) և թարգմանվել 32 լեզուներով։ «Կասանդրա»-ի հաջողությունը Օսվաալդո Ռիոսին հայտնի դարձրեց, որից հետո նա անընդհատ հրավերներ էր ստանում լատինաամերիկյան խոշորագույն ստուդիաներից։ 1993 թվականին Օսվալդոն նկարահանվեց Վենեսուելայում` «Երեք ճակատագրեր» սերիալում, իսկ 1994 թվականին արդեն նրան կարելի էր տեսնել կոլումբիական «Բլանկոյի այրին» սերիալում, որը մեծ հաջողությամբ ցուցադրվել է Իսպանիայում, Ինդոնեզիայում, Թուրքիայում, Թայվանում և այլ երկրներում։ Հետագա տարիներին Օսվալդո Ռիոսը խաղացել է թատրոնի բեմում` հանդես գալով «Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլում։

1996 թվականին, շուրջ երեք ամիս դերասանն անց է կացրել Պուերտո-Ռիկոյի բանտում, քանի որ նրա նախկին ընկերուհին մեղադրել էր նրան` իր նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Օսվալդոյին ձերբակալել էին Մայամիում` «Ապստամբական հրեշտակը» հեռուստանովելի նկարահանման հրապարակում։

Օսվալդոյի հաջորդ աշխատանքը «Ռաուզան» սերիալում էր, որը քննադատների կողմից արժանացավ բարձր գնահատականի և տարբեր երկրներում ստացավ բազմաթիվ մրցանակներ։ Զուգահեռաբար նա նկարահանվում էր «Գրկիր ինձ ամուր» մեքսիկական հեռուստասերիալում։ 2000-ական թվականների սկզբին, նրա կողմից հիմնադրված «Riverside Entertainment Company» պրոդյուսերական ընկերության կողմից թողարկվել են «Հրաժեշտից հետո» մինի-սերիալը և «Դորիսի օրերը» ֆիլմը։ Հետագա տարիներին Օսվալդոն հրավիրվել է Իսպանիա և նկարահանվել «Երկու սիրելիների միջև» սերիալում, որտեղ նրա խաղընկերուհին հայտնի երգչուհի Իզաբել Պանտոխան էր։ 2006 թվականին Օսվալդո Ռիոսը Պուերտո-Ռիկոյում նկարահանվել է «Ճանապարհ» ֆիլմում, ինչպես նաև «Որոշում» հեռուստասերիալում, իսկ 2007 թվականին նա ստացավ գլխավոր հերոսի հոր դերը «Զորրո. Սուսեր և վարդ» սերիալում։ 2008 թվականին Նատալիա Ստրեյգնարդի հետ միասին նկարահանվել է «Երդում» հեռուստասերիալում, իսկ 2010 թվականին հեռուստաեթերում հաջողության հասավ «Սիրո հաղթհանդեսը» հեռուստասերիալը, որտեղ նա նկարահանվել էր Վիկտորյա Ռուֆֆոյի հետ։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականի փետրվարին Օսվալդո Ռիոսը ամուսնացել էր դերասանուհի Սալլի Դիասի հետ, սակայն նույն թվականի դեկտեմբերին նրանք բաժանվել են։ Օսվալդոյի երկրորդ կինը լրագրողուհի Կարմեն Դոմինիկսն էր։ 1990 թվականին ծնվել է նրանց որդին, սակայն շուտով նրանք ամուսնալուծվել են։

2000 թվականին Օսվալդոն ամուսնացել է երրորդ անգամ` դերասանուհի Ջերալդին Ֆերնանդեսի հետ։ 2001 թվականին ծնվել է նրա երկրորդ որդին։ 2004 թվականին փլուզվել է նաև այդ ամուսնությունը։

2006 թվականին լուրեր էին պտտվում Օսվալդոյի և «Որոշում» հեռուստասերիալից նրա խաղընկերուհի Իվելին Խիրոյի սիրավեպի մասին։ 2009 թվականին ծնվել է Օսվալդոյի երրորդ որդին, նրա նոր ընկերուհուց` մարզուհի Կասիանա Ռոսսոյից։ Օսվալդոն սիրավեպ է ունեցել նաև, այն ժամանակ դեռևս սկսնակ կոլումբիացի երգչուհի Շակիրայի հետ։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1990 Ոչ մեկի սերը Amor de nadie -
1992 Կասանդրա Kassandra Իգնասիո Կոնտրերաս
1993 Երեք ճակատագրեր Tres destinos Խուան Կառլոս
1996 Բլանկոյի այրին La viuda de Blanco Դիեգո Բլանկո Ալբարասին
1996 Ոչ մեկի երեխաները Los hijos de nadie -
2000 Ռաուզան Rauzán Սեբաստիան դե Մենդոզա
2000-2001 Գրկիր ինձ ամուր Abrázame muy fuerte Դիեգո Էռնանդես
2002-2003 Վայրի կատուն Gata salvaje Սիլվանո Սանտանա Կաստրո
2004 Ապստամբական հրեշտակը Ángel rebelde Ալեխանդրո Վալդերամա
2005-2008 Որոշում Decisiones -
2007 Զորրո. Սուսեր և վարդ Zorro: La espada y la rosa Ալեխանդրո դե լա Վեգա
2008 Երդում El juramento Սանտյագո դե Լանդերոս
2009 Վայրի սիրտը Corazón salvaje Խուան դե Դիոս Սան Ռոման
2010 Սիրո հաղթհանդեսը Triunfo del amor Օսվալդո Սանդովալ
2014 Էլզան և Ֆրեդը Elsa & Fred բժիշկ
2014 Գլորիա Gloria -

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]