Փուշթու

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փուշթուն (աֆղաներեն) հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդ-արիական ճյուղի իրանական ենթաճյուղի արևելյան խմբին պատկանող լեզու է։ Հիմնականում տարածված է Աֆղանստանի և Պակիստանի տարածքում: Փուշթուն Աֆղանստանի երկու պետական լեզուներից մեկն է` դարի լեզվի հետ միասին։

[խմբագրել] Փուշթուի տարածման սահմանները

Արևմուտքում փուշթուի տարածման սահմանը, Հերիռուդ և Ռուդե-Ջամ գետերի խառնարանից սկսած, ձգվում է դեպի հարավ` աֆղանա-իրանական սահմանի երկարությամբ, մինչև Հիլմենդ գետի ափերը: Այստեղից սահմանը շրջվում է արևելք` դեպի Կանդագար: Կանդագարից հարավ սահմանը արևելքից շրջանցում է Ռեգիստան անապատը և Աֆղանստանի ու Պակիստանի սահմանները կտրել-անցնելով` ուղղվում է դեպի Քվետտա, որտեղից էլ շրջվում է դեպի արևելք` Ինդոս գետի հովիտը։ Ապա աֆղաներենի տարածման սահմանը բարձրանում է հյուսիս` Ինդոս գետի աջ ափի երկայնքով։ Քաբուլ և Ինդոս գետերի խառնարանից դեպի հյուսիս այս սահմանը հյուսիսից և արևելքից ներառում է Բուհիր, Սվաթ, Դիր և Բաջաուր շրջանները, իսկ Չիտրալից հարավ կտրում-անցնում է Պակիստանի և Աֆղանստանի միջև սահմանը, որտեղից հետևում է դեպի Քաբուլ։ Աֆղաներենի տարածման շրջանի հյուսիսային սահմանը Քաբուլից արևմուտք շրջանցում է Խազարեջաթյան սարահարթը, Քուհի-Բաբա լեռնաշղթան, Հերիռուդի վերին հասանքը և Հերաթից արևմուտք ընկած շրջանում դուրս է գալիս իրանա-աֆղանական սահման: Բացի այս տարածքներից փուշթուն աննշան տարածված է նաև Աֆղանստանի այլ շրջաններում, Ամուդարիայի ձախ ափին և այլ վայրերում։

[խմբագրել] Փուշթուի բարբառային բաժանումը

Աֆղանական ցեղերը խոսում են բազմաթիվ տարածքային և ցեղային բարբառներով, որոնք մինչ օրս էլ համարյա ուսումնասիրված չեն։ Այդ բարբառները ընդունված է բաժանել երկու մեծ խմբի կամ ճյուղի`

  1. Արևմտյան կամ կանդագարյան
  2. Արևելյան կամ փեշավարյան

Այդ բաժանման հիմքը արևմտաաֆղանական "Ժ"-ի, "Շ"-ի օրինաչափ համապատասխանությունն է արևելաաֆղանական "Գ"-ի, "Խ"-ի։ Օրինակ կանդագարյան "փաշթո"(փուշթու), "թիժա"(քար) բառերին համապատասխանում են փեշավարյան "փախթո", "թիգա" բառերը: Սրա հիման վրա երբեմն արևմտյան բարբառները կոչում են փաշթո տիպի, իսկ արևելյան բարբառները` փախթո տիպի բարբառներ։ Այս բաժանումը սակայն շատ հարաբերական է, կան շատ միջանկյալ բարբառներ, որոնք որոշ հատկանիշներով մոտ են կանդագարյան խմբին, իսկ որոշ հատկանիշներով էլ` փեշավարյան խմբին:

Անձնական գործիքներ