Տեխնոլոգիական շարժընթացների ավտոմատացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեխնոլոգիական շարժընթացների ավտոմատացում (հունարեն՝ automates՝ ինքնաշխատ), արտադրության համալիր մեքենայացման փուլ, որը մարդուն ազատում է տեխնոլոգիական շարժընթացների անմիջական կառավարման ու վերահսկման գործառույթներից և դրանք փոխանցում ինքնաշխատ սարքերին։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմատացման մեջ պայմանականորեն առանձնացնում են վերահսկման, պաշտպանության և կառավարման ինքնաշխատ համակարգեր։ Ըստ ինքնաշխատ միջոցներով հանդեր ձվածության աստիճանի՝ տարբերում են մասնակի, համալիր և լրիվ ավտոմատացվածներ։ Մասնակի ավտոմատացման դեպքում մարդը չի ազատվում տեխնոլոգիական շարժընթացներին մասնակցելուց, համալիրի դեպքում՝ պահպանում է վերահսկողության և ինքնաշխատ սարքերի աշխատանքային ռեժիմի փոփոխման գործառույթը, իսկ լրիվ ավտոմատացման դեպքում տեխնոլոգիական շարժընթացը տեսականորեն կատարվում է առանց մարդու մասնակցության, որը միայն պարբերաբար զննում ու նորոգում է սարքավորումը։

Գյուղատնտեսության ավտոմատացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսության ավտոմատացման միջոցներն ու մեթոդներն ունեն ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված յուրահատկություններ, որոնք դժվարացնում են ավտոմատիկայի սերիական սարքավորումների օգտագործումը։ Գյուղատնտեսության մեջ առաջին հերթին ավտոմատացնում են էլեկտրիֆիկացված ստացիոնար սարքավորումներով կատարվող տեխնլոգիական շարժընթացները (անասնաբուծության ու բուսաբուծության մեջ՝ բաց և ծածկած գրունտներում, բանջարապահեստներում, նորոգման արհեստանոցներում, հողբարելավման համակարգերում)։

Անասնաբուծության ավտոմատացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անասնաբուծության մեջ ավտոմատացումը իրականացվում է 3 հիմնական ուղղություններով

1) էլեկտրիֆիկացված մեքենաների հավաքածուով ինքնաշխատ հոսքագծերի ստեղծում (միջարտադրամասային և ներֆերմերային փոխադրումներ, կերապատրաստում և կերաբաշխում, ջրամատակարարում և ջրաբաշխում, գոմաղբի հեռացում և օգտահանում, կովերի կթում և կաթի նախնական մշակում, ձվերի հավաքում, տեսակավորում և փաթեթավորում)։

2) Անասնաբուծական շինությունների և պահեստարանների միկրոկլիմայի կարգավորման ինքնաշխատ սարքավորումների մշակում և ներդրում, որոնք ապահովում են կենդանիների ու թռչունների պահվածքի լավագույն կլիմայական ռեժիմը և կերի ու գյուղմթերքների պահպանումը։

3) Կենդանիների խնամքի (կթից առաջ կրծերի մշակման ինքնաշխատ մանիպուլյատորներ, կրծաբորբի ազդանշանիչներ) և անասնաբուժական սպասարկման ինքնաշխատ սարքերի ու միջոցների ստեղծում։

Բուսաբուծության ավտոմատացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբուծության մեջ օգտագործում են հացահատիկի, մրգերի, կարտոֆիլի և բանջարեղենի հետբերքահավաքային, սերմերի նախացանքային մշակման ինքնաշխատ հարահոս գծեր, ներդնում են արտադրանքի պահպանման պայմանների ինքնաշխատ վերահսկման համակարգեր, օգտագործում՝ արտադրանքի որակի հաշվառումն ու վերահսկումն ապահովող սարքեր։ Ավտոմատացված ջերմոցներում ներառում է բույսերի բնականոն զարգացումն ապահովող օդի և հողի ջերմաստիճանի ու խոնավության, լուսավորվածության, ոռոգման և այլ հարաչափերի վերահսկման ու կառավարման ինքնաշխատ համակարգեր։

Ավտոմատացման միջոցների գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմատացման միջոցներն օգտագործվում են չորացման, ոռոգման, ջրարբիացման համակարգերում՝ սարքավորումների և կառույցների աշխատանքի ինքնաշխատ վերահսկման և անսովոր ու վթարային ռեժիմներից դրանք պաշտպանելու, ինքնաշխատ ջրամատակարարման ու ջրաբաշխման համար։ Ավտոմատացման համար լայն հնարավորություններ են ստեղծվել հաշվողական և համակարգչային տեխնիկայում ձեռք բերված առաջընթացի շնորհիվ (պլանավորման լավարկում, անասնաբուծական բազմաթիվ շարժընթացների ավտոմատացված կառավարում և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։