Բանջարապահեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բանջարապահեստ, հատուկ շինություն կամ կառույց թարմ բանջարեղենը, արմատա-պալարապտուղները և երկամյա բանջարային կուլտուրաների սերմնակալները ձմռան ընթացքում պահպանելու և պահեստավորելու համար։ Լինում է մշտական (պահեստ, նկուղ) և ժամանակավոր (խրամատ, պահեստահոր)։ Մշտական բանջարապահեստները լինում են գետնափոր և վերգետնյա։ Բանջարապահեստի մեջտեղով, ամբողջ երկարությամբ, 1,5–2,5 մ լայնությամբ անցում են թողնում, որի երկու կողմում դասավորում են տախտակե դարակները կամ ամբարները։ Ջերմաստիճանը և օդի խոնավությունը կարգավորում են օդահան հարմարանքի, պատուհանների, ճաղավոր դռների և ջեռուցման հարմարանքի միջոցով։ Խրամատները (լայնությունը՝ 10-12 մ, խորությունը՝ 40–50 սմ, միջին գոտում՝ 75–80 սմ, հյուսիսում՝ 100–120 սմ) փորվում են բանջարեղենը դարսելուց մի քանի օր առաջ։ Բանջարեղենի դարսված շերտերը, միմյանցից անջատվում են 1,5-2 սմ ավազաշերտով։ Վերնամասը ծածկվում է 10–15 սմ չոր ծղոտի շերտով և հողով։

Պահեստահորերում (0,2–0,5 մ խորություն, 1 –1,5 մ լայնություն) բանջարեղենը դարսվում է կոնաձև մինչև 1 - 1,2 մ բարձրությամբ, ծածկվում չոր ծղոտով և հողով։ Պահեստահորի երկարությամբ փորվում է օդահան ակոս, ծածկվում ճաղավոր տախտակով, որի վրա ամրացնում են օդահան խողովակներ։ Ուժեղ սառնամանիքներին խրամատները և պահեստահորերը ծածկվում են տորֆով, գոմաղբով, թեփով, հարդով կամ ձյան շերտով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 282