Վազգեն Օվյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Վազգեն Օվյան

px
Վազգեն Օվյանի դիմանկարը

Ծնվել է 06.01.1932
գ. Դաշուշեն (Ասկերանի շրջան)
Մահացել է 23.02.1987
Ազգություն Հայ
Ստեղծագործական շրջան 1948-1987թթ.
Նշանակալի պարգևներ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ բարձրագույն պարգևով՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
Վեբկայք http://vazgenovyan.blogspot.com/

Վազգեն Գարեգինի Օվյան (Հունվար 6, 1932 - Փետրվար 23, 1987), հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1960 թվականից։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1932 թվականի հունվարի 6-ին՝ Ստեփանակերտի շրջանի (այժմ՝ Ասկերանի շրջանի) Դաշուշեն գյուղում։ 1960 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ է։ 1961-1985-թթ. աշխատել է ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում՝ որպես գրական-երաժշտական բաժնի ավագ խմբագիր։ Երկուսուկես տասնամյակի ընթացքում նրա ջանքերով մարզային ռադիոյում ստեղծվել էր հայկական երաժշտական ու գրական հաղորդումների հարուստ ֆոնդ, որը, ցավոք, հրկիզվել է Ստեփանակերտի հրետակոծության ժամանակ։ Այդ տարիներին տեղական ռադիոն իր հայեցի հաղորդումներով, հայկական երգ-երաժշտության պրոպագանդմամբ անկասկած մեծ դեր է ունեցել ժողովրդի ոգին ամուր պահելու և, ընդհանրապես, Արցախը հայեցի պահելու գործում։

Վ. Օվյանի առաջին բանաստեղծությունը տպագրվել է «Սովետական Ղարաբաղ» թերթում՝ 1948 թ.։ 1961 թ. լույս է տեսել գրողի անդրանիկ գիրքը։ Այնուհետև պարբերաբար տպագրվել են «Լեռների լեգենդը», «Շաղասար», «Խանքենդի», «Երգը մնաց լեռներում», «Տոհմածառ», «Մեղրի ժամանակը» գրքերը։

Վազգեն Օվյանի լավագույն ստեղծագործությունները, այդ թվում նրանք, որոնք բացահայտ ուղղված էին խորհրդային մեծ ու փոքր նազարների՝ Բրեժնևի, Ալիևի, Կևորկովի դեմ («Նազարնամե», «Հեքիաթ փառամոլ էշի մասին», «Հեքիաթ Մեծ գայլի, շնագայլի և այլոց մասին», «Հայրենադավը», «Հուդային», «Բասարական», «Զևս, խելոք կաց», «Հիմա է՞լ լռենք», «Դլե յաման», «Ղարաբաղ եմ ասում...», «Դու հպարտ չես, իմ Ղարաբաղ», «Կկորչեն հավետ և փառք, և անուն», «Իմ Ղարաբաղը տեսե՞լ ես, ասա» և այլն), արտացոլում էին կուռքերի, վերջը չերևացող ժողովների ու ծափերի վրա հիմնված խորհրդային իրականության զավեշտաողբերգական դեմքը («Այս շքերթներից հոգնել եմ արդեն», «Կրկես», «Տրիոլետներ», «Ութնյակներ» և այլն), բնականաբար, չէին կարող տպագրվել այն տարիներին և մնացել էին անտիպ։ Հետմահու լույս են տեսել «Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց», «Ղարաբաղի արծիվը», «Այս Ղարաբաղն է», «Լեռների լեգենդը», «Ավելի շատ լույս», «Կապույտ տարիներ» գրքերը, որոնցում հիմնականում տեղ են գտել գրողի անտիպ ստեղծագործությունները։

Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը 1969-ին բեմադրել է Վազգեն Օվյանի «Մեծ Լոռեցին» պիեսը, որը Հայաստանում Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի։ Այդ ներկայացումն ու 1980-ին բեմադրված «Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» քնարական դրաման լայն ընդունելություն են գտել հանդիսատեսների շրջանում, բեմադրվել են 100-ից ավելի անգամ՝ միշտ ուղեկցվելով լեփ-լեցուն դահլիճով։ Վ. Օվյանը վախճանվել է 1987 թ. փետրվարի 23-ին։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ բարձրագույն պարգևով՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։

Գրողի մասին[խմբագրել]

Վազգեն Օվյանը վառ արտահայտված անհատականություն էր մեր գրական անդաստանում՝ ոչ միայն իր ստեղծագործություններով, այլ նաև իր կեցվածքով, մարդկային դրսևորումներով։ Անկեղծ էր ու հավատավոր, մանկան պես միամիտ։ Բառն ընկալում էր իր նախնական իմաստով, վարքագծի երկիմաստությունը չէր ընդունում, չէր ընկալում... Գուցե բնավորության և ի վերջո տաղանդի այդ գիծը այն երակն էր, որ իսկապես նրա գրականությունը դարձնում է արժեքավոր։

Մեր Արցախյան շարժման ամբողջ ընթացքում երկու բան կսկիծի նման անընդհատ հետապնդում էր. որ եթե մեր Շարժման մեջ կենդանի լիներ Սևակը, այն ինչպիսի հզոր լիցք կստանար նրա խոսքից։ Այս նույն միտքը ես կապում եմ նաև Վազգեն Օվյանի հետ. որ եթե նա կենդանի լիներ, ինչպե՜ս կփայլատակեր իսկապես նրա մեծ երգիծանքը... Սակայն, այնուամենայնիվ, այն գաղափարները, հանուն որոնց ապրում ու ստեղծագործում էր, նախակարապետը եղան այն գոյապայքարի, որ տեղի ունեցավ նրանից հետո... Մաքսիմ Հովհաննիսյան (գրող, հրապարակախոս)

Վազգեն Օվյանի լեզուն պատկերավոր է, աֆորիզմի սահմանին հասնող կարճ, համոզիչ, տպավորիչ... Այդ իսկ պատճառով լարվածությամբ կարդացվում են նրա նովելները՝ մի շնչով, առանց կանգ առնելու։ Բնածին է նրա հումորը, լեռնցու լայն բնավորությունն արտահայտող, կակուղ և կիրթ միևնույն ժամանակ։

...Կարծես այլևս ճերմակ կետեր չեն մնացել մեր գրականության մեջ, իսկ Վազգեն Օվյանի նովելները կարդացվում են հետաքրքրությամբ, ուշադրությամբ, որպես թարմ էջեր անծանոթ անցյալից... Նա բառի ու նախադասության արժեքը գիտե։ Նա ծաղկանոցում անտեղի ծաղիկներ չի քաղի։ Աչքի տեսածը գրվածքի նյութ չի դարձնի։ Ա. Մ. արշարունի (պրոֆեսոր)

Վազգեն Օվյանի «Լեռնակերտ» («Խանքենդուց մինչև Ստեփանակերտ») վիպակն իր «ելման» կետում առնչություններ ունի Չարենցի «Երկիր Նաիրի»-ի, Բակունցի «Կյորես»-ի, Խանզադյանի «Մատյան եղելությանց»-ի հետ (թեև խիստ տարբեր են մատուցման եղանակները, յուրօրինակ են կերպն ու հայացքը)։ Ապա և անուղղակի շոշափումներ կան «Լեռնակերտի» և Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակի միջև, քիչ այն կողմ է նաև Մահարու «Այրվող այգեստանները»։

Օվյանն իր «Լեռնակերտ» վիպակով դառնում է մեր նախորդների ավանդների շարունակողներից մեկը... Եթե նյութի ընտրության կամ ելակետի հարցում գրողը հենվում է նախորդների վրա, ապա ոճի, արվեստի, արտահայտման եղանակների տեսակետից այս վիպակը միանգամայն ուրույն երկ է՝ համեմված շատ հաճախ նրբին հումորով, հաճախ էլ սարկաստիկ ծիծաղով... Սերգեյ Աթաբեկյան (գրականագետ)

...Նա մեկն էր այն երջանիկներից, որոնք իրենց կենդանության օրոք զգում էին իրենց գրչի ուժը և կարողանում շռայլորեն օգտվել այդ ուժի շնորհներից։ Ժողովրդի ցավը նրա ցավն էր, և այն դարմանելու համար նա չէր խնայում ոչինչ՝ ո՛չ գրիչը, ո՛չ աչքերի լույսը և ոչ էլ առողջությունը։ Աշխատում էր անգամ ծանր հիվանդության պայմաններում, երբ գամված էր անկողնուն։

Իսկական պրոֆեսիոնալ գրող էր՝ նախանձելի եռանդով ու պատասխանատվությամբ։ Համեստությունը նրա կյանքի օրենքն էր։ Չուներ գրողի պոզա և սովորական մահկանացուի պես էր պահում իրեն։ Մինչդեռ նա արժանի էր ամեն մի կոչման։ Սակայն նա կյանքից գնաց սրբազան գրողի կոչումով, և այդ կոչումն էլ եղավ հավերժության ճամփորդի նրա ուղեկիցը։ Գուրգեն Գաբրիելյան (բանաստեղծ)

Հանձին Վազգեն Օվյանի, գործ ունենք մի հասուն հեղինակի հետ, որն արդեն ունի գրական որոշակի մակարդակ, ավելին՝ նրա ժողովածուները վկայում են, որ Օվյանն օժտված է երգիծելու անուրանալի ձիրքով, առողջ, օգտակար ծաղրը սկզբից մինչև վերջին էջը ուղեկցում է քեզ և, կրկնում ենք, այդ ամենն այնքան անբռնազբոս ու սրամիտ, որ գրոտեսկն անգամ հավանական է թվում։ Արտեմ Հարությունյան (բանաստեղծ, գրականագիտության դոկտոր, պրոֆեսոր)

Վազգեն Օվյանի մեջ սերտ զուգակցված են տաղանդավոր բանաստեղծը, հրապարակախոսը, առակագիրը և, միաժամանակ, պայծառ մարդն ու մեծ հայրենասերը։ Հրաչյա Ռուխկյան (ՀՀ ժողովրդական նկարիչ)

Նրանից վախենում, բայց առավել շատ նրան սիրում ու հավատում էին։ Վախենում էին իշխանավորներն ու սրանց թիկունքը պաշտպանող, իսկ ավելի ստույգ՝ այդ թիկունքով ապահովություն ու դիրք թռցնողները՝ պաշտոնյա, թե ստրկամիտ այլ ծառայող, անգամ՝ իրենց մտավորական ներկայացնող «երևելիք»։ Նրան սիրում էին շարքային մարդիկ, ավելի ճշգրիտ՝ խիղճ ու հոգի ունեցող բոլոր նրանք, որոնց համար ազնիվ ու գեղեցիկ խոսքը այն ժամանակ անփոխարինելի փրկօղակի պես էր... Վ. Օվյանը մարդկանց մտքի վրա իրական իշխող էր՝ իր վարքով ու գրականությամբ։

Նա, իրոք, անվիճելի ժողովրդական գրող էր անցած դարի 70-80-ական թվականներին։ Արցախյան իրականության մեջ թերևս միակ անհատն էր, որ շուրջանակի ճնշող խորհրդային ռեժիմի օրոք գրավեց խոսքի ազատության հնարավոր բոլոր սահմանները և, ըստ Էության, միակ գործող ընդդիմադիրն էր։ Եղավ այն հազվագյուտ հայ գրողներից, որի դարակներում մնացին բազմաթիվ անտիպ ստեղծագործություններ՝ իրենց գրաքննչական «արատների» և երգիծական ուղղվածության պատճառով։ Սակայն Վազգեն Օվյանի գրական ներկայությունը ցպահանջ է մնում իրեն վերագտնել ցանկացող այսօրվա հասարակության համար ևս։ Հրանտ Ալեքսանյան (բանաստեղծ)

Ընդունված է Վազգեն Օվյանի մասին խոսել բարի ժպիտով, որովհետև մարդկային առաքինությունը արատավորող երևույթները հիմնականում բարի ժպիտով են երգիծված նրա ստեղծագործություններում։ ԹԵրևս միակ բացառությունը կատարվում էր, երբ խոսքի սլաքն ուղղվում էր հայրենադավներին... Աշոտ տեր-Մինասյան (գրականագետ)

Հրատարակված գրքերը[խմբագրել]

  • Լուսաբաց (բանաստեղծությունների ժողովածու), Բաքու, Ազերնեշր, 1961, 75 էջ։
  • Լեռնային վտակ (ժողովածուում տեղ են գտել նաև Վ. Օվյանի գործերից), Բաքու, Ազերնեշր, 1963, 132 էջ։
  • Լեռների լեգենդը (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1966, 52 էջ։
  • Լեռնային վտակ (ժողովածուում տեղ են գտել նաև Վ. Օվյանի գործերից), Բաքու, ադրբեջանի պետական հրատարակչություն, 1967, 196 էջ։
  • Շաղասար (պատմվածքներ), Բաքու, Ազերնեշր, 1970, 140 էջ։
  • Խանքենդի (վիպակ), Բաքու, Ազերնեշր, 1975, 75 էջ։
  • Երգը մնաց լեռներում (պատմվածքներ), Բաքու, Ազերնեշր, 1978, 135 էջ։
  • Տոհմածառ (պատմվածքներ), Բաքու, «Յազըչը», 1980, 240 էջ։
  • Մեղրի ժամանակը (պատմվածքներ), Բաքու, «Յազըչը», 1984, 220 էջ։
  • Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց (երգիծական պատմվածքներ, առակներ, երգիծական բանաստեղծություններ), Ստեփանակերտ, 1993, 188 էջ, տպ. 1000։
  • Ղարաբաղի արծիվը (պատմավեպ), Ստեփանակերտ, 1993, 188 էջ, տպ. 500։
  • Այս Ղարաբաղն է (բանաստեղծություններ, չափածո առակ-հեքիաթներ, չափածո պոեմ՝ «Նազար-նամե»), տպագրությունը՝ Չելյաբինսկում, 2002, 320 էջ, տպ. 300։
  • Լեռների լեգենդը, Երևան., «Անտարես», 2003, տպ. 1000։
  • Ավելի շատ լույս (երգիծական պատմվածքներ, առակներ, պիեսներ), Ստեփանակերտ, 2006, 432 էջ, տպ. 300։
  • Կապույտ տարիներ (վիպակներ, վեպ, պիես), Ստեփանակերտ, 2007, 528 էջ, տպ. 300։
  • Նկարիչ, Արցախ նկարիր (բանաստեղծություններ), Ստեփանակերտ, 2009, 64 էջ, տպ. 1000։
  • Սատիրիկոն (երգիծական բանաստեղծություններ), Ստեփանակերտ, 2009, 64 էջ, տպ. 500։

Արտաքին հղումներ[խմբագրել]