Վազգեն Թևանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վազգեն Արմենի Թևանյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝ազատ ոճի ըմբիշ
Երկիր՝Հայաստանի դրոշը Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 27, 1999(1999-10-27) (24 տարեկան)
Ծննդավայր՝Փոքր Վեդի, Արարատի մարզ, Հայաստան
Մարզիչ(ներ)՝Ռաֆիկ Գոլեցյան

Վազգեն Արմենի Թևանյան (ծնվ․ 1999 թ․ հոկտեմբերի 27, Փոքր Վեդի, Արարատի մարզ), ազատ ոճի հայ ըմբիշ, ազատ ոճի ըմբշամարտի 2018 թվականի Հայաստանի չեմպիոն[1], 2019 թվականի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն[2], 2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն[3] և նաև նույն տարվա աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մենդալակիր[4], 2023 թվականի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Թևանյանը ծնվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում։ Քանի որ Վազգենի ծննդյան օրը համընկել էր Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության հետ, իսկ նրա հորեղբայրը Վազգեն Սարգսյանի մարտական ընկերներից էր, վերջինս Վազգենի հոր հետ որոշեցին իրենց ընտանիքի նորածին որդուն Վազգեն Սարգսյանի անունով կոչել, ի հիշատակ նրա։ Վազգենը ըմբշամարտով սկսել է զբաղվել Արտաշատում մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանի գլխավորությամբ։

Միջազգային ասպարեզում Վազգեն Թևանյանը իր առաջին լուրջ նվաճմանը 2015 թվականին հասավ, երբ Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում, հանդես գալով 54 կգ․ քաշային կարգում, տիրացավ չեմպիոնի կոչմանը[6], մեկ տարի անց Ստոկհոլմում ընթացթող 2016 թվականի պատանիների Եվրոպայի առաջնությունում Վազգեն Թևանյանը հանդես գալով 58 կգ․ քաշային կարգում նվաճեց արծաթե մեդալը[7]։

2018 թվականի օգոստոսին Հռոմում ընթացող ըմշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Վազգեն Թևանյանը 61 կգ. քաշային կարգի եզրափակիչում 5:2 հաշվով հաղթանակ տանելով ադրբեջանցի Ինտիհամ Վալիզադայի նկատմամբ դարձավ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն։ Նույն տարվա սեպտեմբերին Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 61 կգ քաշային կարգում Վազգենը բրոնզե մեդալի համար պայքարում 9:3 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբոս Ռախմոնովին։ 2018 թվականի դեկտեմբերին Վազգեն Թևանյանը դարձավ Հայաստանի չեմպիոն 65 կգ․ քաշային կարգում, իսկ 2019 թվականի մարտին Սերբիայի Նովի Սադ քաղաքում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում, հանդես գալով 65 կգ քաշային կարգում, եզրափակիչում 2:1 հաշվով հաղթելով վրացի Էդեմի Բոլկվաձեին նվաճեց չեմպիոնի կոչումը։

2020 թվականի դեկտեմբերին Բելգրադում աշխարհի առաջնությանը փոխարինած աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում Վազգեն Թևանյանը 65 կիլոգրամ քաշային կարգում դարձավ ոսկե մեդալակիր։ Որակավորման փուլում Թևանյանը 6։0 հաշվով պարտության է մատնել Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրահմեզին, 1/8 եզրափակչում հաղթել է Հաջի Մոհամեդ Ալիին (Բահրեյն)՝ 11։0, 1/4 եզրափակչում 10։0 հաշվով առավելության է հասել Նիկոլայ Օխլոպկովի (Ռումինիա) նկատմամբ, իսկ եզրափակչի ուղեգրի համար գոտեմարտում 7։2 հաշվով գերազանցել է Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանին։ Եզրափակչում Թևանյանը հաղթեց Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևին 9։1 հաշվով[8]։

2021 թվականի մարտին Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում 65 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը սկսելով պայքարը որակավորման փուլից, 11-0 հաշվով հաղթանակ է տարավ բուլղարիացի Վլադիմիր Դուբովի նկատմամբ, այնուհետև 1/8 եզրափակչում 7-5 հաշվով հաղթեց բելառուս Նիուրգուն Սկրյաբինին, որից հետո քառորդ եզրափակչում Թևանյանը մրցեց վրացի անվանի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռյակի չեմպիոն, ինչպես նաև 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Խինչեգաշվիլիի հետ ու 6-4 հաշվով հաղթանակ տանելով նրա նկատմամբ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ 4-2 հաշվով առավելության հասավ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջիևի նկատմամբ, դուրս գալով եզրափակիչ։ Չեմպիոնական գոտեմարտում Վազգգեն Թևանյանը վստահ հաղթեց աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն, Ռիո-2016-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ադրբեջանցի Հաջի Ալիևին՝ 9:0[9]։

2021 թվականի նոյեմբերին Սերբիայում ընթացող մինչև 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունում Վազգեն Թևանյանը հանդես գալով իր համար նոր 70 կգ․ քաշային կարգում նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։ Սկսելով պայքարը որակավորման փուլից, նախ հաղթանակ տանելով ԳԵրմանիայի ներկայացուցիչ Շամիլ Ուստաևի նկատմամբ, այնուհետև 1/8 եզրափակիչում 11/2 հաշվով հաղթելով ուզբեկ ըմբիշին, իսկ քառորդ եզրափակիչում 5-4 հաշվով Թուրքիայի ներկայացուցիչ Ջունեյթ Բուդակին։ Կիսաեզրափակիչում Թևանյանը 5-4 հաշվով հաղթանակ տարավ Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրահմեզի նկատմամբ, եզրափակիչում 2։10 հաշվով զիջելով աշխարհի փոխչեմպիոն Ղրղզստանի ներկայացուցիչ Էրնազար Ակմատիլևին[10]։

Վազգեն Թևանյանը 1994 թվականի Եվրոպայի չեմպիոն, 1995 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր, Ատլանտայի 1996 թվականի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ինչպես նաև ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ՝ Արմեն Մկրտչյանի հորաքրոջ թոռն է։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 թվականի Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն 54 կգ․ քաշային կարգում
  • 2016 թվականի Եվրոպայի պատանիների առաջնության փոխչեմպիոն 58 կգ․ քաշային կարգում
  • 2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն 61 կգ․ քաշային կարգում
  • 2018 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնության բրոզե մեդալակիր 61 կգ․ քաշային կարգում
  • 2018 թվականի Հայաստանի չեմպիոն 65 կգ․ քաշային կարգում
  • 2019 թվականի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն 65 կգ․ քաշային կարգում
  • 2020 թվականի Աշխարհի անհատական գավաթի չեմպիոն 72 կգ․ քաշային կարգում
  • 2021 թվականի Աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 70 կգ․ քաշային կարգում
  • 2023 թվականի Եվրոպայի մեծահասակների առաջնության չեմպիոն 65 կգ. քաշային կարգում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ազատ ոճի ըմբշամարտի գավաթի խաղարկության հաղթողները հայտնի են
  2. Եվրոպայի Մ23 չեմպիոն Վազգեն Թևանյանի չեմպիոնական ուղին
  3. Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշի և դարձավ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
  4. Ազատ ոճի երիտասարդ ըմբիշ Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում
  5. «Ըմբիշ Վազգեն Թևանյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն - Armsport.am». armsport.am. Վերցված է 2023 թ․ ապրիլի 18-ին.
  6. Եվրոպայի առաջնություն. Հայաստանը նվաճեց երկու տիտղոս
  7. Պատանի ըմբիշները Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը 3 մեդալ են նվաճել
  8. https://escs.am/am/news/7621 Վազգեն Թևանյանը՝ Աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր
  9. https://escs.am/am/news/8238 https://escs.am/am/news/8238
  10. https://www.usanogh.am/glxavor/ynbshamart-vazgen-tevanyan-poxchempion/ Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն

ֆր.՝ Paul Duchesnay

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազգեն Թևանյան» հոդվածին։