Հակոբ Խլիտչիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հակոբ Խլիտչիև
Ծնվել էդեկտեմբերի 1 (13), 1886 կամ 1886
Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 14, 1963(1963-04-14) կամ ապրիլի 16, 1963(1963-04-16)
Բելգրադ, Հարավսլավիա
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Հարավսլավիայի Թագավորություն
Մասնագիտությունճարտարագետ և գիտնական
Հաստատություն(ներ)Բելգրադի համալսարան և Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ (1911)

Հակոբ (Յակով) Մաթևոսի (Մատվեյի) Խլիտչիև (ռուս.՝ Яков Матвеевич Хлитчиев, սերբ.՝ Јаков Матвејевич Хлитчијев, դեկտեմբերի 1 (13), 1886 կամ 1886, Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 14, 1963(1963-04-14) կամ ապրիլի 16, 1963(1963-04-16), Բելգրադ, Հարավսլավիա), ծագումով հայ ճարտարագետ, նավերի կառուցվածքների տեսության մասնագետ։ Հարավսլավիայի նավաշինական դպրոցի հիմնադիրը։

Կենսագրություն

Հակոբ Խլիտչիևը ծնվել է 1886 թվականին Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով քաղաքի մաս) հայկական ընտանիքում[1]։

1904 թվականին ոսկե մեդալով ավարտել է Դոնի Ռոստովի դասական գիմնազիան։ Նույն թվականին դարձել է Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտի նավաշինության բաժնի ուսանող[1]։

1905-1906 թվականներին Հակոբ Խլիտչիևը հաճախել է Բեռլինի բարձրագույն տեխնիկական դպրոց՝ այդ ընթացքում ընդմիջելով համալսարանական ուսումը։ Բուհն ավարտելուց հետո՝ 1911 թվականին, Խլիտչիևը փորձել է աշխատել որպես ինժեներ Բալթյան ինստիտուտի նախագծային բյուրոյում[1], որպես խորհրդատու, որպես ինժեներ է աշխատել նավաշինական չորս ընկերություններում, նրան հետաքրքրել են ռազմական և առևտրային նավերը։

1913 թվականից դասավանդել է հայրենի ինստիտուտում՝ շինարարական մեխանիկայի, առաձգականության տեսության և այլ առարկաների բաժնում, հաջորդ տարի կարդացել է նավերի նախագծման վերաբերյալ դասախոսություններ[1]: Տիրապետել է ֆրանսերենին, գերմաներենին և անգլերենին։

1915 թվականին դարձել է տեխնիկական մեխանիկայի ադյունկտ։

1916 թվականի սեպտեմբերի 29-ին Պետրոգրադում պսակադրվել է Տատյանա Իվանյուկովայի հետ[2]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ 1918 թվականի գարնանը, Խլիտչիևը Պետրոգրադից մեկնել է Խերսոն և մասնակցել Խերսոնի պոլիտեխնիկական ինստիտուտի կազմակերպմանը: 1918 թվականից մինչև 1919 թվականի վերջը դասավանդելուն զուգընթաց եղել է նավաշինարանի տնօրեն: Կարմիր բանակի ստորաբաժանումների կողմից Խերսոնի գրավումից հետո 1920 թվականի հունվարին մեկնել է Սևաստոպոլ, որտեղից Պոլիտեխնիկական ինստիտուտի իր գործընկեր Ստեպան Տիմոշենկոյի օգնությամբ ֆրանսիական նավով գնացել է Ստամբուլ[2]։

Հետագայում Խլիտչիևն ապրել է Բելգրադում, որտեղ դասավանդել է Բելգրադի համալսարանի տեխնոլոգիական ֆակուլտետում[2]։

1922-1924 թվականներին Խլիտչիևը, շարունակելով դասավանդել, միաժամանակ եղել է Բելգրադի «Կալորիա» ջեռուցման ձեռնարկության տնօրենը[2]։

1925 թվականին Խլիտչիևն ստացել է Հարավսլավիայի թագավորության քաղաքացիություն։ 1932 թվականին նշանակվել է Բելգրադի համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի իսկական պրոֆեսոր։ Եղել է Հարավսլավիայում անցկացված տեսական և կիրառական մեխանիկայի միջազգային կոնգրեսների կազմակերպիչ։ Բազմաթիվ գիտական աշխատությունների և ութ գրքերի թարգմանությունների հեղինակ է[1]։

1941 թվականի ապրիլին Բելգրադ գերմանական ներխուժումից հետո Խլիտչիևը ձերբակալվել է և երկու ամիս (մայիս և հունիս) անցկացրել բանտում[2]։ Ռազմական Բելգրադում տեխնիկական մեխանիկայի ամբիոնում նա դասավանդել է նյութերի դիմադրություն։

Պատերազմից հետո Խլիտչիևը ղեկավարել է մեխանիկայի ամբիոնը և Բելգրադի համալսարանում բացել է նավաշինության բաժին։ Նա հիմնադրել և ղեկավարել է Սերբիայի գիտությունների և արվեստների ակադեմիայի (ՍԳԱԱ) մեքենագիտության ինստիտուտի կիրառական մեխանիկայի բաժանմունքը՝ դառնալով կիրառական մեխանիկայի ընկերության հիմնադիրներից մեկը[1][2]։

1951 թվականի հունվարից՝ ՍԳԱԱ մաթեմատիկական ինստիտուտի գիտաշխատող էր, 1952 թվականից՝ Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետության Ակադեմիական խորհրդի անդամ։ 1955 թվականի հունիսի 10-ին ընտրվել է ակադեմիկոս[1], իսկ հաջորդ տարի անցել է թոշակի։ Ապրել է Բելգրադում։

Մահացել է 1963 թվականին Բելգրադում, թաղված է Նոր գերեզմանատանը։

Կոչումներ և պարգևներ

  • 1955 թվականին ընտրվել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի իսկական անդամ[1][2]
  • Պարգևատրվել է Հարավսլավիայի շքանշաններով և մեդալներով[2]

Արտաքին հղումներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «History of the Institute». www.mi.sanu.ac.rs. Վերցված է 2024-04-15-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Хлытчиев Яков Матвеевич — Энциклопедия фонда «Хайазг»». web.archive.org. 2016-03-04. Վերցված է 2024-04-15-ին.