Սասուն Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սասուն Վարդանյան
Ծնվել էօգոստոսի 3, 1942(1942-08-03) (81 տարեկան)
ԾննդավայրՍոլակ, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և ուսուցիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1969)
Ժանրերարձակ
Ուշագրավ աշխատանքներ«Արամ աշխարհակալ», «Արքայից արքա»
ԱշխատավայրՄատենադարան, ՀԱՊՀ, Սևանի Վազգենյան դպրանոց և Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան
Սասուն Վարդանյան Վիքիդարանում

Սասուն Տիգրանի Վարդանյան (օգոստոսի 3, 1942(1942-08-03), Սոլակ, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 16, 2023, Երևան), գրող, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասուն Վարդանյանը ծնվել է 1942 թվականի Օգոստոսի 3-ին Հրազդանի շրջանի Սոլակ գյուղում։ Ավարտելով գյուղի 7-ամյա դպրոցը՝ մեկնել է Երևան և այնտեղ ավարտել միջնակարգ դպրոցը։ 1964—1969 թթ. ուսանել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 1970-ական թվականներին որպես դասախոս աշխատել է Գևորգյան ճեմարանում։ Նույն ժամանակահատվածում էլ սկսել է գրական գործունեությունը։ 1960-ական թվականների ազգային զարթոնքի օրերին Սասուն Վարդանյանը ևս հայտնվել է ազգային շարժման հորձանուտում, որի համար հետապնդումների է ենթարկվել ՀԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեի կողմից։ 1974 թվականին որպես գիտաշխատող կարճ ժամանակով աշխատանքի է անցել Մատենադարանում, այնուհետև դասախոսական աշխատանք է կատարել Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1990—1995 թթ. Սասուն Վարդանյանը որպես տնօրեն պաշտոնավարել է Արարատյան թեմի Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում։ 1998 թվականի վերջին մեկնել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան՝ Ծիծեռնավանք գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդելու։ 1999 թվականից աշխատանքի է անցել Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան ընծայարանում տեսուչ-տնօրենի և հայոց լեզվի դասախոսի պաշտոնով։ Վերադառնալով Հայաստան՝ շարունակել է աշխատանքն Արցախում։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասուն Վարդանյանի առաջին գիրքը՝ «Մատյան Փրկության»-ը լույս է տեսել 1978 թվականին Իտալիայում։ Գիրքը կազմված է պատմական մի դրամայից և չափածո պոեմից, որոնք երկուսն էլ նվիրված են միջնադարյան հայ աշխարհահռչակ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու կյանքին և գործունեությանը։ Նրա վաղ շրջանի երկերի («Ակունքներ (1989 թ.)», «Սկիզբ (1991 թ.)», «Կախարդական մանկություն (1993 թ.)») հիմնական ատաղձը հայրենի բնաշխարհն է՝ հարազատ գյուղը, նրա կենցաղը, հոգսերն ու ուրախությունները։ Սակայն, Սասուն Վարդանյանին, որպես գրողի ճանաչում և համբավ բերեց «Արամ աշխարհակալ» (1997—1998 թթ.) երկու հսկայածավալ հատորներից բաղկացած պատմավեպը։ Վեպում նկարագրված են մ.թ.ա. IX դարում Հայաստանում ծավալված իրադարձությունները՝ Արամ աշխարհակալ թագավորի նվաճումներն ու մղած պատերազմները բարբարոս կիմերների, սկյութերի, Փռյուգիական ծովային միության և Միացյալ թագավորության դեմ, ինչպես նաև մարա-ասորեստանյան արշավանքները։ Ընթերցող շրջանակների կողմից ջերմ ընդունելության է արժանացել նաև հեղինակի հաջորդ՝ դարձյալ երկու ստվար հատորներից բաղկացած «Արքայից արքա» (2008 թ.) պատմավեպը, որտեղ ներկայացված է 5000 տարվա վաղեմությամբ իրադարձություններ՝ Հայկ նահապետի անվան և գործունեության հետ կապված ավանդապատում առասպելախառն պատմությունը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մատյան փրկության, Իտալիա, 1978, 164 էջ։
  • Սկիզբ, Երևան, 1991, 392 էջ։
  • Կախարդական մանկություն, Երևան, 1993։
  • Հեռու–հեռավոր այն օրերին (պատմվածքներ), Երևան, 1995, 440 էջ։
  • Որոնում, Երևան, 1995, 278 էջ։
  • Անտակ հորը, Երևան, 1996, 356 էջ։
  • Արամ աշխարհակալ, գիրք 1, Երևան, 1997, 712 էջ։
  • Արամ աշխարհակալ, գիրք 2, Երևան, 1998, 788 էջ։
  • Արքայից արքա, հատ. 1, Երևան, 2008, 640 էջ։
  • Արքայից արքա, հատ. 2, Երևան, 2008, 628 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սասուն Վարդանյան» հոդվածին։