Սառա Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սառա Դավթյան
Ծնվել էդեկտեմբերի 24, 1908(1908-12-24)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 13, 1991(1991-05-13)[1] (82 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունհոգեբույժ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1964)
Պարգևներ

Սառա Աբրահամի Դավթյան (դեկտեմբերի 24, 1908(1908-12-24)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մայիսի 13, 1991(1991-05-13)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հոգեբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1966)։ ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1961)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1974)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Դավթյանը ծնվել է թիֆլիսցի ձեռնարկատեր և հասարակական-քաղաքական գործիչ Աբրահամ Գրիգորիի Դավիդով-Դավթյանի և տնային տնտեսուհի Նինա Հակոբի Դավիդովա-Դավթյանի ընտանիքում։ 1915-1926 թվականներին սովորել է Թիֆլիսի Հովնանյան վարժարանում։ 1937 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1937-1939 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի ասպիրանտուրայում (Ա. Զայցևի ղեկավարությամբ)։ 1939-1960 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում, եղել է ասիստենտ, 1955 թվականից՝ դոցենտ, միաժամանակ՝ հոգեբուժական հիվանդանոցի օրդինատոր։ 1941-1955 թվականներին եղել է Հանրապետական հոգեբուժական կլինիկական հիվանդանոցի տնօրեն։ 1960 թվականին եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման Երևանի ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում, 1962-1980 թվականներին ղեկավարել է իր կողմից հիմնադրած ամբիոնը[2]։

1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմի ընթացքում որպես ասիստենտ աշխատել է Երևան էվակուացված Կրասնոդարի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում։ 1941-1943 թվականներին եղել է Երևան էվակուացված Կրասնոդարի զինվորական հոսպիտալի պետը, ռազմա-բժշկական հանձնաժողովի անդամ։ Ունեցել է բժշկական ծառայության փոխգնդապետի կոչում։ 1941-1955 թվականներին եղել է Երևանի քաղխորհրդի առողջապահության բաժնի գլխավոր հոգեբույժ,1962-1984 թվականներին՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ։ 1940-ական թվականներից, միաժամանակ՝ պրոֆեսոր Ա. Մեհրաբյանի ղեկավարությամբ զբաղվել է գիտական ուսումնասիրություններով։

Տիրապետել է հայերենի, ռուսերենի, վրացերենի։

Գիտական աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական թեզ ՝ «Ուղեղի փակ վնասվածքների ժամանակ ձգձգվող նյարդա-հոգեկան խանգարումների կլինիկան» թեմայով, որը բարձր գնահատականի է արժանացել Լևոն Օրբելու, Վ. Գիլյարովսկու և այլոց կողմից։ 1951 թվականին ստացել է բժշկագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Սառա Դավթյանը հոգեբուժությունից դիսերտացիա պաշտպանած հայաստանյան առաջին մասնագետն է։ 1950-1960-ական թվականներին շարունակել է գիտական ուսումնասիրությունները շիզոֆրենիայի ընթացքի առանձնահատկությունների վերաբերյալ։ 1964 թվականին Թբիլիսիում պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Շիզոֆրենիայի դրսևորման վաղ ձևերը և նրա նևրոզանման ընթացքը» թեմայով՝ ստանալով բժշկագիտության դոկտորի գիտական աստիճան։ 1966 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։

Գիտաժողովներ, անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմիցս մասնակցել է նյարդաբույժների և հոգեբույժների համամիութենական, անդրկովկասյան ու հանրապետական համագումարների և գիտաժողովների՝ Մոսկվայում, Լենինգրադում, Թբիլիսիում, Երևանում և այլուր։

Եղել է Նյարդաբույժների և հոգեբույժների համամիութենական ընկերության վարչության անդամ, Հայաստանի նյարդաբույժների և հոգեբույժների ընկերության վարչության անդամ և հոգեբույժների սեկցիայի նախագահը։ Եղել է Շիզոֆրենիայի ուսումնասիրության համամիութենական պրոբլեմային խորհրդի անդամ, ՀԽՍՀ առողջապահության նախարարության կոլեգիայի և գիտա-բժշկական խորհրդի անդամ, Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, Հանրապետական դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի նախագահ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, 1961
  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1974
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Աշխատանքի վետերան մեդալ
  • Առողջապահության գերազանցիկ նշան

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Դավթյանի «Շիզոֆրենիայի վաղաժամ ախտորոշումը» մենագրությունն արժեքավոր ձեռնարկ է հոգեբույժների և ուսանողների համար։ Հեղինակ է հրատարակված շուրջ 218 գիտական հոդվածների և 2 մենագրության։

  • Ранние формы проявления шизофрении и ее неврозоподобное течение, 1969.
  • Ранняя диагностика шизофрении, Ереван, 1972.
  • Շիզոֆրենիայի ժամանակ որոշ սինդրոմներ այլ սինդրոմների փոխակերպման կլինիկո-պաթոֆիզիոլոգիական առանձնահատկությունների հարցի մասին (ռուսերեն)։
  • Роль эк­зогенных факторов в развертывании и течении шизофрении, 1974.
  • Հետծննդյան և ինֆեկցիոն պսիխոզներ (ռուսերեն, ձեռագիր), 1978։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=1914
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002։
  • Айриян А.П., Армянские учёные-медики, Ереван, 1998.