Ռեմոնտանտ մեխակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեմոնտանտ մեխակներ (անընդհատ ծաղկող) (լատին․՝ Dianthus caryophyllus), այս մեխակները վերջին տարիներին ջերմատնային պայմաններում աճեցվում են նաև Հայաստանում։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մեխակը սովորաբար բազմացնում են կտրոններով, որի համար հարկավոր է պատրաստել հատուկ մայրակներ. չպետք է թողնել, որ դրանք ծաղկեն, երբ կտրոնները վերցնում են ծաղկող մայրակներից, դրանցից աճեցրած բույսերից ստացված ծաղիկների թե՛ քանակը, թե՛ որակը համեմատաբար ցածր է լինում։ Կտրոններ վերցնելու համար նախատեսված մայրակ բույսերի նոր կազմակերպվող կոկոններն անպայման պետք է հեռացնել։ Կտրոններ պատրաստելու համար ամենալավ ժամկետներն են հոկտեմբեր-նոյեմբեր և փետրվար-մարտ ամիսները։

Կտրոնները պետք է վերցնել 3-4 հանգույց ունեցող աճող շիվերից, որոնցից երկուսը պետք է լինեն լավ ձևավորված՝ կազմակերպված։ Ջերմատներում կտրոնները պետք է տնկել բազմացման արկղերում. կարելի է օգտագործել նաև սածիլման արկղեր՝ լցրած պեռլիտով, սպիտակ ավազով կամ եռացող ջրով մաքուր լվացված գետի ավազով, որոնց տակը նախօրոք պետք է լցնել 4 տոկոսանոց ֆորմալինի լուծույթով ախտահանված, 3-5 սմ հաստությամբ հողաշերտի խառնուրդ՝ բանջարանոցային և տորֆահող հավասար չափով։ Նշված հողաշերտը ախտահանելիս 1 մ տարածության համար պետք է օգտագործել 2,5-3 լիտր պատրաստի լուծույթ։

Ախտահանումից 20-25 օրից հետո հողը կարելի է օգտագործել։ Օգտագործվող պերլիտի կամ ավազի միջին ջերմաստիճանը պետք է պահպանել 18-20 °C աստիճանի սահմաններում, իսկ օդինը՝ 16-18 °C։ Այդ պայմաններում կտրոնները կարող են արմատակալել 3-6 շաբաթվա ընթացքում. առաջին առաջին տասնօրյակում դրանք մի փոքր ավելի խոնավ պետք է պահել, հետագայում խոնավությունն աստիճանաբար պակասեցնել։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեխակի արմատային սիստեմը շատ թույլ է, այդ պատճառով տեղից-տեղ փոխադրելիս պետք է զգուշանալ, որպեսզի տնկման ժամանակ արմատները չվնասվեն, հակառակ դեպքում բույսերը կարող են չորանալ կամ դրանց նորմալ աճը երկար ժամանակ կանգ առնի։ Ծերատումն ընդհանրապես չպետք է ուշացնել, որովհետև բույսի դալար շիվերը կփայտանան և ծերատումն արդեն ցանկացած արդյունքը չի տա։ Խոշոր ծաղիկներ ստանալու նպատակով ծաղկակոթունի կողքերի վրա նոր կազմակերպվող կոկոններն անմիջապես պետք է կտրել՝ բջատել, թողնելով միայն ծայրերի կոկոնները։

Երևանի պայմաններում ջերմատներում աճեցվող մեխակների առատ ծաղկումը սկսվում է փետրվար կամ մարտ ամիսներից, իսկ մինչև այդ ծաղկումն ընթանում է դանդաղ։ Որպեսզի խոր աշնանը և ձմռանը շատ ծաղիկներ ստացվեն, հարկավոր է բույսերին լրացուցիչ լուսավորությաուն տալ, առավել ևս ամպամած եղանակներին։ Պարարտացնելիս պետք է աշխատել ազոտ պարունակող պարարտանյութը չափից շատ չտալ, որովհետև դրա պատճառով նոր ստացվող կոկոնների բաժակները ճեղքվում են։ Նույնպիսի անցանկալի ազդեցություն են թողնում նաև օպտիմալ ջերմաստիճանի (20) խախտումները։

Բույսերը ջրելիս չպետք է անմիջապես ծորակի ջուրը օգտագործել, որովհետև դա նույնպես բացասական ազդեցություն է թողնում բույսերի վրա։ Ջրի ջերմաստիճանը պետք է համապատասխանի հողի ջերմաստիճանը 1-2 °C աստիճանով բարձր լինի։ Պետք է ջրել առանց ցնցուղի։

Պաթոգեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծածկած գրունտի պայմաններում, միշտ ծաղկող մեխակները հաճախ հիվանդանում են տարբեր հիվանդություններով՝ ժանգով, ֆուզարիոզով, գորշագույն փտումով և այլն։ Բույսի համար ավելի վտանգավոր են առաջին երկուսը։ Դրանցով ուժեղ վարակվելու դեպքում 50-80 տոկոսը ոչնչանում են։ Ժանգը վնասում է բույսի տերևներին, ցողունին, բաժակաթերթերին, կոկոններին։ Սկզբում երևան են գալիս դեղնավուն, մանր խալեր, որից հետո փոքր ելունգներ (աննշան ուռուցքներ), որոնք հետագայում պայթում են և տերևի երեսին նկատվում են (Uromyces caryophyllinus Wint.) սնկի ժանգակարմրավուն սպորները։ Այդ ժամանակ պետք է շատ զգույշ լինել, որովհետև դրանք օդի, ջրի և աշխատողների միջոցով շատ հեշտությամբ փախադրվում են և վարակում առողջ բույսերը։ Ժանգ հիվանդության դեմ կարելի է պայքարել հետևյալ բուժանյութերով՝ կապտան (0,7%), ցիրամ (1%) պոլիկարբոցին (0,4%)։

Նշված բուժանյութերը մարդու համար շատ վտանգավոր են։ Խորհուրդ է տրվում դրանց փոխարեն օգտագործել բորդոյան հեղուկ կամ միայն կիր (չհանգած). 100 լիտր ջրում լուծել 300 գ ու սրսկել։ Առաջին սրսկումից հետո բույսերի հիվանդ մասերը պետք է կտրել և այրել։ Երկրորդ սրսկումը կատարել 7-10 օր ընդմիջումով։ Դա վերաբերում է նաև բորդոյան հեղուկին։ Մյուս հիվանդությունը, որի հարուցիչն է Fusarium oxyporum schlecht. dianthi-ը, հատկապես վնասում է բույսի արմատներին։ Դրանով վնասվում է բույսերի ամրությունը՝ տուրգորը թուլանում է, տերևները դեղնում, հետագայում ընդունում են ծղոտի կամ սպիտակավուն երանգ, թառամում են, արմատավզիկը բարակում է, դառնում մուգ դարչնագույն։

Այս հիվանդությունը բարձր ջերմության պայմաններում 22-24°-ում շատ արագ է զարգանում։ Հիվանդության զարգացմանը նպաստում է նաև հողի գերխոնավությունը։ Վերը նշված պայմանները նպաստում են նաև գորշ փտախտի զարգացմանը։ Որպեսզի այս հիվանդությունները չզարգանան, հնարավորության սահմաններում հողը պետք է չոր պահել։ Վարակված բույսերն անմիջապես հանել, այրել, իսկ տեղերը ախտահանել կալիումմանգանտի լուծույթով կամ մեկ այլ նյութով։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեմոնտանտ մեխակներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեմոնտանտ մեխակներ» հոդվածին։