Ջեյմս Բրեդդոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Մոխրոտիկ» Ջեյմս Բրեդդոկ

Ջեյմս Ուոլտեր Բրեդդոկ (անգլերեն՝ James Walter Braddock) (07.06.1905 - 29.11.1974), իռլանդական ծագումով ամերիկացի բռնցքամարտիկ, ով 1935-37 թթ. հանդիսացել է աշխարհի չեմպիոնը՝ ծանրքաշային կարգում։

Նա հայտնի է կարիերայի անկմամբ (աջ ձեռքի վնասվածքներ, մի շարք պարտություններ, 1929 թ. սկսված տնտեսական Մեծ Ճգնաժամի ժամանակ ընտանիքի ծախսերը հոգալու համար ընդհուպ մինչև նավամատույցում բեռնակիր աշխատելը) և զարմանահրաշ վերադարձով ու աշխարհի չեմպիոնի կոչման նվաճմամբ, որի համար ստացել է «Մոխրոտիկ» (Cinderella Man) մականունը։

Նրա բնութագրիչ գծերից էին աջ ձեռքի հուժկու հարվածները և «գրանիտե» կզակը։

Հանդես էր գալիս Ջեյմս Ջ. Բրեդդոկ անվամբ (հավանաբար հետևելով նախկին չեմպիոններ Ջեյմս. Ջ. Կորբետի և Ջեյմս Ջ. Ջեֆրիսի անուններին)։

Վաղ տարիները[խմբագրել]

Բրեդդոկը ծնվել է Նյու Յորքի «Դժոխքի Խոհանոց» (Hell's Kitchen) հատվածում՝ Արևմտյան 51-րդ փողոցում, որը բավականին մոտ է Մեդիսոն Սքվեր Գարդենին (Madison Square Garden), որտեղ նա հետագայում հայտնի էր դառնալու։

Երիտասարդ տարիքում Բրեդդոկը ցանկացել է խաղալ Նոտր-Դամի Համալսարանի (University of Notre Dame) ամերիկյան ֆուտբոլի (en:American football - ձևափոխված ռեգբի) լեգենդար մարզիչ Կնուտ Ռոքնիի (Knute Rockne) թիմում, բայց իր իսկ խոստովանությամբ՝ ավելի շատ մկաններ ուներ, քան ուղեղ։

Կարիերայի սկիզբը և անկումը[խմբագրել]

21 տարեկանում Բրեդդոկը արդեն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր թեթև ծանրքաշային կարգում։ Երեք տարի անց նրա ցուցանիշներն էին՝ 44-2-2, ընդ որում 21-ը՝ նոկաուտ։

1928 թ. նա հաղթանակ տարավ՝ նոկաուտի ենթարկելով բարձր վարկանիշ ունեցող Թաֆի Գրիֆիտսին (Tuffy Griffiths)։ Հաջորդ տարի նա հնարավորություն վաստակեց պայքարելու չեմպիոնի կոչման համար, բայց 15 ռաունդի արդյունքում չնչին տարբերությամբ պարտվեց Թոմի Լուգրանին (Tommy Loughran)։

Բրեդդոկը ծանր տարավ այդ պարտությունը թե հոգեբանական և թե առողջական (նրա աջ ձեռքը մի քանի տեղ ճաքեր էր տվել) առումներով։

Նրա վարկանիշը հաջորդ 33 մենամարտերի արդյունքում ընկավ մինչև 11-20-2։ Հաշվի առնելով ընտանիքի ծանր վիճակը 1929 թ. սկսված տնտեսական Մեծ ճգնաժամի ժամանակ՝ նա դադարեցրեց բռնցքամարտիկի իր կարիերան և սկսեց աշխատել նավամատույցում իբրև բեռնակիր (այդ ժամանակ աջ ձեռքի վնասվածության պատճառով նա սկսեց ավելի շատ օգտագործել ձախ ձեռքը, ինչի արդյունքում այն աջ ձեռքից ավելի ուժեղ դարձավ)։

Վերադարձը և չեմպիոնի կոչման նվաճումը[խմբագրել]

1934 թ. Բրեդդոկը մենամարտի հնարավորություն ստացավ Ջոն Գրիֆինի (John Griffin) հետ։ Չնայած Բրեդդոկը նախատեսվում էր ընդամենը իբրև աստիճան՝ Գրիֆինի բարձրացող կարիերայի համար, նա նոկաուտի ենթարկեց Գրիֆինին արդեն երրորդ ռաունդում։ Այնուհետև Բրեդդոկը հաղթեց աշխարհի ապագա թեթև ծանրքաշային չեմպիոն Ջոն Լյուիսին (John Henry Lewis), իսկ ծանրքաշային կարգում չեմպիոնի ևս մեկ բարձր վարկանիշ ունեցող հավակնորդի՝ Արտ Լասկիին (Art Lasky) հաղթելուց հետո նա չեմպիոնի կոչման համար մարտի իրավունք ստացավ ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն Մաքս Բայերի (Max Baer) հետ։ Բրեդդոկը հատուկ ընտրվել էր Բայերի թիմի կողմից՝ իբրև թույլ հակառակորդ (թե ուժի և թե տարիքի [30 տարեկան՝ ընդդեմ Բայերի 26-ի] չափանիշներով)։

1935 թ. հունիսի 13-ին Մեդիսոն Սքվեր Գարդեն մարզասրահում (Madison Square Garden Bowl) իր անկոտրում դիմացկունության շնորհիվ Բրեդդոկը դատավորների միաձայն որոշմամբ նվաճեց ծանրքաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ բոքսի պատմության մեջ ամենազարմանալի հաղթանակներից մեկը տանելով (մարտից առաջ նրան 10-ից 1 շանս էին տալիս)։

Բրեդդոկը միշտ հիշում էր պետական նպաստ ստանալուց զգացած նվաստացումը, բայց նաև՝ ոգեշնչումը Կաթոլիկ Աշխատողների Շարժումից (անտուն և քաղցած մարդկանց օգնելու նպատակով 1933 թ. հիմնադրված սոցիալական արդարության քրիստոնեական կազմակերպություն)։ Դեպի ռինգ հաղթական վերադարձից հետո Բրեդդոկը վերադարձրեց պետությունից ստացած նպաստների գումարը, սկսեց կանոնավոր նվիրատվություններ կատարել տարբեր Կաթոլիկ Աշխատողների Տների, ինչպես նաև՝ ընտանեկան ճաշերին տնազուրկ հյուրեր հրավիրել։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • 2001 թ. Բրեդդոկը ներառվել է Բռնցքամարտի Միջազգային Պանթեոնի մեջ։
  • 2005 թ. «Մոխրոտիկը» (Cinderella Man) ֆիլմը պատմում է Բրեդդոկի անկման, պայքարի ու հաղթանակի մասին։ Ֆիլմի ռեժիսորն է Ռոն Հովարդը (Ron Howard), Բրեդդոկի դերում՝ Ռասըլ Կրոուն (Russell Crowe)։ Հարևանուհիներից մեկի դերում հանդես է գալիս Բրեդդոկի թոռնուհի Ռոզմարի Դեվիտը (Rosemarie DeWitt)։