Պրոքսի պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրոքսի պատերազմ կամ միջնորդավորված պատերազմ (անգլ.՝ proxy war, նաև պատերազմ ուրիշի ձեռքերով), միջազգային հակամարտություն երկու երկրների միջև, որոնք ցանկանում են սեփական նպատակներին հասնել պատերազմական գործողությունների միջոցով մեկ այլ՝ երրորդ երկրի ռեսուրսներն օգտագործելու եղանակով՝ ունենալով այդ երրորդ երկրի ներքին կոնֆլիկտը քողարկելու թույլտվություն (դասական բնորոշում, որ ձևակերպել է ամերիկացի քաղաքագետ, սոցիոլոգ Կառլ Դոյչը 1964 թվականին)[1]։

Բնորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտնականները տարակարծիք են միջնորդավորված պատերազմը ձևակերպելու հարցում։ Այսպես, Ա. Մամֆորդը կարծում է, որ Դոյչի սահմանումը Սառը պատերազմի հակամարտությունները դիտարկելու տեսանկյունից անարդարացի կերպով անտեսում է ոչ պետական խաղացողներին[1]։ Մամֆորդի կարծիքով պրոքսի պատերազմի ձևակերպումը տալու համար էական են ինը հարցեր, որոնք 1980-ական թվականներին առաջ է քաշել Յակով Բար Սիման Թովը (անգլ.՝ Yaacov Bar-Siman-Tov, եբրայերեն՝ ‏יעוקב בר סימן-טוב‎): Ստորև ներկայացվում են այդ հարցերը Մամֆորդի պատասխաններով։

  • Կարո՞ղ է պատերազմը համարվել պրոքսի, եթե արտաքին ուժն ուղղակի ներկայություն ունի։

- Ո՛չ, անուղղակի մասնակցությունը պրոքսի պատերազմի անբաժանելի տարրն է։

  • Էակա՞ն է այն հանգամանքը, որ տեղական հակամարտության երկու կողմերն էլ հանդես են գալիս արտաքին ուժերի ներկայացուցիչներով։

- Ո՛չ, պարտադիր չէ, որ միջնորդների կարգավիճակը սիմետրիկ լինի։

  • Կարելի՞ է պատերազմը միջնորդավորված համարել միայն մեկ կողմի համար։

- Այո՛: Որպես օրինակ Մամֆորդը ներկայացրել է Աֆղանական պատերազմը, որտեղ միջնորդավորված է եղել միայն ամերիկյան կողմը։

  • Պատերազմը պրոքսի բնորոշելու համար արդյոք անհրաժեշտ է գոնե կողմերից մեկի վկայությունն այդ մասին։

- Ո՛չ, արտաքին ուժերը կսկսեն կիրառել «լեզվական ծուղակներ», ինչպես օրինակ՝ «ուժերի պրոեկցիա», «օտար օգնություն» և այլն։

  • Պատերազմը պրոքսի կոչելու համար արդյոք բավարար է օտար ուժերի բնորոշումը, թե՞ հակամարտության կողմերից մեկը պետք է հայտարարի այդ մասին։

- Ո՛չ, քանի որ առավել հավանական է, որ հակամարտությունը միջնորդավորված կարող են համարել ուրիշ երկրներ, որոնք ներգրավված չեն հակամարտութ թյան մեջ։

  • Ինչպե՞ս տարբերել միջնորդավորված պատերազմը ռազմական դաշինքներից։

- Երբեմն դժվար է դրանք տարբերել, սակայն սովորաբար դաշինքը բնորոշվում է դաշնակիցների համար ընդհանուր նպատակներով պայմանավորված արյուն թափելու պատրաստակամությամբ, իսկ միջնորդավորված պատերազմի դեպքում արտաքին ուժերը չեն արտահայտում այդպիսի ցանկություն։

  • Ինչպե՞ս տարբերակել հակամարտող կողմերից մեկին տրամադրվող ռազմական արտաքին օգնությունը միջնորդավորված պատերազմից։

- Դա սուբյեկտիվ մեկնաբանություն է՝ հիմնված կողմերի գնահատականների վրա։

  • Կարող է արդյոք ոչ մեծ պետությունը հակամարտել մեծ պետության ձեռքերով։

- Այո՛, ընդ որում մեծ պետությունը սովորաբար չի ըմբռնում իր գործողությունների ազդեցությունը (Մամֆորդի կարծիքով հակամարտությունը պրոքսի բնորոշելու համար անհրաժեշտ չէ, որ բոլոր կողմերն ընդունեն նրա միջնորդավորված լինելը։ Նա կարծում էր, որ 2003 թվականին ԱՄՆ-ը Իրաքի պատերազմում արդյունավետ պայքարել է որպես Իրանի միջնորդ)։

  • Արդյոք պրոքսի պատերազմը պահանջում է մեծ տերությունների և փոքր երկրների փոխազդեցություն։

- Ո՛չ, պատերազմը կարող է ընդգրկել ոչ պետական կազմավորումներ։

Մամֆորդը հստակ սահմանագիծ է անցկացրել միջնորդավորված պատերազմի և գաղտնի գործողության միջև, որում պետությունը, թեկուզև գաղտնի, սակայն անմիջական մասնակցություն է ունենում։ Սակայն միջնորդավորված պատերազմները երբեմն հանգեցնում են գաղտնի գործողությունների կատարմանը։

Ուրիշի ձեռքերով պատերազմի հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովանավոր երկրների ունեցած բացահայտ առավելության հետ (փոքր ռիսկ, որը պայմանավորված է սեփական զոհերի բացակայությամբ, ճշմարտանման ժխտման հնարավորություն) միջնորդավորված պատերազմի մասնակիցներն ունենում են բացասական հետևանքներ։ Մամֆորդը մատնանշել է այս դեպքում առանձնացվող երեք խնդիրներ[1]։

  1. Կախվածություն։ Սառը պատերազմի ժամանակահատվածում միջնորդավորված պատերազմները, մասնավորապես Աֆրիկայում ընթացող պատերազմները, հանգեցրին երիտասարդ պետությունների ոչ ցանկալի կախվածությանը ԽՍՀՄ-ից և ԱՄՆ-ից։
  2. Առավել երկարատև և արյունալի հակամարտություններ։ Մամֆորդը նշում է, որ լայն տարածում ունեցող այն պատկերացումը, որ միջնորդավորված պատերազմը կարող է կարճատև լինել, սխալ է։ Իրականում միջամտությունը սովորաբար երկարաձգում է հակամարտությունը, քանի որ պարտվող առավել թույլ կողմին համեմատաբար դժվար չէ ուժեղացնել ու հասցնել այնպիսի մակարդակի, որը կհանգեցնի պատային իրավիճակի։ Մամֆորդը նշում է, որ սովորաբար միջնորդավորված պատերազմները դուրս չեն գալիս հակամարտող երկրների սահմաններից, քանի որ կողմերը ցանկանում են նվազագույնի հասցնել ուղղակի կորուստները։ Եթե նույնիսկ տեղի է ունենում սահմանների տարածում, ապա դա կատարվում է մասնակիցների համար անսպասելի սցենարով։
  3. Հակամարտության ընդլայնում։ Պրոքսի պատերազմը սովորաբար ենթադրում է աշխարհաքաղաքական ընկալման թևավոր խոսքի ընդունում. «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է»։ Սակայն, ինչպես ցույց է տվել պրակտիկան, պատերազմի ավարտից հետո միանգամայն հնարավոր է հակառակ հարվածը (անգլ.՝ blowback), երբ պարզվում է, որ հովանավոր երկրի շահերը միայն մասնակիորեն են համընկել պատերազմող երկրի շահերին։ Ամերիկացի գրող Չալմերս Ջոնսոնի կարծիքով XXI դարի համաշխարհային քաղաքականությունը հիմնականում բնորոշվելու է հակառակ հարվածով[2]։ Որպես օրինակ Մամֆորդը բերում է ԱՄՆ-ի՝ Աֆղանստանում հակակառավարական ապստամբներին հակաօդային Stinger հիթիռների մատակարարման որոշումը, որոնք, չնայած ԱՄՆ-ի՝ դրանք վերադարձնելու ջանքերին, կիրառվել են այլ տարածքներում՝ ընդհուպ մինչև Բոսնիա և Պաղեստին։ Մամֆորդը հակառակ հարվածի օրինակ է համարում նաև Աֆղանական պատերազմի ավարտի արդյունքը, երբ մոջահեդները Աֆղանստանի տարածքում ստեղծել են իսլամական արմատականների բազա։ Ամերիկացիները չեն մտածել այն հետևանքների մասին, որ կարող էր ունենալ Թալիբան շարժումը երկարատև իշխանություն ունենալուց հետո։ Նույնիսկ 1998 թվականին Զբիգնև Բժեզինսկին առաջ է քաշել իր կարծիքով հռետորական մի հարց. «Ի՞նչն է ավելի կարևոր եղել համաշաարհային պատմության մեջ՝ Թալիբա՞նը, թե՞ Խորհրդային կայսրության անկումը, մի քանի իսլամիստնե՞րը, թե՞ Կենտրոնական Եվրոպայի ազատագրումը»։ Այն գիտակցումը, որ ԱՄՆ-ն մի պատերազմը փոխարինել է մյուսով, եկել է հաստատվելու 2001 թվականի սեպտեմբերի 11-ին։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամֆորդը առանձնացնում է միջնորդավորված պատերազմի հետևյալ օրինակները.

  • Իսպանիայի քաղաքացիական պատերազմ։ Այս պատերազմը միջնորդավորված էր համարում նաև Էնտոնի Բիվորը։ Մամֆորդը մատնանշում էր Գերմանիայի և Իտալիայի միջամտությունը, որոնք ուղղակի կռվել են ֆրանկոյականների կողմից, և ԽՍՀՄ-ի միջամտությունը, որը մինչև պատերազմի վերջ միջամտել է ռազմական տեխնիկայով ու կամավորների մասնակցությամբ։
  • Անգոլայի քաղաքացիական պատերազմ։ ԱՄՆ-ը կռվել է Անգոլայի ազատագրման ազգային ճակատի, իսկ ԽՍՀՄ-ը՝ Անգոլայի ազատագրման ժողովրդական շարժման ձեռքերով։ Ընդ որում, Կուբան ուղղակի մասնակցություն է ունեցել ռազմական հազարավոր խորհրդատուներով։ Այս պատերազմում խամաճիկներին ղեկավարող երկրների մոտիվները շատ տարբեր են եղել անգոլացիների հետաքրքրություններից։ Այսպես, երբ Կենտրոնական հետախուզության տնօրեն Ուիլյամ Կոլբիին հարցրել են, թե ինչում է ԱՄՆ-ը սատարում Անգոլայի ազատագրման ազգային ճակատին, նա պատասաանել է. «Պարզագույն պատասխանն այն է, որ ԽՍՀՄ-ը սատարում է Անգոլայի ազատագրման ժողովրդական շարժմանը»՚: Մամֆորդը նշում է, որ դա հրաշալի օրինակ է այն բանի, որ միջնորդավորված պատերազմները ստեղծում են լարվածության օջախներ։ Հենրի Քիսինջերը այն ժամանակ նշել է, որ «լիցքաթափման քաղաքականությունը չի կարող վերապրել ևս մեկ Անգոլա»։
  • Իրաքի պատերազմ։ Մամֆորդը կարծում էր, որ այս պատերազմը ևս միջնորդավորված է, քանի որ Իրանը Իրաքի իսլամական բարձրագույն խորհրդի և «Բադրա» խմբավորման հետ հաջողությամբ օգտվել է Իրաքի վրա ԱՄՆ-ի հարձակումից իր ազդեցությունը մեծացնելու համար, որին հասնելու համար սատարել է «Հեզբոլլահ» կազմակերպությանը։
  • Լիբիայի քաղաքացիական պատերազմ։ Բնորոշվել է 2011 թվականի օգոստոսի վերջին ոչ միայն ՆԱՏՕ-ի ուղղակի մասնակցությամբ, այլև մարտի վերջից ԱՄՆ-ի՝ Սաուդյան Արաբիային ուղղված պահանջով՝ զենք տրամադրելու հակակառավարական ուժերին։

Ամերիկացի գրող, քաղաքական վերլուծաբան Գրեմ Ֆուլերը պրոքսի պատերազմ է համարել նաև Երկրորդ լիբանանյան պատերազմը (2006), երբ նրա կարծիքով ԱՄՆ-ն ու Իրանը կռվել են Իսրայելի և Հեզբոլլահի ձեռքերով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Andrew Mumford. Proxy Warfare. John Wiley & Sons, 2013. С. 13.
  2. Chalmers Ashby Johnson[en] Blowback, Second Edition: The Costs and Consequences of American Empire. — January 4, 2004. — Holt Paperbacks[en]. — С. 288. — ISBN 0805075593
  3. Graham E. Fuller. The Hizballah-Iran Connection: Model for Sunni Resistance // The Washington Quarterly, Volume 30, Number 1, Winter 2006-07. С. 139-150. Цит. по Мамфорду.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Andrew Mumford Proxy Warfare. — Cambridge: Polity Press, 2013. — 141 с. — ISBN 978-0-7456-5119-4
  • Chalmers Johnson The Costs and Consequences of American Empire. — Henry Holt and Company. — ISBN 0805075593
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոքսի պատերազմ» հոդվածին։