Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկի ռուս աշխարհագրագետ, վիճակագիր, հասարակական գործիչ, Պետերբուրգի ակադեմիայի պատվավոր անդամ (1873 թվական), ռուսական աշխարհագրական ընկերության փոխնախագահ (1873-1914 թվականներ), պետական խորհրդի անդամ (1897 թվական)։

Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1848 թվական)։ 1849 թվականից արշավախմբային աշխատանքներ է կատարել Արևելաեվրոպական (Ռուսական) հարթավայրում։ 1853-1855 թվականներին Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում և Իտալիայում ուսումնասիրել է աշխարհագրություն, երկրաբանություն։ Թարգմանել է Կ․ Ռիտտերի «Ասիայի երկրագիտությունը»՝ լրացնելով այն Ռուսաստանի ասիական մասի վերաբերյալ եղած նորագույն նյութերով։ 1856-1857 թվականներին ուսումնասիրել է Տյան Շանը, կազմել Տյան Շանի լեռնագրական և բարձունքային գոտիականության առաջին սխեման, հայտնաբերել սառցադաշտեր։ 1906 թվականին այդ ուսումնասիրությունների 50-ամյակի առթիվ նրան իրավունք տրվեց ագգանվանը ավելացնել «Տյան- Շանսկի»։ 1864—1874 թվականներին ղեկավարել է Կենտրոն վիճակագրական կոմիտեն, 1874—1897 թվականներին՝ Վիճակագրական խորհուրդը։ Վիճակագիրների առաջին համագումարի (1870 թվական)և առաջին ընդհանուր մարդահամարի (1897 թվական) կազմակերպիչն է։ Տվել է Եվրոպական Ռուսաստանի տնտեսական շրջանացման սխեման (12 շրջան)։ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկիկազմել է «Ռուսական կայսրության աշխարհագրական վիճակագրական բառարանը», 5 հատորով (1863—1885 թվականներ), «Ռուսաստան» բազմահատոր աշխարհագրական հրատարակությունը 11 հատորով (1899—1914 թվականներ), գրել Աշխարհագրական ընկերության 50-ամյակին նվիրված եռահաաոր աշխատությունը (1896 թվական)։ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկի անվամբ են կոչվել մի շարք աշխարհա¬ գրական օբյեկտներ Միջին և Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Ալյասկայում, Շպիցբերգենում և բուսական ու կենդանական մոտ 100 նոր տեսակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png