Պիեռ Տեյար դը Շարդեն
-
Այս հոդվածը Պիեռ Տեյար դը Շարդենի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Շարդեն (այլ կիրառումներ)։
Պիեռ Տեյար դը Շարդեն (ֆրանսերեն` Pierre Teilhard de Chardin, 1881, մայիսի 1 - 1955, ապրիլի 10), ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, աստվածաբան, բնագետ։
Ծնվել է Ֆրանսիայի Օվեռն գավառում։ Տեյարը կրթվել է ճիզվիտական ուսումնական հաստատություններում, որոնք աչքի են ընկել ուսուցանվող գիտակարգերի լայն ցանկով ։ 1899-ին դառնում է Հիսուսյան ուխտի անդամ, 1901-ին` քահանա, 1920-25-ին` դասավանդում է Փարիզի կաթոլիկական համալսարանում։
Կյանքի օրոք նա ավելի մեծ միջազգային ճանաչում է ձեռք բերում որպես բնագետ, քան աստվածաբան։ Նա իր ժամանակի հեղինակավոր մարդաբան-հնէաբաններից էր, սինանթրոպի բրածոյի հայտնաբերողներից մեկը, ընդ որում առաջինն էր հասկացել այդ հայտնագործության ողջ կարևորությունը գիտության համար. հայտնագործություն, որի շնորհիվ վերականգնվում էր մարդանման կապկի և մարդու հնագույն տեսակի միջև պակասող կենսաբանական օղակը։
Նախապես Տեյարի փիլիսոփայության և կրոնի բնագավառի գաղափարները տարածում չգտան, քանի որ եկեղեցական ղեկավարությունը նրան հետապնդում էր «կրոնական այլախոհության» համար։ Նրան արգելեցին դասավանդել, ինչպես և հրատարակել փիլիսոփայական և աստվածաբանական բնույթ ունեցող երկեր, նա փաստորեն վտարվեց հայրենիքից։ 20 տարուց ավելի նա անցկացրեց Չինաստանում, հնէաբանական հետազոտություններ կատարեց բոլոր մայրցամաքներում։
Միայն 1950-ին 70-ամյա Տեյարին ընտրեցին Փարիզի Գիտությունների ակադեմիայի անդամ։
Ֆրանսիայից երկրորդ անգամ վտարվելուց հետո նա բնակություն հաստատեց ԱՄՆ-ում (Նյու Յորքում), որտեղ էլ մահացավ 1955-ին: Նրա գլխավոր աշխատությունը` «Մարդու ֆենոմենը» լույս տեսավ ետմահու նույն թվականին։[1],
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Պիեռ Տեյար դը Շարդեն (1998)։ Մարդու ֆենոմենը։ Երևան: Սարգիս Խաչենց, V-VI։
