Պետական բյուջե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պետական բյուջե, պետական մարմինների գործունեությունն ապահովելու և պետության գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման ու ծախսման ձև։ Ժողովրդավարական բոլոր պետություններում պետական բյուջեի ընդունումը խորհրդարանի կարևորագույն լիազորություններից է։ Որպես կանոն, բյուջեն խորհրդարանին ներկայացնում է պետության ղեկավարը կամ կառավարության ղեկավարը։ Հայաստանում պետական բյուջեն հաստատում է Ազգային ժողովը՝ կառավարության ներկայացմամբ, իսկ քննարկման և հաստատման կարգը սահմանվում է օրենքով (Հայաստանի Սահմանադրություն, հ. 76)։ Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեն, ինչպես նաև դրան նախորդող տարվա բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատվում է օրենքով։ Այն ծառայում է որպես դրամական միջոցների համապետական ֆոնդ, որն ստեղծվում է պետական ծախսերի ծածկման համար։ Բյուջեն համապետական դրամական միջոցների ֆոնդի ստեղծման և օգտագործման ծրագիրն է։ Այն նախահաշիվ, պետության եկամուտների և ծախսերի ցանկն է։ Բյուջեի եկամուտներն ու ծախսերը միմյանց հետ համաձայնեցված են, ինչպես ըստ իրենց ծավալի, այնպես էլ ըստ ստացման և օգտագործման ժամկետների։

Պետական բյուջե՝ պետության դրամական միջոցների, համապետական ֆոնդի ստեղծման և օգտագործման հիմնական փաստաթուղթն է; Պետության դրամական եկամուտների և ծախսերի հաշվեկշիռ, որ կազմվում է որոշակի ժամանակահատվածի (սովորաբար մեկ տարվա) համար։ Պետական բյուջերի էությունը որոշվում է հասարակության տնտեսական կարգով, պետության բնույթով ու ֆունկցիաներով։ Կապիտալիստական երկրների պետական բյուջեն ենթակա է արտադրության տարերային օրինաչափություններին, ուստի այն հանդես է գալիս որպես կողմնորոշիչ, մոտավոր նախահաշիվ։ Անկումներն ու ճգնաժամերը կրճատում են պետական բյուջեի եկամուտների մուտքերը՝ միաժամանակ առաջացնելով ծախսերի աճը։ Պետական բյուջեի անկայունությունը դրսևորվում է նաև նրա հաճախակի դեֆիցիտով, որը կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի ժամանակաշրջանում դառնում է մշտատև։ Բուրժուական պետությունն ակտիվորեն թափանցում է էկոնոմիկայի ոլորտը՝ ներգործելով վերարտադրության պրոցեսի տարբեր կողմերի վրա։ Կենտրոնացնելով ազգային եկամտի զգալի մասը՝ պետությունն իրագործում է էկոնոմիկայի կարգավորիչի իր դերը և ազգային եկամուտը վերաբաշխում հօգուտ մոնոպոլիաների՝ ռազմական պատվերների, պետական բյուջեի սպառման և այլնի միջոցով։ Մեծանում է պետության ձեռքին կենտրոնացվող և բյուջեի միջոցով վերաբաշխվող ազգային եկամտի բաժինը։ Այսպես, 20-րդ դարի սկզբներին զարգացած կապիտալիստական երկրներում պետությունը բյուջեում կենտրոնացնում էր ազգային եկամտի 5-10 %-ը, իսկ 60-ական թվականների վերջին արդեն՝ 30-45 %-ը։ Մի շարք կապիտալիստական երկրներում պետական բյուջեի միջոցով ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորվում է հիմնական կապիտալի բոլոր ներդրումների 1/3-ից մինչև կեսը։ Բյուջեի եկամուտների գլխավոր աղբյուրը ուղղակի կամ անուղղակի հարկերն են, որոնք կազմում են բյուջետային բոլոր եկամուտների 85-95%-ը և հիմնականում ընկնում են բանվոր-ծառայողների, գյուղացիների (ֆերմերների) և մանր բուրժուազիայի վրա։ Ոչ հարկային եկամուտները (5-15%) ստացվում են ձեռնարկություններից, պետական ունեցվածքից և այլն։ Բյուջեի եկամուտների աղբյուր են նաև պետական փոխառություններն ու թղթադրամի էմիսիան։ Պետական բյուջեի ծախսերի մեջ հիմնականը ուղղակի և անուղղակի ռազմական ծախսերն են, որոնք որոշ կապիտալիստական երկրներում կլանում են բյուջեի համարյա 50%-ը։ Զգալի բաժին են կազմում պետական պարտքերի դիմաց վճարվող տոկոսները։ Խոշոր ծախսեր են կատարվում պետական ձեռնարկությունների, ճանապարհների, կամուրջների, նավահանգիստների, լուսավորության, առողջապահության և այլ հիմնարկությունների շինարարության վրա, ինչպես նաև ազգայնացված ձեռնարկությունների նախկին տերերին փոխհատուցելու համար։ Գիտատեխնիկական հեղափոխության պայմաններում աճում են գիտական հետազոտությունների վրա կատարվող ծախսերը։ Զարգացած կապիտալիստական երկրներում այդ ծախսերի 60-70%-ը կատարվում է պետական բյուջեի հաշվին։ Խոշոր միջոցներ են օգտագործվում արտահանման խրախուսման, արտասահմանյան երկրներին վարկեր տրամադրելու նպատակով։ Զգալի միջոցներ է կլանում պետական ապարատը։ Կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ծախսերը համեմատաբար փոքր են, սակայն դասակարգային պայքարի և որակավորված աշխատուժի նկատմամբ պահանջի մեծացմամբ դրանք աճում են։ ՈՒնիտար (միացյալ) պետություններում (Անգլիա, Ֆրանսիա և այլն) պետական բյուջեն կազմված է պետական բյուջեից և տեղական ինքնավար մարմինների բյուջեներից, ֆեդերատիվ պետություններում՝ կենտրոնական ֆեդերալ բյուջեից, ֆեդերացիայի անդամների բյուջեներից (ԱՄՆ, Շվեյցարիա,) և տեղական բյուջեներից։ Առանձնահատուկ գծեր ունեն զարգացող երկրների պետական բյուջեները, որոնց զգալի մասը (մոտ 50%) օգտագործվում է ազգային էկոնոմիկայի զարգացման, պետական սեկտորի ընդլայնման, սոցիալ-կուլտուրական շինարարության, գաղութատիրության հետևանքները վերացնելու և անկախ էկոնոմիկա ստեղծելու համար։ Սոցիալիստական երկրների պետական բյուջեները պետության կենտրոնացված դրամական ֆոնդերի ստեղծման և օգտագործման հիմնական ֆինանսական պլանն է։ Բյուջեի միջոցները պլանային կարգով օգտագործվում են հասարակական արտադրության ընդլայնման, ժողովրդի նյութական և կուլտուրական պահանջմունքների, երկրի պաշտպանունակության ամրապնդման ու պետական ապարատի պահպանման համար։ Բյուջետային համակարգի կազմը որոշվում է տվյալ սոցիալիստական երկրի պետական կառուցվածքով։ Սովետական Միությունում այդ համակարգը ընդգրկում է միութենական բյուջեն, պետական սոցիալական ապահովագրության բյուջեն և միութենական հանրապետությունների պետական բյուջեները, որոնք միասին վերցրած կազմում են ԽՍՀՄ պետական բյուջեն։ Միութենական հանրապետությունների պետական բյուջեները բաղկացած են հանրապետական, ինքնավար հանրապետությունների և տեղական բյուջեներից։ Յուրաքանչյուր միութենական ու ինքնավար հանրապետություն, երկրամասային, մարզային, շրջանային, քաղաքային, գյուղական և ավանային սովետ ունի իր բյուջեն։ Պետական բյուջեն բաղկացած է եկամտային և ծախսային մասերից։ Եկամուտների 90%-ից ավելին գոյանում է սոցիալիստական ձեռնարկությունների վճարումներից, որոնց մեջ հիմնական տեղը պատկանում է շրջանառության հարկին և շահույթից վճարումներին։ ԽՍՀՄ-ում 1972 թվականին բնակչությունից գանձվող հարկերը կազմել են բյուջեի եկամուտների ընդամենը 8,6%-ը։ Աստիճանաբար բարձրացվում է չհարկվող աշխատավարձի նվազագույն չափը։ Սոցիալիստական ձեռնարկությունների և տնտեսական կազմակերպությունների վճարումներն ըստ բնույթի և ձևավորման աղբյուրների լինում են՝

  • Վճարումներ ըստ շրջանառության (շրջանառության հարկ և հարկ դիտավայրերից)
  • Վճարումներ շահույթից և եկամուտներից (ֆոնդավճար, հաստատագրված վճարներ, շահույթի ազատ մնացորդից մասհանում, եկամտահարկ կոպերատիվ ձեռնարկություններից, կոլտնտեսություններից ու հասարակական կազմակերպություններից)
  • Եկամուտներ պետական գույքից (անտառային եկամուտ, բնակելի տնտեսությունից ստացվող եկամուտներ, վարձակալական վճար և այլն)
  • Գանձույթներ և վճարումներ պետական կազմակերպությունների ծառայությունների դիմաց (պետական միատուրք, մաքսավճար, պետավտոտեսչության գանձույթ և այլն)։

Բյուջեի եկամուտների մոտավորապես 9%-ը գոյանում է բնակչության կամավոր և պարտադիր վճարումներից (միջոցներ ստացված պետական 3-տոկոսանոց ներքին շահող փոխառությունների պարտատոմսերի և դրամաիրային վիճակախաղի տոմսերի իրացումից, եկամտահարկ, անզավակության հարկ, գյուղատնտեսական հարկ և տեղական այլ հարկեր ու գանձույթներ)։ Միութենական բյուջեի եկամուտների գլխավոր աղբյուրներն են շրջանառության հարկը, միութենական ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների շահույթից վճարումները։ Միութենական հանրապետությունների բյուջեները մուտք են լինում հանրապետական ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների շահույթի մի մասը, կոլտնտեսային եկամտահարկը, գյուղատնտեսական հարկը, անզավակության հարկը, պետական միատուրքը, դիտավայրերից հարկը, օրենքով նախատեսված այլ եկամուտներ և ընղհանուր միութենական պետական եկամուտների ու հարկերի այլ մասը, որն ամեն տարի նախատեսվում է ԽՍՀՄ պետական բյուջեի հաստատման մասին օրենքով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва