Պապի պալատ (Ավինյոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պապի պալատ
ֆր.՝ Palais des papes d'Avignon
Երկիր`Ֆրանսիա Ֆրանսիա
Ճարտարապետական ոճ`Գոթական ճարտարապետություն
Ճարտարապետ`Bertran Nogayrol?
Քարտեզ
Քարտեզ

Պապի պալատ (ֆր.՝ Palais des papes d'Avignon), պատմա-ճարտարապետական հուշարձան Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում։ 1995 թվականից ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության օբյեկտ է, Եվրոպայի ամենամեծ գոթական պալատներից մեկը[1]։ Պապի պալատ է այցելում տարեկան 650.000 այցելու, այստեղ կազմակերպվում է ամենամյա թատերական փառատոն[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապի պալատը

Ավինյոնը Հռոմի պապերի նստավայր է դարձել 1309 թվականին, երբ գասկոնցի Բերտրան դե Գոտը, ով որպես պապ հայտնի է Կլիմենտ V անունով, տեղափոխվեց Ավինյոն այն բանից հետո, երբ Բոնիֆացիոս VIII պապը տեղի տվեց Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկի հետ ունեցած կոնֆլիկտում։ 1348 թվականին Կլիմենտ V պապը ձեռք է բերում քաղաքը, որ պատկանում էր Պրովանսի կոմսերին։ Ավինյոնում պապերն ավելի ապահով էին զգում, քան անհանգիստ Հռոմում, որտեղ սուր բախումներ էին ընթանում ազնվական տոհմերի միջև։ Բացի այդ` Պապական մարզը Իտալիայի կենտրոնում այն ժամանակ փաստացի անկում էր ապրել։ Կաթոլիկ եկեղեցու ղեկավարների հաստատումը այս քաղաքում (1309-1377) սկսեց կոչվել «Պապերի ավինյոնյան գերություն»։

Ավինյոնյան առաջին պապերը` Կլիմենտ V-ը և Հովհաննես XXII-ը, ապրել են դոմինիկյան վանքում, սակայն հետագայում Բենեդիկտոս XII-ի օրոք (1334-1342) սկսվում է եպիսկոպոսական հին պալատի վերակառուցումը, ինչը շարունակվում է նաև հետագա պապերի օրոք։ Պալատը կառուցվում է քաղաքի հյուսիսային մասում` զառիթափ լանջերով բլրի վրա, որտեղից գեղեցիկ տեսարան էր բացվում Ռոն գետի վրա։ Շինությունը բաղկացած էր երկու մասից` հին և նոր պալատներից։ Շինարարության ավարտին նրանց ընդհանուր մակերեսը կազմում էր 11.000 մ²։ Պալատի կառուցման համար ծախսվում է պապական եկամուտների մեծ մասը։

Հին պալատը կառուցվել է Բենեդիկտոս XII-ի հրահանգով ճարտարապետ Պիեռ Պուասոն Միրեպոյի նախագծով։ Պապը հրամայում է քանդել եպիսկոպոսական հին պալատը և նրա տեղում կառուցել ավելի մեծ շինություն` ամրոցային հզոր պատերով, վանքով և աշտարակներով։ Կլմենտ VI-ի, Ինոկենտի VI և Ուրբան V-ի օրոք ամրոցը մի քանի անգամ վերաշինվել ու ընդարձակվել է։ Այդպես կառուցվում է ևս մեկ խոշոր շինություն` Նոր պալատը` պապական պատարագների համար նախատեսված ժամատնով։ Եվս երկու աշտարակ կառուցվում են Ինոկենտի VI-ի օրոք; Ուրբան V-ը ավարտում է ներքին բակի շինարարությունը (հայտնի է «Պատվավոր լեգեոնի ատյան» անունով)։ Շենքի ինտերիերը ճոխ զարդարվում է ֆրեսկոներով, գոբելեններով, նկարներով, քանդակներով և փայտե առաստաղներով։

Պապերը լքում են Ավինյոնը 1377 թվականին՝ վերադառնալով Հռոմ, սակայն դա նոր պառակտումների տեղիք է տալիս, քանի որ պապի հակառակորդներ Կլիմենտ VII-ը և Բենեդիկտոս XIII-ը Ավինյոնի պալատը դարձնում են իրենց նստավայրը մինչև 1408 թվականը։ Նրանց տապալումից հետո անգամ պալատը մի քանի տարի գտնվում էր նրանց կողմնակիցների ձեռքում նույնիսկ պաշարումից հետո։ 1433 թվականին պալատը անցնում է պապական ենթակայության։

1789 թվականին՝ Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ, պալատը գրավվում ու կողոպտվում է ապստամբների կողմից, իսկ 1791 թվականին դառնում է հակահեղափոխականների զանգվածային գլխատման վայր։ Նապոլեոնի օրոք պալատի շինություններն օգտագործվոմ են որպես զորանոցներ և բանտեր։ Երրորդ հանրապետության սկզբնական շրջանում, երբ երկրում իշխում են հակակրոնական տրամադրությունները, պալատի փայտյա ինտերիերը օգտագործվում է ձիանոցների համար, իսկ ֆրեսկոները ծեփվում են։

1906 թվականին ֆրանսիական իշխանությունները վերանորոգում են Պապի պալատը` այնտեղ ձևավորելով ազգային թանգարան։

Ներկայումս զբոսաշրջիկների այցելությունների համար բաց է պալատի շինությունների մեծ մասը։ Բացի դրանից` այստեղ կա հանդիսությունների մեծ սրահ[4]։ Պալատում է պահվում Վոքլյուզ դեպարտամենտի արխիվը։ Պալատից վերև գտնվում է Ավինյոնի տաճարը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Centre historique d'Avignon: Palais des papes, ensemble épiscopal et Pont d'Avignon" [Historic Centre of Avignon: Palais des papes together with the Pont d'Avignon] (in French). UNESCO World Heritage Centre. 2009-05-06. Retrieved 2011-06-10.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  3. https://books.google.am/books?id=8pDrHAAACAAJ&dq=palais+papes+exposition&hl=fr(չաշխատող հղում)
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապի պալատ (Ավինյոն)» հոդվածին։