Պապերի Ավինյոնյան գերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պապերի Ավինյոնյան պալատ

Պապերի Ավինյոնյան գերություն, ժամանակաշրջան (1309 մարտ - 1377 հունվար, 1367-1370 ընդմիջումով), երբ պապերը հարկադրված տեղափոխվեցին Ֆրանսիայի Ավինյոն քաղաքը։ Ավինյոնյան գերությունը ֆրանսիական թագավորներից պապերի և, առհասարակ, հոգևոր իշխանությունների քաղաքական կախվածության արդյունք էր։

Գերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գերությունը» սկսվեց 1309 թվականին, երբ Ֆիլիպ 4-րդ-ի ճնշմամբ ֆրանսիական դրածո Կլեմենտ 5-րդ պապը (1305—1314) իր նստավայրը տեղափոխեց Ավինյոն։ «Գերության» ընթացքում պապերը դարձել էին ֆրանսիական թագավորների կամակատարները։

Հոգևոր բարձրաստիճան պաշտոնյաներ հիմնականում նշանակվում էին ֆրանսիացիներ։ «Գերությունը» վերջացավ 1377 թվականին, երբ Գրիգոր XI պապը (1370-1378), օգտվելով հարյուրամյա պատերազմում Ֆրանսիայի անհաջողություններից, պապական աթոռը վերադարձրեց Հռոմ։

Բանակցություններ պապի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավինյոնյան Պապերի պալատը Ֆրանսիայում

Պապերի ավինյոնյան գերության շրջանում շարունակվում էին կապերը և բանակցությունները Կիլիկիայի Հայոց թագավորության և պապության միջև՝ եվրոպական պետություններից ռազմական օգնություն ստանալու խնդրում կաթոլիկ եկեղեցու առաջնորդների միջնորդությունը հայցելու համար։

Հարևան իսլամադավան պետությունների կողմից Կիլիկիայի հայկական պետության գոյությանը սպառնացող վտանգը Կիլիկյան Հայաստանի գահակալներին հարկադրում էր դիմել Եվրոպայի արքունիքներին և Հռոմի պապերին՝ հուսալով խաչակրաց արշավանքների միջոցով ամրապնդել պետության ռազմական և քաղաքական դիրքերը։

Իրենց հերթին եվրոպական պետությունները աշխատում էին Կիլիկիայի Հայկական թագավորությունն օգտագործել որպես հենարան Արևելքում իրենց նվաճողական ձգտումներն իրականացնելու նպատակով, իսկ կաթոլիկական եկեղեցին, որը այդ ձգտումները սրբագործում էր կրոնական լոզունգներով, փորձում Էր օգտվել Կիլիկյան Հայաստանի միջազգային-քաղաքական դժվարին կացությունից՝ իր իշխանությունն այնտեղ տարածելու համար։

Պապերը խոստանում էին օգնել հայերին սելջուկների և մամլուքների դեմ պայքարում, պայմանով, որ հայերն ընդունեն կաթոլիկություն։

Ետին պլան[խմբագրել | խմբագրել կոդը]

1316 թվականին Հովհաննես 22-րդ պապը Կիլիկիայի Հայոց թագավոր Օշինին հասցեագրած նամակում պահանջեց եկեղեցական ժողով հրավիրել և հաստատել Սիսի՝ 1307 թվականի ժողովի որոշումները հայ և կաթոլիկ եկեղեցիների միության (ունիա) վերաբերյալ։ Սակայն, չնայած Օշինի ջանքերին և նույն թվականին Ադանայում գումարված եկեղեցական ժողովի որոշումներին, Կիլիկյան Հայաստանում կաթոլիկական դավանանքը տարածելու փորձն անհաջողության մատնվեց։ 1341 թվականին հայկական պատգամավորությունը, որի մեջ մտնում էին Սիսի կաթողիկե եկեղեցու քարոզիչ Գանիել Թավրիզեցին և ասպետ Թորոս Միքայելենցը, Բենեդիկտ 12-րդ պապին ներկայացրին Լևոն Ե թագավորի և կաթողիկոսի նամակը՝ օգնության խընդրանքով։

Սակայն պապը մերժեց օգնել հայերին, «որոնց դավանանքը հակասում Է կաթոլիկ եկեղեցուն»։ 1342 թվականին Կլեմենտ 6-րդ պապը Լևոն Ե-ին և կաթողիկոս Հակոբին առաքած նամակում առաջարկեց հրավիրել նոր եկեղեցական ժողով և ընդունել կաթոլիկ եկեղեցու առաջնությունը։ 1343 թվականին Կլեմենտ 6-րդ կրկնեց իր պահանջը։ Նույն թվականին Գվիդոն Լուզինյան թագավորի պատգամավորներ՝ վանական Անտուանը և ասպետ Գրեգուարը, Ավինյոնում Կլեմենսա պապից ստանալով հանձնարարական նամակներ ուղղված Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 6-րդ-ին և Անգլիայի թագավոր Էդուարդ 3-րդին, մեկնեցին Փարիզ և Լոնդոն՝ ռազմական օգնություն հայցելու։ Այդ առաքելությունը նույնպես հաջողություն չունեցավ։

Բանակցությունների վերսկսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկիայի հայկական պետության նոր թագավոր Կոստանդին Գ վերսկսեց բանակցությունները պապության հետ։ 1349 թվականին նրա քարտուղար Կարսիլլին եղավ Ավինյոնում, այցելեց Կլեմենտ 6-րդ պապին, ապա նամակներով մեկնեց Անգլիա, որտեղ և ստացավ խուսափողական պատասխան։ Վերադառնալով Ավինյոն՝ նա պապից հավաստիացում ստացավ, որ խաչակրաց նոր արշավանք դեպի Արևելք, այնուամենայնիվ, տեղի կունենա։ Սակայն Կլեմենտ 6-րդ-ի և նրան հաջորդած պապերի հավաստիացումները չիրականացան։ Կիլիկիայի հայկական պետությունը կործանվեց պապերի ավինյոնյան գերությունից հետո, «մեծ պառակտման» ժամանակ։ Կիլիկիայի հայկական պետության վերջին գահակալը՝ Լևոն Զ Լուսինյանը, եգիպտական գերությունից ազատվելուց հետո, 1382 թվականի վերջին մեկնեց Եվրոպա և չցանկանալով այցելել Հռոմ, ուր գտնվում էր հակաթոռ պապը, Վենետիկից գնաց Ավինյոն։

Կլեմենտ 7-րդ պապը նրան ցույց տվեց հանդիսավոր ընդունելություն և պարգևատրեց «Ոսկյա վարդ» պատվանշանով։ Ավելի ուշ Լևոն Զ նորից եղավ Ավինյոնում։ Սակայն նրա բանակցությունները պապի հետ էական արդյունք չունեցան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лозинский С. Г. История Папства. — 3-е изд. — М.: Политиздат, 1986. — 382 с. — (Библиотека атеистической литературы). — 350 000 экз.
  • Borst, A., "Religiöse und geistige Bewegungen im Hochmittelalter". In։ Golo Mann, August Nitschke (eds.), "Propylaen Weltgeschichte, Band 5. Islam, Die Entstehung Europas", p. 489ff, 1963, Berlin
  • Ganshof, F.-L., "Das Hochmittelalter". In։ Golo Mann, August Nitschke (eds.), "Propylaen Weltgeschichte, Band 5. Islam, Die Entstehung Europas", p. 395ff, 1963, Berlin
  • Ladurie, E. le Roi. "Montaillou, Catholics and Cathars in a French Village, 1294–1324", trans. B. Bray, 1978. Also published as "Montaillou: The Promised Land of Error".
  • Myers, A.R., "Europa im 14. Jahrhundert". In։ Golo Mann, August Nitschke (eds.), "Propylaen Weltgeschichte, Band 5. Islam, Die Entstehung Europas", p. 563ff, 1963, Berlin
  • Read, P. P., "The Templars", Phoenix Press. Chapter 17, "The Temple Destroyed"
  • Renouard, Yves. "Avignon Papacy"
  • Sumption, J., "Trial by Fire", Faber and Faber, 1999.
  • Tuchman, B., "A Distant Mirror", Papermac, 1978. Chapter 16 "The Papal Schism"
  • Vale, M., "The Civilization of Courts and Cities in the North, 1200–1500". In։ Holmes, G. (ed.) "The Oxford History of Medieval Europe", Oxford University Press, 1988.
  • Voltaire, F-M, "ESSAI SUR LES MOEURS ET L'ESPRIT DES NATIONS ET SUR LES PRINCIPAUX FAITS DE L'HISTOIRE, DEPUIS CHARLEMAGNE JUSQU'À LOUIS XIII." Vol I, T XI, Chap LXV.
  • "Weltgeschichte", Sechster Band, Mitteleuropa und Nordeuropa, Bibliographisches Institut, Leipzig und Wien, 1906. Hans F. Helmolt VI. "Die westliche Entfaltung des Christentums"
  • Zutschi, P.N.R., The Avignon Papacy. In։ Jones, M. (ed.), The New Cambridge Medieval History. Volume VI c.1300-c.1415, pp. 653–673, 2000, Cambridge։ Cambridge University Press.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 622