Չիչխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չիչխան
5.díl html m6177caaf.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ենթաթագավորություն Փշատազգի
Տիպ Ծաղկավոր բույսեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Փշատագգիներ
Լատիներեն անվանում
Hippophae L.
Տեսակները

Չիչխան դժնիկանման

Արեալ
պատկեր

Չիչխան (լատ.՝ Hippophae), փշարմավ, ձիափշատ, ձիափուշ, ձորի փուշ, փշատագգիների ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է 3, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝

  • Չիչխան դժնիկանման (Hippophae rhamnoides

Կենսաբանական նկարագիր[խմբագրել]

Բուսաբանական նկարազարդում

Երկտուն է. արական ծաղիկները խմբված են կարճ հասկերում, իգականները՝ տերևանութներում։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը հյութալի Նարնջագույն, կարմրավուն, գնդաձև կամ էլիպսաձև, ճյուղերին կպած կորիզապտուղ է։ Պտուղները պարունակում են վիտամիններ C, E, P, K, B1։ B2, B6, կարոտին (A-նախավիտամին) և այլն, թթուներ (խնձորաթթու, գինեթթու, ֆոլաթթու), շաքար, սերմերը՝ յուղ, տոկոֆերոլ, կարոտին (A-նախավիտամին), տերևները՝ աղաղանյութեր, ֆիտոնցիդներ, ֆլավոնոիդներ և այլն։ Չիչխանի յուղն օգտագործվում է վերքերի, աչքի եղջերաթաղանթի վնասվածքների, այրվածքների, էկզեմայի, ստամոքսի խոցի բուժման համար։

Հայաստանում[խմբագրել]

Չիչխան, Սևանա լճի տարածքում

Տարածված է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Սևանի ավազանում և այլն։ Աճում է գետերի և առուների հովիտներում, ճահճուտներում և այլ խոնավ վայրերում։ Բարձր, մինչև 10 մ է, ճյուղերը փշոտ են, մատղաշ ընձյուղները՝ արծաթագույն։ Տերևները մանր են, հերթադիր, պարզ, գծանշտարաձև, վերևից՝ կանաչ, ներքևից՝ սպիտակ, արծաթավուն։

Պտուղների օգտագործում[խմբագրել]

Պտուղներն օգտագործում են թարմ և վերամշակված (սառեցրած, մուրաբա, կիսել, կոմպոտ, պաստեղ, պովիդլո, մրգահյութ, գինի, թրմօղի և այլն)։ Երիտասարդ ճյուղերից և տերևներից ստացվում է սև, պտուղներից՝ դեղին ներկ։ Չ. անտառահողաբարելավող բարձրարժեք բույս է։ Արմատային ընձյուղների և կոճղային շիվերի շնորհիվ առաջացնում է մեծ մակերես զբաղեցնող մացառուտներ։ Աճեցվում է ավազուտների ամրապնդման, էրոզւացված հողերի յուրացման, կանաչ ցանկապատերի համար։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, չորադիմացկուն է։ Արմատները պարունակում են հողն ազոտով հարստացնող պալարաբակտերիաներ։ Բնափայտն ամուր է, լավ հղկվող, պատրաստում են մանր կիրառական առարկաներ։ Գեղազարդիչ է և մեղրատու։

Քիմիական կազմ[խմբագրել]

Պարունակում է E (8-15 մգ), B1 (0,35 մգ), B2 (0,5 մգ), K (1,2 մգ), P (75-100 մգ), կարոտինոիդներ(մինչեւ 8,5 մգ), PP (14-25 մգ), խոլին (B4), պիրիդոքսին (B6), ասկորբինաթթու (50-450 մգ), ֆոլիաթթու (0,79 մգ, 100 գր. պտղի մեջ), շաքար (մինչեւ 8,5 %), պեկտինային նյութեր (0,3-0,4 %), օրգանական թթուներ (խնձորի, գինու, թրթնջուկի, սաթի 2,8%), ներկանյութ, դաբաղանյութ, ֆլավոնոիդներ (կվերցետին), կումարին, ֆիտոնցիդներ։ Պտղի մեջ հայտնաբերվել են միկրոտարրեր՝ երկաթ, բոր, տիտան, մանգան, ալյումին, մագնեզիում, կրեմնիում, որոնք շատ կարևոր են մարդու աճի և զարգացման համար։

Նշանակություն և կիրառում[խմբագրել]

Hippóphae rhamnoídes.JPG

Տարբեր ժողովուրդներ չիչխանի պտուղներն օգտագործել են որպես հակալնդախտային, ցավազրկող, մազերն ամրացնող, մաշկային որոշ հիվանդություններ ամոքող միջոց: Չիչխանն օգտակար է նյութափոխանակության կարգավորման և արյան շրջանառության համար:

Բժշկության մեջ[խմբագրել]

Բուժման նպատակով օգտագործվում են բույսի պտուղներն ու սերմերը, դրանցից ստացվող յուղը, որոշ դեպքերում նաև` տերևները: Այն օգտագործվել է արևելյան` հին մոնղոլական, տիբեթական բժշկության մեջ: Չիչխանի պտուղները կանխարգելում են աթերոսկլերոզը, հիպերտոնիան, վաղաժամ ծերությունը, նպաստում սերոտոնինի ստեղծմանը, որը կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը։ Սաթաթթուն թուլացնում է տոքսիկ նյութերի, ռենտգենյան ճառագայթների, սթրեսի ազդեցությունը, կումարինները կանխարգելում են թրոմբների առաջացումը։ Պտուղներից պատրաստված եփուկն օգտագործվել է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ:

Դասակարգում[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png