Մոլորակների շքերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերկուրիի և Վեներայի միացումը

Մոլորակների շքերթ, աստղագիտական երևույթ, երբ Արեգակնային համակարգի մի շարք մոլորակներ գտնվում են արևի մի կողմում՝ փոքր սեկտորում։ Ընդ որում՝ Երկնոլորտում նրանք քիչ թե շատ մոտ են միմյանց։

Էկլիպտիկ երկայնությամբ երկնային մարմինների առավելագույն մոտեցումը կոչվում է միացում։ Եթե միևնույն ժամանակ նրանք բավականաչափ մոտ են նաև էկլիպտիկ լայնության մեջ, ապա այդ դեպքում հնարավոր է ավելի հեռու երկնային մարմնի ծածկումն ավելի մոտ մարմնով, մոլորակի անցումն Արևի սկավառակի վրայով (ներքին մոլորակի և Արևի միացման դեպքում) կամ Արևի խավարում (նրա և Լուսնի միացման դեպքում)։

Չորս մոլորակ և Լուսինը 2011 թվականի մայիսի 1-ի լուսաբացից առաջ (Պարանալ աստղադիտարան)

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլորակների շքերթ 2002 թվականի հունիսին (տեսքը հյուսիսային կիսագնդի միջին լայնություններից) (55 հ. լ.)
Մոլորակների շքերթ 2009 թվականի հոկտեմբերին (տեսքը միջին լայնություններից) (55 հ. լ.)
  • Փոքր շքերթը աստղագիտական երևույթ է, որի ընթացքում չորս մոլորակներ հայտնվում են Արեգակի մի կողմում՝ փոքր սեկտորում։
  • Մեծ շքերթը աստղագիտական երևույթ է, որի ընթացքում վեց մոլորակները հայտնվում են Արեգակի մի կողմում` փոքր սեկտորում։
  • Ամբողջական (լրիվ) շքերթն աստղագիտական երևույթ է, որի ընթացքում բոլոր մոլորակները գտնվում են Արեգակի մի կողմում՝ փոքր սեկտորում[1]։
Լուսնի կողքին Յուպիտերի (աջ) և Վեներայի (ձախ) միացումը

Առանձնանում են նաև Արեգակնային համակարգի մոլորակների «տեսանելի» և «անտեսանելի» շքերթներ։ Մոլորակների տեսանելի շքերթ կոչվում է մոլորակների այն փոխդասավորությունը, երբ Արեգակնային համակարգի հինգ պայծառ մոլորակները (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր և Սատուրն) երկնակամարում իրենց շարժման ընթացքում մոտենում են միմյանց և միաժամանակ տեսանելի դառնում երկնքի փոքր սեկտորում (10-40 աստիճան)։

Որպեսզի բոլոր հինգ պայծառ մոլորակները միաժամանակ տեսանելի լինեն, պետք է այնպայման Մարսը, Յուպիտերը և Սատուրնը ունենան մոտավորապես նույն երկայնություն և տեսանելի լինեն ներքին մոլորակների մոտ, իսկ Մերկուրին և Վեներան գտնվեն Արեգակից արևելյան էլոնգացիայի մեջ գարնանը, և արևմտյան էլոնգացիայի մեջ աշնանը (Երկրի հյուսիսային կիսագնդի և միջին լայնությունների համար)։ Նման էլոնգացիաների մեջ է, որ Մերկուրին կարող է տեսանելի լինել բավականին երկար ժամանակ։ Վեներան տեսանելիության պակաս խիստ պայմաններ ունի, քանի որ դրա առավելագույն էլոնգացիան 48 աստիճան է (Մերկուրիի դեպքում՝ 28 աստիճան)։

Վերոնշյալից երևում է, որ մոլորակների շքերթը կարելի է դիտարկել կա՛մ երեկոյան, կա՛մ առավոտյան։ Չորս մոլորակների մասնակցությամբ մոլորակների մինի շքերթն ավելի հաճախ է տեղի ունենում, իսկ երեք մլորակների մասնակցությամբ մոլորակների մինի շքերթները կարող են դիտվել ամեն տարի (կամ նույնիսկ տարեկան երկու անգամ), սակայն դրանց տեսանելիության պայմանները նույնը չեն Երկրի տարբեր լայնությունների համար։ Այսպես, օրինակ, չորս պայծառ մոլորակների շքերթ (Սատուրնը չի մասնակցել շքերթին) տեղի է ունեցել 2011 թվականի մայիսին, երբ Վեներան, Մերկուրին, Մարսն ու Յուպիտերը եղել են 10 աստիճանից ցածր հատվածում, որը հնարավոր է եղել տեսնել նախալուսաբացային մթնշաղում՝ արևածագից կես ժամ առաջ[2]։ Հինգ պայծառ մոլորակի մասնակցությամբ մոլորակների տեսանելի շքերթները տեղի են ունենում ոչ հաճախ, քան յուրաքանչյուր 18-20 տարին մեկ անգամ, և 38 աստիճանի սահմաններում 5 մոլորակների հաջորդ շքերթը տեղի կունենա 2022 թվականի մարտին։ Արդեն 2022 թվականի հունիսին տեղի կունենա Մերկուրիի, Վեներայի, Մարսի, Յուպիտերի, Սատուրնի շքերթը արդեն 115 աստիճանի սեկտորում․ այս համադրությունը տեղի է ունենում ավելի հազվադեպ, քան 5 մոլորակների շքերթը։

Մոլորակների շքերթ կոչվում է նաև Արեգակնային համակարգի մոլորակների այն փոխդասավորությունը, երբ մոլորակները, ներառյալ անզեն աչքով անտեսանելիները, «դասավորվու են» Արեգակի մի կողմում՝ փոքր սեկտորում։ Այս փոխդասավորության մեջ Մերկուրին և Վեներան կարող են անտեսանելի լինել Երկրից, քանի որ դրանք գտնվում են Արևի հետ ստորին միացման մեջ, բայց փոխարենը արտաքին մոլորակները տեսանելի են գրեթե նույն ուղղությամբ։ Նախորդ նման շքերթը տեղի է ունեցել 1982 թվականի մարտի 10-ին, իսկ հաջորդը տեղի կունենա 2169 թվականին[3]։ 1970-ականների վերջին տեղի ունեցած այս երևույթի օգտագործումն է, որը հնարավորություն է տվել պարզեցնել արտաքին մոլորակ-գազային հսկաների և նրանց արբանյակների, Արեգակնային համակարգի սահմանների, ինչպես նաև միջաստղային տարածության ուսումնասիրությունը՝ «Վոյաջեր» հետազոտական ծրագրի շրջանակներում տիեզերանավեր գործարկելու միջոցով (որի մեկնարկը հաջողությամբ իրականացվել է 1977 թվականին)։ Շնորհիվ այն հանգամանքի, որ բոլոր հսկա մոլորակները տեղակայված էին Արեգակնային համակարգի համեմատաբար նեղ սեկտորում՝ տիեզերանավի ուղու երկայնքով ցանկալի փոխդասավորությամբ և ուղղությամբ, հնարավոր է եղել օգտագործել գրավիտացիոն մանևրներ՝ արտաքին բոլոր մոլորակների շուրջը թռչելու համար։ Դա հնարավորություն է տվել էապես կրճատել ուսումնասիրման օբյեկտներին հասնելու հեռավորությունը և թռիքչի ժամանակը, ինչպես նաև նվազեցնել այդ առաքելությունն ավարտելու համար անհրաժեշտ վառելիքի սպառումը։ Հետևաբար թռիչքի ուղին հաշվարկվել է այս հնարավորության հիման վրա, չնայած պաշտոնապես Ուրանի և Նեպտունի ուսումնասիրությունն ի սկզբանե ընդգրկված չէր հետազոտական առաքելության ծրագրի մեջ (այդ մոլորակներին ստուգապես հասնելու համար կպահանջեր ավելի թանկ սարքավորումների կառուցում, որոնք պետք է ունենային հուսալիության ավելի բարձր բնութագրեր)։ Այնուամենայնիվ, հետազոտական առաքելության հիմնական առաջադրանքները կատարելուց հետո հնարավոր է եղել շարունակել թռիչքը դեպի Ուրան և Նեպտուն մոլորակներ՝ գրավիտացիոն մանևրների հաջող օգտագործման շնորհիվ, ինչը հնարավորություն է տվել ձեռք բերել անհրաժեշտ արագացման իմպուլս՝ այդ մոլորակները թռչելու համար՝ առանց տիեզերանավի վառելիքի սպառման այդ ուղին հաղթահարելու համար։ Այն բանից հետո, երբ «Վոյաջեր-1»-ը հաջողությամբ ավարտել է Սատուրնի և դրա արբանյակ Տիտանի հետազոտական ծրագիրը, վերջնական որոշում է կայացվել՝ «Վոյաջեր-2» տիեզերանավն ուղարկել Ուրան և Նեպտուն։ Դա անելու համար անհրաժեշտ է եղել փոքր-ինչ փոխել նրա հետագիծը` հրաժարվելով Սատուրն մոլորակի Տիտան արբանյակի մոտով անցնելուց։ Այնուամենայնիվ, այս որոշումը հնարավորություն է տվել դիտարկել ավելի հեռու, քան ի սկզբանե նախատեսվում էր այս հետազոտական առաքելության շրջանակներում․ առաջին անգամ հնարավոր է եղել տեսնել և ուսումնասիրել մոլորակների շատ հեռավոր տարածություններ՝ սառցե գազային հսկաներն ու նրանց արբանյակները Արեգակնային համակարգի ծայրամասերի սահմանային գծում։

Օրացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 թվականի մարտի 10-ին տեղի է ունեցել մոլորակների հազվագյուտ շքերթ. բոլոր ինը մոլորակները (Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն և Պլուտոն, որն այդ ժամանակ համարվում էր մոլորակ), դասավորվել են Արեգակի մի կողմում` 95 աստիճանի անկյունով սեկտորում[3] (այսինքն՝ մոլորակների հելիոկենտրոն էկլիպտիկ երկայնության առավելագույն տարբերությունը 95 աստիճան էր)։ 1974 թվականին ԱՄՆ-ում հրատարակված «Յուպիտերի էֆեկտ» գրքում, որը դարձել էր բեսթսելլեր, նշվել է, որ 1982 թվականի մոլորակների շքերթը հանգեցնելու է հզոր երկրաշարժի, որը կկործանի Լոս Անջելեսը, սակայն 1982 թվականին սեյսմականության բարձրացում տեղի չի ունեցել[4]։
  • 2002 թվականին (ապրիլի վերջին և մայիսի սկզբին) չորս մոլորակները՝ Մերկուրին, Վեներան, Մարսն ու Սատուրնը, հանդիպել են Ցուլ համաստեղությունում, իսկ հինգերորդը՝ Յուպիտերը, եղել է հարևան Երկվորյակներ համաստեղության[5]։
  • 2011 թվականի մայիսին Մերկուրին, Վեներան, Մարսը, Յուպիտերը և Ուրանը գտնվել են Խոյ համաստեղությունում։ Դրանք հնարավոր է եղել տեսնել արևածագից առաջ։
  • 2169 թվականի փետրվարի 8-ին տեղի կունենա մոլորակների ամբողջական շքերթ։
  • 2387 թվականի հուլիսի 5-ին տեղի կունենա մոլորակների ամբողջական շքերթ։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «2012» ֆիլմում մոլորակների շքերթը բացասական ազդեցություն է թողնում Արեգակի վրա, ինչը հանգեցնում է սարսափելի աղետների Երկիր մոլորակի վրա։
  • «Լարա Քրոֆթ։ Դամբարաններ թալանողը» ֆիլմի սյուժեում կարևոր նշանակություն ունի մոլորակների շքերթը։
  • Դիսնեյի «Հերկուլես» անիմացիոն ֆիլմում մոլորակների շքերթը Հադեսին թույլ է տալիս ազատել տիտաններին։
  • «X-Files» սերիալի երրորդ եթերաշրջանի «Մոլորակների շքերթը» (կամ «Սիզիգիա») 13-րդ դրվագում կան երկու աղջիկ, որոնք ծնվել են այն օրը, երբ մոլորակները դասավորվել են այնպես, որ տիեզերական ուժերի ամբողջ էներգիան ուղղվել է այդ ընկերուհիներին, և նրանց մեջ է մտել դև։
  • «Մոլորակների շքերթ» ֆիլմում Երկրից մոլորակների շքերթը դիտելը դառնում է հերոսների հոգևոր կատարսիսի պահ։
  • «H2O։ Պարզապես ավելացրու ջուր» սերիալի երկրորդ եթերաշրջանի 26-րդ դրվագում տեղի է ունենում մոլորակների շքերթ, որը կոչվում է 50-ամյա լիալուսին։ Երբ լիալուսինը գտնվի հենց Մակկո կղզում տեղակայված հրաբխի խառնարանի վերևում, աղջիկներին լուսնից տրված ուժերը հետ կվերցվեն ընդմիշտ, եթե նրանք այդ լիալուսնի ժամանակ գտնվեն լուսնային ավազանում, որը գտնվում է Մակկո կղզու խառնարանի ներքևում։
  • «Սև փոս» ֆիլմում, որում նկարահանվել է Վին Դիզելը, մոլորակների շքերթը հանգեցրել է արևի խավարման և գետնի տակ գտնվող լույսից էակների առաջացման։
  • «Կախարդական սեր» (Un Amour De Sorciere) ֆիլմում մոլորակների շքերթը կրիտիկական պահ է, որից առաջ երեխան պետք է մկրտվի, հակառակ դեպքում նա ընդմիշտ կընկնի չար կախարդի իշխանության տակ։
  • «Նինձյա կրիաներ» անիմացիոն ֆիլմում (2007) մոլորակների շքերթը ծառայում է որպես պորտալ։
  • «Մումիա։ Եգիպտոսի արքայազնը» ֆիլմում մոլորակների շքերթը մումային օգնում է հարություն առնել։
  • «Transformers: Prime» (2011) մուլտիպլիկացիոն սերիալում մոլորակների շքերթն արթնացնում է հսկա Յունիկրոն տրանսֆորմերին, որն անհիշելի ժամանակներից գտնվում է Երկրի խորքում՝ հանդիսանալով դրա միջուկը. նրա արթնացումը բերում է մի շարք աղետներ և սպառնում է ոչնչացնել Երկիրը։
  • «Կամելոտի ասպետը» ֆիլմում մոլորակների շքերթը գլխավոր հերոսուհուն տեղափոխում է միջնադար։
  • «Կորրայի լեգենդը» անիմացիոն սերիալի 2-րդ եթերաշրջանում տեղի է ունենում Ներդաշնակ միացում, որին նպաստում է մոլորակների շքերթը։
  • «Պողպատե ալքիմիկոս» մանգայում և երկրորդ անիմեում Հայրը մոլորակների շքերթը և ճշմարտության դարպասները բացած ալքիմիկոսներին օգտագործում է աստծուն կուլ տալու համար։
  • «Լեռնականը։ Աղբյուր» ֆիլմում մոլորակների շքերթը բացում է Աղբյուրի ճանապարհը, որը փնտրում են գլխավոր հերոսները։

Ֆիլատելիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականի մարտի 10-ին տեղի ունեցած մլորակների եզակի շքերթին նվիրվել են փոստային նամականիշների մի շարք թողարկումներ։ 1981 թվականին Ռումինիան թողարկել է փոստային նամականիշների շարք՝ նվիրված մոլորակների շքերթին (Mi #3795-3800), յուրաքանչյուր նամականիշի կա ռումիներեն «1982 ALINIERIA PLANETELOR» մակագրությունը («Մոլորակների շքերթ 1982») և Արեգակնային համակարգի մոլորակների նկարը։ 1982 թվականին մոլորակների այդ շքերթին նվիրված փոստային նամականիշ է թողարկել նաև ՉԺՀ-ն՝ Արեգակի և Արեգակնային համակարգի ինը մոլորակների պատկերով՝ (Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն և Պլուտոն), ինչպես նաև մոլորակների շքերթի ամսաթվի նշմամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Планеты при полном параде». Коммерсантъ. 2017 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  2. Dr. Tony Phillips (2011 թ․ մայիսի 9). «Better Than Coffee: Planets Align in the Morning Sky». NASA Science News. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  3. 3,0 3,1 Валерий Купецкий. «Парад планет — из сборника «В Арктику мы еще вернемся»». Полярная Почта. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  4. Гир Дж., Шах Х. Зыбкая твердь: Что такое землетрясение и как к нему подготовиться = Terra Non Firma. Understanding and Preparing for Earthquakes / Пер. с англ. д-ра физ.-мат. наук Н. В. Шебалина. — М.: Мир, 1988. — С. 125. — 63 000 экз.
  5. «Relax, it's only April. The five brightest planets are converging in the western sky for an eye-popping show in May 2002». NASA Science News. 2002 թ․ ապրիլի 24. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]