Մոգերի երկրպագություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոգերի երկրպագությունը մոտ 1510 թվական Պրադոյի թանգարան

Մոգերի երկրպագություն, Ավետարանական կարճ պատմությունը այն մասին, որ Մոգերը գալիս են Արևելքից, որ երկրպագեն մանուկ Հիսուսին և տան նվերներ։ Ըստ հեղինակներ Ավրելիոս Օգոստինիոսի (354-430) և Հովհան Ոսկեբերանի (մոտ 347-407) մոգերը տասներկուսն են եղել, բայց, հավանաբար, նվերների եռյակությամբ պայմանավորված, նրանց թիվը նվազել է երեքի։ Իսկ մեկ ուրիշ հեղինակ էլ նրանց անուններն է տվել՝ Գասպար, Մելքոն և Բաղդասար։

Մոգերի երկրպագությունը

Երեք թագավորները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոգեր էին կոչվում զրադաշտական կրոնի հոգևոր պաշտոնյաները։ Մարերն ու պարսիկները մոգ էին կոչում քրմերին։ Մոգերը մեծ հարգանք էին վայելում պալատներում, և, առանց նրանց հետ խորհրդակցելու, Արևելքի տիրակալները ոչ մի լուրջ գործ չէին ձեռնարկում։ Զրադաշտական Յասնա գրքում(Բ հատոր, էջ 165-174) մանրամասն նկարագրված է երեք մոգերի՝ մանուկ Հիսուսին այցելության մասին։ Ըստ այդ գրքի՝ երեք մոգերը եղել են իրանցիներ, և նրանց ուղարկողը Իրանի արքա Ֆարհադ Հուրմուզն է եղել։ Ավանդությունը պատմում է, որ մոգերը երեք թագավորներ էին, և նրանց ուղեկցում էր 12 հազարանոց մի զորախումբ։ Մոգերից առաջինը պարսից Մելքոն թագավորն էր։ Նա սերում էր Աբրահամի Քետուրա հարճից։ Երկրորդը Գասպարն էր՝ հնդիկների թագավորը, իսկ երրորդը արաբների թագավոր Բաղդասարն էր։ Գասպարը նորածին Հիսուսին կնդրուկ, նարդոս, կասիան, կինամոն և այլ անուշահոտ նյութեր ընծայեց։ Բաղդասարը մանկանը ոսկի, արծաթ, թանկարժեք քարեր նվիրեց, իսկ Մելքոնը՝ զմուռս, հալվե ծիրանի և բեհեզ ընծայեց։ Մոգերի այս նվերները պատահական չէին։ Ոսկի ընծայեցին, քանզի Հիսուսը թագավոր էր, կնդրուկ՝ քանի որ Աստված էր, իսկ զմուռսը խորհրդանշում էր մահը[1]։

Տոնակատարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի երկրներում կա երեք թագավորների տոն կամ տոն Աստվածահայտնության։ Համաձայն եկեղեցու ծիսակարգի` այդ տոնը կատարվել է Ծննդից 12 օր անց։ Տեքստերից մի քանիսում նշվում է, որ մոգերը հասել են մինչև Բեթղեհեմ Հիսուսի ծննդից մի քանի ամիս անց։ Այդ տարբերակը արտացոլված է հին արևելյան եկեղեցիներին պատկանող Ժառանգության մեջ, որոնք կարծում են, որ մոգերի երկրպագությունը տեղի է ունեցել մի քանի ամիս Տեառնընդառաջից հետո։ Ըստ Մատթեոսի Ավետարանի` մոգերը եկել են Երուսաղեմ Հիսուսի ծննդից երկու տարի անց։ Մոգերի հիշատակը կաթոլիկ եկեղեցու կողմից նշվում է հունիսի 23-ին[2]։

«Մոգերի երկրպագությունը» Սասսետտա Բեթղեհեմյան աստղեր (հատված ճանապարհորդների քարավանից)

Ավետարանական պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Մատթեոս առաքյալի` մոգերը ապրել են Արևելքում։ Նրանք, երկնքում աստղեր տեսնելով, դա համարել են նշան։ Հետևելով երկնքի աստղերի ընթացքին` նրանք կտրել-անցել են երկրներ և մտել Երուսաղեմ։ Մոգերը այնտեղ դիմում են իշխող թագավոր Հերովդեսին այն հարցով, թե որտեղ կարող են տեսնել հենց նոր ծնված Հուդայի թագավորին՝ ենթադրելով, որ երկրի թագավորը ազգակցական կապերով պետք է կապված լինի նորածնի հետ։ Հերովդեսին անհանգստացնում է այդ նորությունը, բայց ցույց չի տալիս և քաղաքավարությամբ ուղեկցում է նրանց՝ դուրս հանելով պալատից և խնդրելով, որ երբ գտնեն թագավորին, հայտնեն իրեն, թե որտեղ է նա գտնվում, որպեսզի ինքն էլ գնա խոնարհվելու նրան։ Ճանապարհորդները թողնում են Երուսաղեմը և հետևում ուղեկցող աստղերին, որը բերում է նրանց Բեթղեհեմ։ Այնտեղ նրանք գտնում են Մարիամին մանկան հետ, խոնարհվում նրա առջև և մանկանը հանձնում նվերներ։ Տեսիլք երևաց նրանց, և նրանք չցանկացան վերադառնալ Հերովդեսի մոտ և տուն գնացին այլ ճանապարհով։ Հերովդեսը, չսպասելով նրանց, կազմակերպեց մանուկների կոտորածը։

Պատմության խորհրդանշական իմաստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս աստվածաշնչյան պատմությունը ընդգծում է, որ դեռ մանուկ հասակում Հիսուսը ճանաչվել է որպես թագավոր։ Հովհան Ոսկեբերանը պատճառաբանում է, թե ինչու հենց մոգերը այցելեցին Հիսուսին։ Քրիստոսի գալուստը եղավ նրա համար, որ ժխտի կյանքի հին օրենքները և կոչ անի բոլորին երկրպագել իրեն երկնքում և երկրի վրա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայոց եկեղեցու պատմություն=, Երևան, 2003, էջ 45-46։
  2. {{Малков П. Ю. Богородица=|Праваславная Энсиклопедия =|2002=|с 486-487=}}