Մշակույթի տիպաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մշակույթի տիպաբանությունը, տարբեր մշակույթների՝ այս կամ այն դասին պատկանելության որոշումն է։ Պատմամշակութային տիպը տեսական կառույց է, որտեղ առանձնացվում են էական կողմեր, որոնք մշակութային այս կամ այն երևույթներ միավորում կամ տարբերակում են այլ երևույթներից։ Մշակութային տիպաբանության կառուցման կարևորվում է էթնիկական և ազգային հասկացությունների որոշարկումը։

Էթնիկ և Ազգային մշակույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթնիկ և ազգային մշակույթ հասկացությունները հաճախ կիրառվում են որպես հոմանիշներ։ Մշակութաբանությունում դրանք ունեն տարաբնույթ բովանդակություն։ Էթնիկ մշակույթը այն մարդկանց մշակույթն է, որոնք կապված են ընդհանուր ծագմամբ և համատեղ իրականացվող տնտեսական գործունեությամբ։ Այն փոփոխվում է մի տեղանքից դեպի մյուսը։ Տեղական սահմանափակությունը, հստակ տեղայնացումը, համեմատաբար սահմանափակ տարածքին հարմարվելը մշակույթի այս տիպին բնորոշ գծերից է։

Էթնիկ մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթնիկ մշակույթը հիմնականում ներառում է կենցաղի ոլորտը, սովորույթները, հագուստի առանձնահատկությունները, ֆոլկլորը, ժողովրդական ասացվածքները և այլն։ Յուրաքանչյուր ազգ ունի իր էթնիկ սիմվոլները. Ճապոնացիները՝ կիմոնո, շոտլանդացիները՝ վանդակավոր կիսաշրջազգեստ։ Էթնիկ մշակույթում գերակշռող ուժեր են ավանդույթները, սովորությունները, սովորույթները, որոնք ընտանեկան կամ փոքր խմբի մակարդակում փոխանցվում են սերնդեսերունդ։ Տվյալ պարագայում մշակութային հաղորդակցման որոշիչ մեխանիզմ է հանդիսանում կողք կողքի ապրող սերունդների անմիջական շփումը։ Ժողովրդական մշակույթի էլեմենտներից են ծեսերը, սովորույթները, առասպելները, հավատալիքները, լեգենդները, ֆոլկլորը. Դրանք պահպանվում և փոխանցվում են տվյալ մշակույթի սահմաններում յուրաքանչյուր մարդու անմիջական բնական ընդունակությունների՝ հիշողության, բանավոր խոսքի և կենդանի լեզվի, բնածին լսողության և օրգանական պլաստիկայի միջոցով։ Նմանատիպ մշակույթը տրանսլացիայի կարիք չունի, և ինչ որ առումով համարվում է նախագրային մշակույթ։ Էթնիկ մշակույթը կարելի է նաև նույնականացնել «Բնական տնտեսությանը», որն ունի կոլեկտիվ, համայնախմբային անմիջական բնույթ։ Էթնիկ մշակույթը զերծ է հեղինակներից, այն անանուն է։ Էթնոսի մշակույթը մի կողմից ապահովում է նրա՝ որպես համակարգի, ամբողջությունն ու ստաբիլությունը, գոյատևումը, այսինքն կատարում է ինտեգրատիվ գործառույթ։ Մյուս կողմից այդ մշակույթի էլեմենտներն ունեն «երկրորդ կյանք», քանի որ կատարում են դիֆերենցացնող ֆունկցիա՝ համադրելով մի կոլեկտիվը մյուսին և հիմք դառնալով «Մենք» և «Նրանք» հասկացություններին։ Տարբերակման պահանջը հանգեցնում է նրան, որ որևէ բաղադրիչ վեր է ածվում հիմնական էթնիկ տարբերանշանի, օրինակ՝ լեզուն, կրոնը, գեղարվեստական մշակույթը։

Ազգային մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային մշակույթը միավորում է մարդկանց, ովքեր ապրում են մեծ տարածքներում և պարտադիր չէ, որպեսզի նրանք կապված լինեն արյունակցական կապերով։ Ազգային մշակույթի գոյատևման պայման է հանդիսանում գրային համակարգի ստեղծումը։ Գրային համակարգն է, որ նպաստում է մտքերի և սիմվոլների տարածմանը բնակչության գրագետ մասի մոտ, որը նպաստում է ազգային միասնականությանը։ Գրավոր մշակույթը ընդդիմանում է խոսակցական կենդանի լեզվի տարերքին, դրա տեղական բարբառներին և սեմանտիկ տարբերություններին։ Ազգային մշակույթի ծագման մասին նախ և առաջ դատում ենք գրավոր խոսքի և ազգային գրականության առաջացման փաստից։ Որպես կանոն, ազգային մշակույթը զերծ է պաշտամունքային բնույթից և մեծ մասամբ հանդիսանում է անհատական ստեղծարարության արդյունք։ Ազգային մշակույթն, ընդհանուր առմամբ, ստեղծվում է ոչ թե ողջ էթնոսի, այլ հասարակության գրագետ զանգվածի կողմից։ Ազգային մշակույթի ներքին կառուցվածքն ու կազմավորումը շատ ավելի բարդ է, քան էթնիկ մշակույթինը։ Ազգային մշակույթը ավանդական կենցաղային մակարդակին զուգահեռ անդրադառնում է նաև մասնագիտական մշակութային ոլորտին, առօրյա ոլորտներց բացի նաև մշակույթի հատուկ ճյուղերին՝ գրականությանը, փիլիսոփայությանը, գիտությանն ու իրավունքին։ Ազգային մշակույթը պարզապես էթնիկ մշակույթների մեխանիկական հանրագումար չէ։ Այն ունի իր առանձնահատուկ մշակութային գծերը, որոնք առաջանում են այն ժամանակ, երբ բոլոր էթնիկ մշակույթները գիտակցում են իրենց՝ այդ նոր ազգին պատկանելու գիտակցումը։ Ազգը ի համեմատ էթնոսի առավել բարձր կարգի գոյացություն է։ Այստեղ հաղորդակցման առավել բարձր մակարդակ է դիտվում։ Հենց այս հանգամանքն էլ հանգեցնում է ընդհանուր ազգային լեզվի ձևավորմանը, որը տարածվում է ինչպես գեղարվեստական գրականության, այնպես էլ պարբերականների, դպրոցների, բառարանների և հանրագիտարանների միջոցով։ Դա նպաստում է ազգաբնակչության տարասեռության, ներքին սահմանների, տեղաբնակների և միգրանտների միջև տարբերությունների հաղթահարմանը։ Առաջանում է փոխըմբռնման և ընդհանուր շահերից բխող գործունեության կազմակերպում։ Այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտ է լեզուն՝ իր բառապաշարային տարբերություններով և արտահայտչամիջոցներով, բայց միևնույն ժամանակ իր միավորող ֆունկցիայով։ Լեզուն դառնում է ազգային մշակույթի ինտեգրման կարևորագույն միջոց։

Էթնիկ և ազգային մշակույթների փոխկապվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթնիկ և ազգային մշակույթների միջև փոխհարաբերությունները բավականին բարդ և հակասական են։ Էթնիկ մշակույթը ազգային լեզվի, սյուժետների և արվեստի կերպարների առաջացման աղբյուր է։ Էթնիկ մշակույթին օտար են փոփոխությունները։ Ազգային մշակույթն անընդհատ փոփոխվում է, և իր մեջ պարունակում է դինամիկ տարր։ Որքան ազգային մշակույթը այլ մշակույթների նկատմամբ բաց է, և առկա է մշակութային երկխոսության տարրը, այնքան այն հարուստ է, և բարձր։ Եթե էթնիկ մշակույթները ձգտում են պահպանել մշակույթի տեղային առանձնահատկությունները, ապա ազգային մշակույթը ջանում է չեզոքացնել դրանք։ Բացի այդ մինչև որոշակի ժամանակահատված ազգային մշակույթը կարող է օտար և անհասկանալի լինել ժողովրդի համար, չնայած որ ազգային մշակույթի կերտողները հաճախ խոսում են հենց ժողովրդի անունից, օգտվում ժողովրդական իմաստության և փորձի գանձարանից, այնուամենայնիվ ժողովրդի և ազգային մշակույթի ստեղծողների միջև հեռավորությունը շատ մեծ է։ Ազգային մշակույթը կարող է ձևավորված լինել նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ գոյություն չունի ազգը։ Նման դեպքում ազգը հանդես է գալիս որպես իդեալ, ապագա ազգի տեսլական, սակայն ոչ իրականություն։ Ազգային և էթնիկ մշակույթների միջև անջրպետը նախ և առաջ հաղթահարվում է ժողովրդի լուսավորման և՛ կրթության և՛ համընդհանուր գրագիտության միջոցով։ Ազգային մշակույթը յուրացնելու հարցում բացի կրթությունից կարևոր դեր են խաղում նաև զանգվածային լրատվամիջոցները և մշակութային զանազան ինստիտուտներ։

Արևելյան և Արևմտյան մշակույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակույթի արևելյան և արևմտյան տպերի տարաբաժանումը կապված է ոչ միայն տարածքային առանձնահատկությունների, այլ նաև աշխարհի ճանաչման մեթոդների և միջոցների բնութագրության, արժեհամակարգի օրիենտացիայի, հիմնական աշխարհայացքային դիրքորոշումների, հասարակական-տնտեսական և քաղաքական կառույցների հետ։ Արևելյան և արևմտյան մշակույթները տարբերվում են զարգացման դինամիկայով։ Արևմտյան մշակույթին բնորոշ է սոցիոդինամիկ զարգացման ալիքաձև, թռիչքաձև և անհամաչափ ընթացքը։ Հին արժեքներից հրաժարումն ու նոր արժեքների ընդունումը տեղի է ունենում շատ կտրուկ, միանգամից։ Մինչև 19-րդ դարն արևելյան քաղաքակրթությունը կրում էր փակ, տեղայնացված, ավանդական բնույթ, դանդաղ էր փոխվում, սակայն հետո արևելյան մշակույթները ձևավորվում են արևմտյան փորձի յուրացման հաշվին։ Արևելքը նորը չի տնտեսում, բայց միևնույն ժամանակ չի կործանում հինն ու ավանդականը։ Այն սահմանափակորեն ինտեգրվում է արևմտյան քաղաքակրթությանը։ Արևմտյան ավանդույթն ընդգծում է մարդու ակտիվ վերաբերմունքն արտաքին աշխարհին։ Մարդու գործունեությունն ընկալվում է որպես ներս ուղղված մի գործընթաց, որը նպատակ է հետապնդում վերափոխելու առարկաները։ Հետևաբար մշակույթին բնորոշ է տեխնիկայի և տեխնոլոգիայի արագ առաջընթացը։ Արևելյան մշակույթն ավելի կենտրոնանում է մարդու, նրա հոգևոր կատարելագործման վրա։ Այս երկու մշակույթների շրջանակներում տարբեր են բնության վերաբերյալ ունեցած վերաբերմունքը։ Արևմտյան մշակույթում առավել ընդունված է բնության նկատմամբ պրագմատիկ, սպառողական վերաբերմունքը։ Արևելյան մշակույթում՝ ընդհակառակը, ըստ պատմական վերլուծության առավել նուրբ ու իմաստուն վերաբերմունք էր տարածված։ Համարվում էր, որ մարդը պետք է հնարավորինս կոորդինացնի իր վարքը բնության օրենքների հետ։ Արևելյան արվեստ իր բնույթով ավելի մոտ է բնությանը։ Մշակույթի այս երկու տիպերը տարբերվում են նաև մարդու վերաբերմունքը հասարակության և պետության նկատմամբ հասկանալու գործում։ Այս երկու մշակույթները տարբերվում են նաև բանականության հնարավորությունների վերաբերյալ իրենց տեսակետներով։ Արևմուտքում ավելի ընդունելի է ռացիոնալ մոտեցումը, տրամաբանական մտածողությունը։ Արևելքն ավելի հակված է պատկերային, ասոցիատիվ մտածողությանը, ինտուիտիվ ճանաչմանը։ Գեղարվեստական ստեղծագործության գլխավոր գործոններ են համարվում երևակայությունը, ինտուիցիան, բնությունը զգալու կարողությանը։ Արևելքում առավել տարածված էր փիլիսոփայական, գիտական և կրոնական գաղափարների միահյուսման միտումը։ Մշակույթի տարբեր ձևեր այստեղ պարզապես համընդհանուր միասնական ձևով են հանդես գալիս։ Արևմուտքում մշակութային տարբեր բնագավառներ անկախ էին գոյատևում, և ավելի կոնֆլիկտային բնույթ էին կրում։ Մեծ տեղ էր տրվում նախ և առաջ ֆիզիկական երևույթներին՝ որպես զարգացման հիմք։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гуревич П.С. Культурология։ Учеб. пособие.-М.։ Знание, 1998.
  2. Ерасов Б.С. Социальная культурология։ Пособие для студентов высших учебных заведений։ В 2 Ч.-М.։ Аспект-Пресс, 1994.
  3. Культура։ теории и проблемы։ Учеб. пособие для студентов и аспирантов гуманит. специальностей /Под ред. Т.Ф. Кузнецовой.-М.։ Наука, 1995.
  4. Философия культуры. Становление и развитие /Под. ред. М.С. Кагана.- СПБ.։ Лань, 1998.