Մասնակից:O'micron/Հռոմեական իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սենատը համարվում էր հիմնական օրինաստեղծ ինստիտուտը Հին Հռոմում։ Նկարում՝ կոնսուլ Կիկերոնը ճառով հանդես է գալիս Կատիլինայի դեմ և պահանջում, որպեսզի նա հեռանա Հռոմից։

Հռոմեական իրավունք (լատին․՝ Ius Romanum), Հին Հռոմի իրավական համակարգը, որի ձևավորումը սկսվել է մ․թ․ա․ 754-753 թվականներին և ավարտվել 6-րդ դարում՝ Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսի կառավարման ժամանակաշրջանում։ Հռոմեական իրավունքն իր գործածության ժամանակահատվածում եղել է ամենազարգացածն ու տարածվածը ողջ աշխարհում։ Հուստինիանոս կայսրը հռոմեական քաղաքակրթության հաջողությունը պայմանավորում էր երկու գործոններով՝ հռոմեական բանակով (լեգեոնային համակարգ) և հռոմեական իրավունքով։

Հռոմեական իրավունքի հիմքում ընկած են Հին Հունաստանի և Հին Եգիպտոսի իրավական սովորույթները, մինչդեռ Հռոմը ժամանակի ընթացքում կարողանում է ձևավորել ինքնուրույն ուղով զարգացող իրավական համակարգ։ Ավելի ուշ այլ պետություններ սկսում են փոխառել Հռոմի իրավական ավանդույթները՝ կատարելով իրավունքի ռեցեպցիա։ Այս գործընթացն առավել զգալի ծավալներ է ընդգրկում հատկապես միջնադարյան ժամանակահատվածում։

Հռոմեական իրավունքը սերտորեն կապված է Հին Հռոմում պետականության համակարգերի փոփոխման հետ։ Եթե թագավորության շրջանում հռոմեական իրավունքի աղբյուրների շրջանակը սահմանափակվում էր պարզագույն սովորույթներով, ապա հանրապետական Հռոմում սովորույթների հետ միաժամանակ սկսում են շրջանառվել նաև ժողովրդական ժողովների կողմից ընդունված օրենքները: Ավելի բարդ իրավական ինստիտուտներ ի հայտ են գալիս կայսրության շրջանում, որն իր հերթին բաժանվում է երկու ժամանակաշրջանների՝ պրինցիպատի և դոմինատի։ Պրինցիպատի փուլում որպես իրավունքի աղբյուր հանդես են գալիս նաև սենատի որոշումները, իսկ դոմինատի՝ բացարձակ միապետության շրջանում գերակայող են դառնում կայսերական սահմանադրությունները։

Հռոմեական իրավունքը համարվում է ժամանակակից իրավունքի կարևորագույն ճյուղերից մեկի՝ քաղաքացիական իրավունքի տեսական հիմքը։ Մի շարք իրավական համակարգերում, այդ թվում՝ անգլոսաքսոնական ընդհանուր իրավունքում, լատիներենն ունի եզրաբանական կարևոր նշանակություն։

Պատմական զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական իրավունքի ձևավորումը սկզբնավորվել է դեռևս մ․թ․ա․ 8-րդ դարում։ Նախքան տասներկու աղյուսակների օրենքի ընդունումը, թագավորությունում գործել են բացառապես քվիրիտական (քաղաքացիական) իրավունքներ (ius civile Quiritium), ինչը ենթադրում է, որ հռոմեական հասարակությունում իրավունակ էին համարվում բացառապես Հռոմի քաղաքացիները։ Քննարկվող ժամանակաշրջանում քվիրիտական իրավունքի վրա բավականին մեծ ազդեցություն ուներ նաև կրոնը, ինչի վառ օրինակը մանցիպացիայի ինստիտուտն էր։ Մանցիպացիան իրենից ներկայացնում էր հատուկ արարողություն․ օրինակ՝ իրերը լինում են մանցիպացիոն (ստրուկներ, հողամասեր և այլն) և ոչ մանցիպացիոն։ Մանցիպացիան իրերի փոխանցումը իրականացվում էր 5-ից ոչ պակաս վկաների մասնակցությամբ։ Այսպիսով, որոշ հետազոտողներ կարծում են, որ վաղ շրջանի հռոմեական իրավունքի նկատմամբ որոշակի ազդեցություն է ունեցել էտրուսկյան կրոնը։

2-րդ դարի նշանավոր հռոմեացի իրավաբան Սեքստիուս Պամպանիուսը՝ անդրադառնալով վաղ շրջանի հռոմեական իրավունքին, ասել է հետևյալը․

Մեր քաղաքում մարդիկ իրենց առաջին գործերը ձեռնարկեցին առանց որևէ հստակ օրենքների կամ իրավունքների։ Բոլոր գործերը կարգավորվում էին բռնակալական ճանապարհով՝ թագավորի կողմից
- Սեքստիուս Պամպանիուս, 2-րդ դարի հռոմեացի իրավաբան

Տասներկու աղյուսակների օրենք[խմբագրել | խմբագրել կոդը]