Մասնակից:Gor Minasyan/Սևագիր 18

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավրելիոս Օգոստինիոս
Augustinus Sanctus
Դիմանկար
փիլիսոփա
Ծնվել էնոյեմբեր 13, 354
ԾննդավայրՏագաստե, Ալժիր
Մահացել էօգոստոս 28, 430
Մահվան վայրԱննաբա, Ալժիր

Ավրելիոս Օգոստինիոսը համարվում է Արևմուտքի ուսուցիչ, քանի որ մեծապես ազդել է քրիստոնեական փիլիսոփայության ողջ հետագա զարգացման վրա:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է Հյուսիսային Աֆրիկայում` այժմյան Ալժիրում: Սկզբնական կրթությունը ստացել է Կարթագենում, հետագայում եկել է Հռոմ և հիմնել փիլիսոփայական դպրոց: 33 տարեկանում ընդունել է քրիստոնեություն:

Բոտիչելլի . Ավրելիոս Օգոստինիոս

Նա գրել է մի քանի գրքեր, որոնցից ամենակարևորը կոչվում է «Աստծո քաղաքի մասին»: Օգոստինոսը ձգտել է քրիստոնեությունը պատկերել որպես ամբողջական և միակ ճիշտ ուսմունք, բազմաթիվ հերետիկոսական աղանդներին դիմակայելու համար: Ընդունելով հունական փիլիսոփայության դրույթներից մեկը` մարդու ձգտումը երջանկության` նա մարդկային երջանկությունը տեսնում է Աստծուն ճանաչելու մեջ և հիմնավորում է մարդու լիակատար կախումը Աստծուց: Ըստ նրա` արհամարհանքը մարդու, որպես մեղավոր էակի նկատմամբ, սերն է Աստծո հանդեպ:

Օգոստինոսի ուսմունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստինոսն աստծո մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա աշխարհայացքը աստվածակենտրոն է իր բնույթով: Աստծուց են կախված և՛ մարդը, և՛ բնությունն ամբողջապես: Աստված անձ է, որն իր կամքով ստեղծեց վերջավոր աշխարհը: Հունական դիցաբանության ճակատագիրը ամբողջովին ենթարկված է աստծո ամենազորությանը: Ըստ նրա` ոչ թե մայրն է կերակրում երեխային, այլ Աստված է կերակրում իր մոր ու բնության օրենքների միջոցով: Նույնը վերաբերում է բոլոր էակներին, որոնք Աստծո ստեղծածներն են: Եթե կենդանի էակների մարմինները Աստված ստեղծում է այնպես, որ նրանք հասունանում են աճման միջոցով, ապա հոգևոր էությունները՝ հրեշտակային և մարդկային հոգիները, Աստված ստեղծում է միանգամից պատրաստի, հասուն ձևով: Հունական փիլիսոփայության մեջ եղած չորս տարրերը` հողը, ջուրը, օդը ու կրակը, որոնք կազմում են զգայական աշխարհի հիմքը, նույնպես ստեղծված են Աստծու կողմից մեկ գործողությամբ:

Ժամանակի բնույթի վերաբերյալ նա ասում է, որ քանի դեռ ոչ ոք չի հարցնում, թե ինչ է ժամանակը, իրեն թվում է, թե այն պարզ է, սակայն երբ հարցն առաջանում է, նա հայտնվում է փակուղում: Օգոստինոսը հերքում է այն հունական փիլիսոփաներին, որոնք ժամանակը կապում էին երկնային լուսատուների հետ: Նա հերքում է նրանց Աստվածաշնչի հիման վրա՝ հիշեցնելով, որ Հիսուս Նավինը խնդրեց Աստծուն կանգնեցնել Արեգակը, որպեսզի օրը երկարացնելու միջոցով վերջացնի թշնամուն կոտորելը: Օգոստինոսը հիշեցնում է, որ այդ դեպքում Արեգակը կանգ առավ, բայց ժամանակը շարունակվում էր: Ըստ նրա՝ ժամանակը, լինելով ամեն շարժման ու փոփոխության չափման միջոց, նույնպես ստեղծված է Աստծու կողմից իրերի հետ միասին: Անցյալը և ապագան գոյություն չունեն իրականում, այլ միայն մարդկային հիշողություն են ու հույս, իրականում գոյություն ունի միայն ներկան:

Օգոստինոսը համադրում է զգայական աշխարհի փոփոխականությունը և ունայնությունը Աստծո հավերժության հետ: Աշխարհում տիրող չարությունը Աստծուն չվերագրելու ձգտումը ստիպեց Օգոստինոսին ոչ թե հակադրել բարին ու չարը, այլ չարը դիտել որպես բարության բացակայություն: Այնպես, ինչպես լռությունը աղմուկի բացակայությունն է, մերկությունը՝ շորերի, հիվանդությունը՝ առողջության, իսկ մութը՝ լույսի, այնպես էլ չարությունը բարության բացակայությունն է: Միայն Աստված է իր բացարձակ հոգևոր բնույթով օժտված լիակատար բարությամբ: Նյութական աշխարհում բարին քիչ է:

Աստծու բարության բացարձակությունը ազատում է նրան աշխարհում տիրող չարից, որը պայմանավորված է մարդու ազատ կամքով: Այդ կամքը, լինելով կապված նյութական աշխարհի հետ, մղում է մարդուն խախտել աստվածային օրենքը և մեղք գործել: Մեղքը վկայում է մարդու հակվածությունը նյութական բարիքների հանդեպ: Այն մարդկային ինքնահավանության դրսևորում է իր ուժերի և այն թյուր համոզման մասին, որ մարդը կարող է աշխարհը նվաճել առանց Աստծո օգնության: Մեղքը, ըստ Օգոստինոսի, մահկանացու մարմնի ըմբոստությունն է անմահ հոգու դեմ: Մեղքի դեպքում ոչ թե հոգին է կառավարում մարմինը, այլ հակառակը՝ հոգին կատարում է մարմնի քմահաճույքները:

Մարդը ինքնուրույն չի կարող ազատվել մարմնի կողմից թելադրված մեղքերից: Դրա համար անհրաժեշտ է Աստծո օգնությունը: Աստված ազատ կամքով օժտեց առաջին մարդուն՝ Ադամին, որը, սակայն, չլսեց Աստծուն, որն արգելել էր խնձորը ուտել: Ադամից հետո նրա կամքի ազատության և Աստծու միջև առաջացավ անդունդ: Ահեղ դատաստանի օրը մարդկանց փոքրամասնությունը միայն իր օրինակելի վարքի համար կստանա հոգու փրկություն, իսկ մեծամասնությունը կպատժվի: Այսինքն՝ ըստ Օգոստինոսի, մարդկային երջանկությունը կարող է առաջանալ միայն Աստծո կամքով: Սերն Աստծո հանդեպ անհրաժեշտ է, քանի որ միայն նա է հավերժական օրենքի Արարիչը, որն աղբյուրն է ամեն բարոյական սկզբունքի: Երբ մարդն ապրում է ըստ մարդու, այլ ոչ թե ըստ Աստծո, նա նմանվում է սատանայի: Ոչ նյութական հոգու բացարձակ իշխանությունը մարմնի հանդեպ պահանջում է մարդուց արհամարհանք դեպի մարմնական հաճույքների գայթակղությունը: Առաքինությունը պայմանավորված է զգայական հաճույքների հանդեպ արհամարհանքի աստիճանով:

Ըստ Օգոստինոսի՝ բոլոր բարիքները բաժանվում են երկու տիպի՝ առաջինը պետք է սիրել և հաճույք ստանալ, իսկ երկրորդը այն են, որոնք պետք է օգտագործել: Առաջինը սերն է Աստծո և հավերժական բարության հանդեպ, իսկ երկրորդը՝ աշխարհի բոլոր բարիքները: Աշխարհի բարիքներից պետք է օգտվել, բայց սիրել ու երկրպագել դրանց նշանակում է խախտել քրիստոնեական բարոյականության պահանջները: Գերբնական հոգևոր արժեքները անհամեմատ ավելի առաջնային են, քան բնական նյութական բարիքները:

Չքավորությունը, աղքատությունը ամենաբարենպաստ հատկանիշներ են հոգու փրկության համար: Սակայն հարուստի առջև փրկության դռները չեն փակվում, եթե նա ճիշտ է օգտագործում իր հարստությունը: Հասարակության մեջ անհավասարությունը թելադրված է Ատծո կամքով և դրա հիմնավորումը վեր է մարդկային իմացությունից: Մարդկային երջանկության լիարժեքությունը հնարավոր է միայն այն կյանքում, որտեղ ոչ ոք չի լինի ստրուկ: Այս կյանքում առաքինի մարդը, նույնիսկ եթե նա ստրկության մեջ է, միևնույն է՝ ազատ է, իսկ չարը, նույնիսկ եթե նա թագավոր է, միևնույն է ստրուկն է իր արատների:

Հասարակական զարգացման շուրջը Օգոստինոսի փիլիսոփայությունը հիմնվում է աստվածային կանխորոշման գաղափարի վրա: Աստծո բացարձակ իշխանությունը տարածվում է ոչ միայն բնական երևույթների, մարդու անհատական կյանքի ուղու վրա, այլ նաև ողջ մարդկության պատմության վրա: Բոլոր մեծ նվաճումները, ինչպիսին, օրինակ, Ալեքսանդր Մակեդոնացու կյանքի գործն էր, Օգոստինոսը անվանում է ավազակային ձեռնարկում: Նա դատապարտում է եսասիրությունը, նյութական բարիքների կուտակումը, մարդկանց իշխելու ձգտումը: Այնպես, ինչպես Աստված աշխարհը ստեղծել է վեց օրում, մարդկային կյանքն էլ նա պատկերացնում է բաժանված վեց փուլերի, ինչպես նաև մարդկության պատմությունը բաժանում է վեց դարաշրջանների:

Մարդու կյանքի վեց փուլերն են' մսուրային, մանկական, պատանեական, երիտասարդական, հասուն և ծերունական: Մարդկության պատմության վեց դարաշրջաններն են' Ադամից մինչև Նոյը, ջրհեղեղից մինչև պատրիարք Աբրահամը: Վերջին՝ վեցերորդ դարաշրջանն սկսվել է Քրիստոսի ծննդից: Այդ վեցերորդ դարաշրջանը կտևի մինչև մարդկության վերջը:


Օգոստինոսն մարդու մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ նրա՝ մարդու զգայարանները, որոնք օգնում են նրան առօրյա կյանքում, չեն կարող նրան տալ հավատի գիտելիքներ: Զգայությունները առաջանում են ոչ թե մարմնի կողմից, այլ հոգու կողմից՝ չնայած և մարմնի միջոցով: Արտաքին աշխարհը ընդունակ չէ որևէ բան սովորեցնել մարդուն: Ոչ թե պետք է դուրս գալ արտաքին աշխարհ, այլ վերադառնալ իր մեջ, քանզի միայն իր մեջ է մատչելի ճշմարտությունը:

Ավրելիոս Օգոստինիոս սովորեցնում է Հռոմում

Մարդը, ուսումնասիրելով Աստծուն, համոզվում է, որ միայն նա կարող է տալ իր ամենակարևոր ու ամենախոր ճշմարտությունները: Աստծուն Օգոստինոսը անվանում է մտավոր լույսի Հայր: Մարդը կարող է ճանաչել միայն աստվածային լուսավորության, պայծառացման միջոցով: Մարդու հոգին կարող է ճանաչել ճշմարտության ամբողջականությունը միայն՝ լիովին հրաժարվելով իր մարմնական հիմքից՝ մարմնից, այսինքն՝ ձգտելով մահվան: Մարդու գոյության գերագույն նպատակն է ճանաչել Աստծուն ու հոգին: Եթե գիտելիքը կուտակվելով ստեղծում է գիտություն, որը մարդուն հնարավորություն է տալիս օգտվել իրերից, ապա իմաստությունը, որը աստվածային գործերի և հոգևոր երևույթների ճանաչողությունն է, տալիս է մարդու հոգուն փրկություն: Ուստի գիտությունը պետք է ենթարկվի իմաստությանը, քանի որ երկրային կյանքի գերագույն նպատակը հոգու փրկությունն է: Մարդիկ հիանում են լեռների բարձրությամբ, ծովային ալիքների հզորությամբ, օվկիանոսի անծայրածիրությամբ, աստղերի փայլով և բոլորովին ուշադիր չեն իրենց ներքին աշխարհի հանդեպ:

Օգոստինոսն հոգու մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Օգոստինոսի՝ հոգով օժտված է միայն մարդը, որն ամենաշատն է նման Աստծուն բոլոր էակներից: Հոգին ունի սկիզբ, քանի որ ստեղծված է Աստծու կողմից, սակայն այն չունի վերջ, քանի որ անմահ է: Հոգին բաղկացած չէ չորս տարրերից, այն տարածական չէ և չի բնութագրվում քանակական մեծություններով: Հոգու հիմնական հատկություններն են՝ միտքը, հիշողությունը, կամքը: Մտքի շնորհիվ կյանքի իրադարձությունները և պատկերները ոչ թե վերանում են, այլ պահպանվում հիշողության մեջ, որը ոչ տարածական է, ոչ էլ նյութական: Հիշողության մեջ են պահպանվում նաև հասկացությունները, մաթեմատիկական ու բարոյագիտական ճշմարտությունները, տարբեր տիպի ու բնագավառի գիտելիքները: Ինչ վերաբերում է մարդու մեջ մարմնականի ու հոգեկանի զուգորդությանը, ապա նա խոստովանում է, որ այդ միասնության բնույթը անհասկանալի է իրեն: Ոչ միայն հոգին է մարմնի մեջ, այլ նաև մարմինն է հոգու մեջ, քանի որ խոսքը մարդու բնույթի մասին է: Հոգին բանական էություն է մարմինը կառավարելու համար, ուստի մարդու էությունը ոչ թե մարմնի մեջ է, այլ հոգու:

Հոգու էությունը նա տեսնում է ոչ այնքան ճանաչողական հատկությունների մեջ, որքան կամքի և գործելու ընդունակության մեջ: Մարդը օժտված է ազատ կամքով, որը, սակայն՝ սահմանափակված է Աստծո բացարձակ կամքով: Այսինքն մարդու կամքը հարաբերականորեն է ազատ, իսկ Աստծունը՝ բացարձակորեն: Կամքին ճանաչողության նկատմամբ առաջնություն տալով՝ Օգոստինոսը դրանով առավելություն է տալիս հավատին բանականության հանդեպ: Նա հռչակեց

«Հավատա, որպեսզի հասկանաս»

կրոնական սկզբունքը: Հավատի և Աստվածաշնչի գերագույն մեկնաբան նա համարեց պաշտոնական եկեղեցին:

Օգոստինոսն հավատի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ նրա՝ մարդկային ճանաչողությունն ունի երկու աղբյուր: Մեկը անձնական փորձն է, որը մարդ ձեռք է բերում իր զգայարանների ու բանականության միջոցով: Այդ աղբյուրի հնարավորությունները սահմանափակ են, գիտելիքները՝ մակերեսային ու երկրորդական: Մյուս աղբյուրը շրջապատից, հասարակությունից ձեռք բերածն է: Այս աղբյուրը անհամեմատ ավելի լայն է ու հարուստ: Օգոստինոսն այն անվանում է հավատ և նույնացնում է կրոնական հավատի հետ: Բանն այն է, որ հավատը, որը մենք տածում ենք մեր շրջապատից ստացած գիտելիքների հանդեպ շատ ավելի լայն է, քան կրոնական հավատը, ուստի կրոնական հավատը միայն մի մասն է այդ իմացաբանական հավատի, մինչդեռ Օգոստինոսը, արհեստականորեն ընդարձակելով կրոնական հավատի շրջանակները, նույնացնում է այդ երկու հավատները: