Մանուկների խաչակրաց արշավանք
Մանուկների խաչակրաց արշավանք, 1212 թվականին Ֆրանսիայի և Գերմանիայի մանուկների կողմից դեպի Երուսաղեմի Սուրբ հողեր իրականացված խաչակրաց արշավանք։ Այն իր նպատակին չհասավ և կործանեց տասնյակ հազարավոր եվրոպացի մանուկներ։
13-րդ դարի սկզբին պապականությունը շարունակում էր Երուսաղեմը գրավելու կոչեր հղել կաթոլիկներին։ Սակայն ժողովրդի մեջ այդ կոչերը սկզբնական շրջանում հազվադեպ էին արձագանք գտնում, ինչը չի կարելի ասել հետագա տարիներ համար։ Ֆեոդալական կարգերը մեծապես դժվարացրել էին մարդկանց կյանքը։ Երբ ամենօրյա կյանքի անտանելի դժվարությունները սրեցին ժողովրդի մեջ կրոնական զգացմունքները, այդ ժամանակ մարդիկ սկսեցին ընդունել սրբազան պատերազմի լոզունգները։ Ահա այս ժամանակ՝ 1212 թվականին, տեղի են ունենում նախադեպը չունեցող դաժան և ապարդյուն մանուկների արշավանքները։
Ֆրանսիայի մանուկ խաչակիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1212 թվականի հունիսին Ֆրանսիայում՝ Փարիզի Սեն Դենի աբբայությունում հայտնվում է մի տասներկուամյա հովիվ երեխա՝ Ստեփան անունով, ով հայտարարում է, որ ինքն Աստծո պատվիրակն է և պիտի գլխավորի Սրբազան հողերի գրավումը քրիստոնյաների կողմից, և ծովը նրա ոտքերի առջև չորանալու է և ճանապարհ է բացելու դեպի Երուսաղեմ։ Նա թափառում էր ամբողջ Ֆրանսիայով և իր քարոզներով և հրաշքներով ոգևորում էր բոլորին։ Նա պատմում էր բոլորին, որ երազում տեսել է Հիսուս Քրիստոսին, ով նրան տվել էր նամակ և ցույց տվել ճշմարիտ ճանապարհը դեպի Երուսաղեմ։
Շուտով տարբեր վայրերում ի հայտ են գալիս մանուկներ, ովքեր հավաքում էին իրենց շուրջ հետևորդների մեծ խմբեր և տանում էին նրանց խաչերով և կրոնական երգերով Ստեփանի մոտ։ Երբ որևէ մեկը հարցնում էր այս երեխաներին, թե որտեղ են գնում, նրանք պատասխանում էին, որ գնում են ծովի մյուս ափ՝ Աստծո մոտ։ Նրանց ծնողները և խելամիտ մարդիկ, ովքեր ուզում էին հետ պահել երեխաներին այդ անմիտ քայլից, ոչինչ չէին կարողանում անել, քանի որ մարդիկ այս խաչակրաց արշավանքից սպասում էին մեծ հրաշքներ և սուր քննադատությունների էին արժանացնում նրանց, ովքեր այլ կերպ էին մտածում և չէին տեսնում Սուրբ Հոգու ներկայությունն այս երեխաների մեջ։
Վերջապես, Ֆրանսիայի թագավորը փորձում է վերջ դնել այս աբսուրդին և լրջորեն հրամայում է երեխաներին վերադառնալ տուն։ Երեխաների մի մասը ենթարկվում է հրամանին, իսկ մեծ մասը՝ ոչ։ Շուտով մանուկներին են միանում նաև մեծահասակներ՝ հոգևորականներ, արհեստավորներ, գյուղացիներ, հանցագործներ, կանայք և աղջիկներ։ Հավաքման վայր էր նշանակված Վանդոմը, մեկ ամիս անց՝ հունիսին, այստեղ արդեն հավաքվել էին 30,000 խաչակիրներ։ Խաչակիրների թիվն ավելի էր մեծանում, իսկ նրանց առաջնորդող փոքրիկ տղա-հովիվը գորգերով զարդարված կառքով էր տեղաշարժվում և շրջապատված էր թիկնազորով։ Ամբոխն անցնում է Տուրը և Լեոնը, հասնում է Մարսել և երկու ստրկավաճառ ցանկություն են հայտնում առանց որևէ գումարի 7 նավով տեղափոխել «Քրիստոսի պաշտպաններին» Սիրիա։ Ճանապարհին՝ Սարդինիայի մոտ՝ Սան Պետրո կղզու մոտ խորտակվում են, իսկ մնացած հինգ նավերը հասնում են Եգիպտոս, որտեղ չարագործ ստրկավաճառները վաճառում են խաչակիրներին ստրկության։ Նրանցից հազարավորներ հայտնվում են խալիֆի արքունիքում և աչքի են ընկնում քրիստոնյա մնալու համառությամբ։ Հետագայում այն երկու չարագործ ստրկավաճառներն ընկնում են Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն կայսեր ձեռքը և մահապատժի են դատապարտվում։
Ֆրիդրիխ II-ը 1229 թվականին Եգիպտոսի տիրակալ ալ-Քամիլի հետ հաշտության պայմանագիր կնքելիս, կարողանում է ստրկության վաճառված խաչակիրների զգալի մասին ազատություն տալ։
Գերմանիայի մանուկ խաչակիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույն պատկերը Գերմանիայում էր, հատկապես Ստորին Ռեյնի շրջաններում։ Այստեղ հանդես է գալիս 10 տարին չբոլորած Նիկոլայը, ով կատարում էր հոր հրահանգները։ Նրա հայրը ստրկավաճառ էր, ով օգտագործում էր որդուն իր շահի համար, ինչի համար հետագայում պատժվում է։
Նիկոլայն իր հետ կրում էր լատինական T-աձև խաչ և պնդում էր, որ չոր ոտքերով անցնելու է ծովն ու Երուսաղեմում հաստատի հավերժական Աստծո խաղաղություն։ Նա հավաքում է շուրջ քսան հազար անչափահաս տղա, աղջիկ, որոնց միանում են նաև թափառաշրջիկներ։ Ամբոխը դուրս է գալիս Քյոլնից՝ ուղղվելով Ռեյն, շարժվում է Ալպերով դեպի հարավ։
Խաչակիրների մի մասը ճանապարհին մահանում է սովից և ավազակային հարձակումներից, մի մասը վերադառնում է տուն՝չդիմանալով ճանապարհի դժվարություններին։ 1212 թվականի օգոստոսի 25-ին մի քանի հազար խաչակիրներ հասնում են Ջենովա։ Այստեղ նրանց հիացմունքով ընդունելու փոխարեն վռնդում և ստիպում են արագ շարունակել ճանապարհը, քանի որ ջենովացիները վախենում էին, որ այս տարօրինակ ամբոխը կարող է վնասել քաղաքը։ Սրանից հետո խաչակիրները հասնում են Բրինդիզի, և այստեղի եպիսկոպոսի ջանքերով խաչակիրներին թույլ չեն տալիս շարունակել դեպի Արևելք արշավանքը։ Խաչակիրները ստիպված էին վերադառնալ Գերմանիա, սակայն տղաների մի մասն ուղղվում է Հռոմ, որպեսզի Հռոմի պապից թույլտվություն ստանան արշավանքը շարունակելու։ Իննոկենտիոս III պապը (1198-1216) թույլ չի տալիս շարունակել արշավանքը, սակայն խոստանում է թույլ տալ շարունակել արշավանքը, երբ նրանք չափահաս դառնան։ Հետդարձի ճանապարհին մանուկների համարյա ամբողջ զորքը ոչնչանում է։ Հարյուրավորներ սովամահ էին լինում, մյուսները հիվանդություններից էին մահանում, աղջիկները բռնության էին ենթարկվում։ Որոշները հաստատվում են բարի ընտանիքներում և սկսում իրենք իրենց համար գումար վաստակել։ Ջենովայում նույնիսկ կան ընտանիքներ, որոնք սերում են այստեղ մնացած գերմանացի խաչակիրներից։ Եվ վերջապես խաչակիրների մի փոքր մաս միայն՝ սոված և հյուծված վերադառնում է հայրենիք։ Իսկ նրանց առաջնորդ Նիկոլայը հետագայում մասնակցում է 1129 թվականին Եգիպտոսում Դամիետայի ճակատամարտին։ Այսպիսով, մանուկների խաչակրաց արշավանքը չհասավ իր նպատակին. ոչ մի տարածք չգրավվեց և ոչ մի մարտ տեղի չունեցավ, սակայն մանուկների մեծ, բայց տկար բանակը շատ կարճ ժամանակում գրեթե ամբողջովին ոչնչացվեց։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Куглер Б., История крестовых походов, Ростов, 1995 г.,
- Заборов М., Папство и крестовые походы, Москва, 1959 г.,
- Успенский Ф., История крестовых походов, 6-ая глава,
- David Baker, Crusade of tears, 2004.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուկների խաչակրաց արշավանք» հոդվածին։ |
|