Մալաթիայի կրթասիրաց ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալաթիայի կրթասիրաց ընկերություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրվածհունվարի 30, 1904
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ

Մալաթիայի կրթասիրաց ընկերություն, հայրենակցական միություն։ Հիմնադրվել է 1904 թվականի հունվար 30-ին, Նյու Յորքում, մալաթիացիների նախաձեռնությամբ։ Նպատակն էր օգնել ծննդավայրի հայկական դպրոցներին, իսկ 1915 թվականից հետո՝ Մեծ եղեռնից փրկված հայրենակիցներին։ Մալաթիայի կրթասիրաց ընկերության նախաձեռնությամբ ու խնդրանքով, Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ 1927 թվականին հիմնադրվեց Նոր Մալաթիա ավանը, որի առաջին բնակիչները դարձան ներգաղթած մալաթիացիները (Ֆրանսիայից, Հունաստանից, Թուրքիայից և այլն)։ Ընկերության միջոցներով Նոր Մալաթիայում հիմնադրվեց տրիկոտաժի արհեստանոց (որի հիմքի վրա հետագայում կառուցվեց Շահումյանի շրջանի JSP 1 տրիկոտաժի ֆաբրիկան)։ Մալաթիայի կրթասիրաց ընկերությունը միջոցներ հատկացրեց նաև Լենինականի երկրաշարժից տուժածների օգնության ֆոնդին, իսկ 1941-1945 թվականի երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և դրանից հետո՝ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյանը և ներգաղթի հանգանակությանը։ 1960-ական թվականներին սերտացան Մալաթիայի կրթասիրաց ընկերության կապերը Խորհրդային Հայաստանի, Նոր Մալաթիայի միջնակարգ դպրոցի, «Մալաթիա» հիվանդանոցի (որին ընկերությունը նվիրել է շուրջ 100 հազար դոլլարի արժողության բժշկական սարքավորումներ) հետ։ Նոր Մալաթիայի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ ընկերության նախաձեռնությամբ ու միջոցներով Նոր Մալաթիայում կառուցվել է հուշարձան։ Մալաթիայի կրթասիրաց ընկերություն մասնաճյուղեր ունի ԱՄՆ-ի, Հարավային Ամերիկայի, Ֆրանսիայի հայաշատ քաղաքներում, Կուբայում, Լիբանանում, Սիրիայում, Երուսաղեմում և այլն։ Ընկերությունն ամեն տարի հրավիրում է պատգամավորական ժողով։ Կենտրոնական վարչությունը, որ երկար տարիներ գտնվում էր ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում, փոխադրվել է Ուստր։ Նախագահն է Գ. Մուրադյանը, քարտուղարը՝ Ս. Պաղտասարյանը։ 1935 թվականից Մալաթիայի կրթասիրաց ընկերություն հրատարակում է «Նոր Մալաթիա» պաշտոնաթերթը։ 1961 թվականին հրատարակել է «Պատմություն Մալաթիո հայոց» (հեղ. Ա. Ալպոյաճյան) պատմաազգագրական գիրքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 146