Ղուկաս Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղուկաս Գալստյան
Ծնվել է1912
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Ղուկաս Մուշեղի Գալստյան (1912 - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1960), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղուկաս Գալստյանը ծնվել է 1912 թվականին, Արևմտյան Հայաստանում։ Ցեղասպանության տարիներին նրա ընտանիքը տեղահանվել է և շուրջ տասը տարի դեգերել Պարսկաստանում և Իրաքում։ Հայաստան վերադարձել են 1925 թվականին և բնակություն հաստատել Արարատ գյուղում։

Գալստյանը տարրական կրթություն ստացել է Իրաքում, մանկավարժական մասնագիտական կրթություն ստացել է Ռոստովում՝ Ազով-Սևծովյան երկրամասի հայկական մանկավարժական տեխնիկումում։ 1934 թվականի օգոստոսին ընդունվել է Մոսկվայի Բուբնովի անվան առաջին մանկավարժական ինստիտուտը, հետագայում տեղափոխվել է Կալինին քաղաք, ուսումը շարունակել տեղի պետական մանկավարժական ինստիտուտում։ 1938 թվականի հուլիսին ավարտել է ինստիտուտի պատմության ֆակուլտետը և վերադարձել Հայաստան և Սիսիանի Բռնակոթ գյուղի միջնակարգ դպրոցում եղել տնօրեն[1]։

1939 թվականին Գալստյանը զորակոչվել է կարմիր բանակ։ 1940 թվականի ամռանը մասնակցել է Բեսարաբիայի ազատագրմանը։ 1940 թվականի աշնանը տեղափոխվել է 31-րդ տանկային գունդը, որից հետո նշանակվել է Տ-34 տանկի հրամանատար։ 1941 թվականի հոկտեմբերի վերջին դասակի հրամանատար Ղուկասը մարտնչել է Ստալինգրադի մատույցներում։ 1942 թվականի ամառը տեղափոխվել է Հյուսիսային Կովկասի ռազմաճակատ։ 1943 թվականի նոյեմբերից մինչև 1944 թվականի հունվարի 1-ը սովորել է Պոլտավայի տանկային ուսումնարանում։ 1944 թվականի գարնանը 69-րդ գվարդիական տանկային գնդի կազմում մասնակցել է Ստանիսլավի ուղղությամբ մեր զորքերի հարձակմանը։ 1944 թվականի ամռանը Ղուկասը տեղափոխվել է 1454-րդ ինքնագնաց հրանոթային գունդը, 8-րդ տանկային կորպուսը, որպես ՍՈւ-85-ի հրամանատար։ Մասնակցել է Պերեմիշլ քաղաքի ազատագրմանը, Վիսլա գետի անցմանը, 1945 թվականի ապրիլի 13-14 -ին՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի ազատագրմանը, որտեղ էլ դիմավորել է մայիսի 9-ը։ 1946 թվականի հոկտեմբերին գվարդիայի լեյտենանտը զորացրվել է։ Գալստյանը արժանացել է կառավարական մի շարք պարգևների[1]։

1947-1950 թվականներին աշխատել է Սիսիանի շրջանի Նորավան գյուղի դպրոցի տնօրեն։ 1950-1956 թվականներին աշխատել է Բռնակոթ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1960)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]