Հրաբխագիտություն
Հրաբխագիտություն, գիտություն հրաբուխների ու հրաբխականության մասին: Ուսումնասիրում է հրաբուխների առաջացման պատճառները, դրանց տեղաբաշխման օրինաչափությունները, գործունեության և կառուցվածքային առանձնահատկությունները, հրաբխային նյութերի (լավաներ, գազեր ևն) կազմը, տեղադրման պայմանները, հրաբխականության դերը երկրի կառուցվածքի ու զարգացման պատմության մեջ ևն: Հրաբխագիտության խնդիրներն են հրաբխային արտավիժումների կանխատեսումը, դրանց բնույթի վերահսկումը (ավերածություններից խուսափելու համար) և հրաբխային էներգիայի պաշարներից օգտվելու եղանակների մշակումը: Հայկական աղբյուրներում հրաբխագիտության առաջին տեղեկությունները հանդիպում են Հակոբ Մծբնացու հիշատակություններում և Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունում: Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ հրաբխագիտայաբ տվյալներ կան Հ. Աբիխի «Հայկական լեռնաշխարհի երկրաբանությունը» երկհատոր աշխատության մեջ: ՀՀ-ում 1927-50-ին հրաբխագիտական առաջին ուսումնասիրությունները կատարել են ԽՍՀՄ ԳԱ հատուկ արշավախմբերի մասնակիցներ Ֆ. Լևինսոն-Լեսինգը, Ա. Զավարիցկին, Ա. Լեբեդևը, Վ. Պետրովը, Լ. Կվաշան և ուրիշներ: 1959-ին Երևանում կայացած համամիութենական առաջին հրաբխագիտական խորհըրդակցության որոշմամբ, 1963-ին ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում ստեղծվել է հրաբխագիտության բաժին (1976-ից՝ հրաբխագիտության լաբորատորիա): Հանրապետության տարածքի հրաբխագիտական ուսումնասիրությունները կատարվել են ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում և ՀՀ բնապահպանության նախարարությունում: Մանրամասն հետազոտվել և տեղեկություններ են տրվել Հայաստանի տարածքին բնորոշ միածին հրաբուխների վերաբերյալ, քարտեզագրվել են ՀՀ տարածքի հրաբխային առաջացումները, կազմվել է նորագույն հրաբուխների քարտացուցակ, ըստ խմբերի, տեսակների, հասակների նկարագրվել ու ստորաբաժանվել են ավելի քան 550 հրաբխային կենտրոն: Հանրապետության տարածքի հրաբխայնությանը վերաբերող ուսումնասիրություններն ամփոփված են «Հայկական ՍՍՀ երկրաբանությունը» 3-րդ և 4-րդ հատորներում (ռուսերեն, 1966, 1970):
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |