Հերման Աբիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Otto Wilhelm Hermann von Abich (Alter Fritz).jpg

Աբիխ Հերման Վիլհելմ (1806, դեկտեմբերի 11, Բեռլին - 1886, հուլիսի 1, Գրաց), գերմանացի երկրաբան, Պետերբուրգի ԳԱ օրդինար ակադեմիկոս (1853) և պատվավոր անդամ (1866)։

Կենսագրություն[խմբագրել]

Ավարտել է Բեռլինի համալսարանը (1831)։ Հետազոտել է Իտալիայի հրաբուխները՝ Էտնան, Ստրոմբոլին, Վեզուվը։ 1842 թ. հրավիրվել է Ռուսաստան և մինչև 1844 թ. վարել Դորպատի համալսարանի միներալոգիայի ամբիոնը։ Ակոռիի երկրաշարժի (1840) պատճառներն ուսումնասիրելու նպատակով 1844 թ. եկել է Հայաստան, Անիում կատարել քաղաքի հանույթը, կազմել նրա գլխավոր շինությունների գծագիրը։

1845 թ. բարձրացել է Արարատ լեռը (գագաթն է հասել հուլիսի 17–ին)։ Տվել է լեռան երկրաբանական նկարագրությունն ու կտրվածքները։ Հայաստանում Աբիխին հինգ ամիս 22 օր ուղեկցել է Խաչատուր Աբովյանը, տեղեկություններ հաղորդել Երևանի նահանգի մասին։

Աշխատություններ[խմբագրել]

Աբիխը հրատարակել է «Կովկասյան երկրների երկրաբանության ներածական տեսություն» (1859), «Երկրաբանական դիտումներ Կուրի և Արաքսի միջև եղած լեռնաշխարհում» (1867) աշխատությունները։ 1876 թ., տեղափոխվելով Վիեննա, հիմնականում զբաղվել է Կովկասում հավաքած նյութերի մշակմամբ ու հրատարակել «Երկրաբանական հետազոտություններ Կովկասյան երկրներում» (1878–1887) եռահատոր աշխատությունը, որի 2–րդ և 3–րդ հատորները նվիրված են Հայկական լեռնաշխարհին։

Այդ աշխատության առաջին գրքում լուսաբանված է Արաքսի հովտի (Ջուլֆայի շրջակայքի) երկրաբանական կառուցվածքը։ Երկրորդ գրքում ամփոփված են Արևմտյան Հայաստանի երկրաբանությանը վերաբերող նյութերը, տրված է Արաքսի ավազանի երրորդական գոյացումների նկարագրությունը։ Երրորդ գիրքը, որը Աբիխի մահից հետո հրատարակման է պատրաստել Է. Զյուսը, պարունակում է նյութեր Հայկական լեռնաշխարհի արևելյան մասի երկրաբանական կառուցվածքի և օգտակար հանածոների վերաբերյալ։ Հատորին որպես հավելված կցված է ընդարձակ ատլաս, որտեղ հատուկ հետաքրքըրություն է ներկայացնում Հայաստանի 1։ 420000 մասշտաբի քարտեզը։

Աբիխը նկարագրել է Մեղրիի, Կապանի պղնձի, Նախիջևանի քարաղի, Վրաստանի մանգանի և քարածխի հանքավայրերը, Հյուսիսային Կովկասի հանքային ջրերը, ինչպես և Իրանի երկրաբանական կառուցվածքը։ Զբաղվել է պետրոգրաֆիայի հարցերով։

Կովկասի երկրաբանության վերաբերյալ Աբիխը գրել է հիսունից ավելի աշխատություն, առաջին անգամ գիտականորեն բացահայտել նրա բնության ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկությունները և լեռնագրական բնույթը։ Աբիխը համարվում է «Կովկասի երկրաբանության հայրը»։

Գրականություն[խմբագրել]

  • Волкова С. П и Тихомиров В. В., Жизнь и труды Германа Вильгельмовича Абиха, «Очерки по истории геологических знаний», 1959, л. 8 (կա Աբիխի աշխատությունների լրիվ ցանկը)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png