Հերման Էմիլ Ֆիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hermann Emil Fischer.jpg

Հերման Էմիլ Ֆիշեր (գերմ.՝ Hermann Emil Fischer, հոկտեմբերի 9, 1852, Օյսկիրհեն - հուլիսի 15, 1919, Բեռլին), գերմանացի քիմիկոս-օրգանիկ և կենսաքիմիկոս, Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1893) և պատվավոր անդամ (1913)։

Ավարտել է Ստրասբուրգի համալսարանը (1874)։ Եղել է Մյունխենի (1871՝-ից), Էռլանգենի (1882-ից), Վյուրցբուրգի (1885-ից) և Բեռլինի (1892—1919) համալսարանների պրոֆեսոր։ 1875 թվականին սինթեզել է ֆենիլհիդրազինը և այն օգտագործել որպես ռեակտիվ՝ տարբեր քիմիական ռեակցիաներում։ Ուսումնասիրել է պուրինային միացությունների կառուցվածքը, սինթեզել է կոֆեին, թեոբրոմին, ադենին, գուանին, պուրին (1897-98)։ 1903 թ.-ին սինթեզել է երկէթիլբարբիտուրաթթուն (քնաբեր դեղամիջոց)։

Սահմանել է ածխաջրերի ռացիոնալ բանաձևերը և անվանակարգը։ Առաջարկել է գլյուկոզիդների սինթեզի մեթոդ (1893)։ 1899 թվականից սկսել է ուսումնասիրել սպիտակուցները։ Ամինաթթուների վերլուծման իր իսկ ստեղծած եթերային եղանակով առաջինն է իրականացրել սպիտակուցների ճեղքման արգասիքների որակական և քանակական վերլուծությունը, հայտնաբերել մի քանի ամինաթթու, փորձով ապացուցել, որ սպիտակուցներում ամինաթթուները կապված են պեպտիդային կապով, սինթեզել 18-անդամանի պոլիպեպտիդ (1907)։

1902 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png