Հերակլիտ
Հերակլիտ, Հերակլիտոս կամ Հերակլայդես (հին հունարեն` Ἡράκλειτος ὁ Ἐφέσιος, մ.թ.ա. 544-484), անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփա։
Հերակլիտ Եփեսացին ծնվել է Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։
Իրեն նախորդող փիլիսոփաներից տարբերվում է նրանով, որ աշխարհասկզբի իր տեսության կառուցման մեջ շեշտում է դիալեկտիկական հակադրությունը և շարժումը համարում երևույթների ներբնակ ուժը։ Բնության մեջ իշխում է շարժումը, չկա հանգիստ վիճակ, առերևույթ հանգիստը նույնպես շարժում է, ամեն բան ենթակա է փոփոխման, անփոփոխ ոչինչ չկա։ Տիեզերական ոչ մի երևույթ չի կարելի պատկերացնել անշարժության մեջ, որովհետև շարժման ենթակա են բոլոր առարկաները, բոլոր երևույթները առանց բացառության։ «Ամեն բան շարժվում է և ոչինչ հանգիստ չէ»,- ասում է Հերակլիտը։ Միևնույն գետը չի կարելի մտնել երկու անգամ։
Հերակլիտի այս ուսմունքի մեջ շարժումը պայմանավորված է հակադրությամբ, հակադրությունը կազմում է նրա` այդ շարժման ներբնակ ուժը։ Ողջ տիեզերքի մեջ գոյություն ունի հակադրությունների մշտնջենական փոխանակություն։ Հակադրություններից առաջանում է կատարյալ ներդաշնակություն, համաշխարհային ներդաշնակությունը լարվածության և մերձեցման համակեցությունն է։
Կրակի մահը օդի ծնունդն է, օդի մահը` ջրի ծնունդը։ Հողի մահից ծնվում է ջուրը, ջրի մահից ծնվում է օդը, օդի մահից` կրակը և ընդհակառակը։ Ամեն բան փոխանակություն է։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Ա.Առաքելյան (1968)։ Հունական գրականության պատմություն։ Երևան: «Լույս», էջ 163-164։