Հայ գրքի հնատիպ շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Մեղապարտը

Հայ գրքի հնատիպ շրջան, հայերեն գրքերի առաջին տպագրիչը Հակոբ անունով մի հայ հոգևորական է եղել, որի անվանը հետո ավելացվել է «Մեղապարտ» մականունը (ըստ նրա թողած հիշատակարանի)։


Հռոմի պապից հայերեն գրքեր տպագրելու թույլտվություն ստանալով՝ Հակոբ Մեղապարտը Վենետիկում (այս քաղաքն իր ավելի քան 200 տպարաններով XVI դարի սկզբին դարձել էր Եվրոպայի տպագրական կենտրոնը) կահավորել է տպարան, ըստ իր գծագրած նմուշների՝ ձուլել է տվել հայերեն տպատառեր և սկսել տպագրել իր մոտ եղած ձեռագիր մատյանները։ 1512 թ.-ին Մեղապարտը լույս է ընծայել հայերեն առաջին տպագիր գիրքը՝ Ուրբաթագիրքը, որը միջնադարյան աղոթագիրք-բժշկարան է. գրքում, ի թիվս այլ բնագրերի, զետեղված է նաև Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի 41-րդ գլուխը։


Հայատառ առաջին գիրքը Հայաստանից այդքան հեռու տպագրվելն ուներ քաղաքական լուրջ պատճառներ՝ պետականության բացակայություն, անկայուն քաղաքական իրավիճակ, շարունակական պատերազմներ, Եվրոպայի մշակութային կենտրոնների հետ բավարար հարաբերությունների բացակայություն և այլն։ Այս պայմաններում Հայ եկեղեցին էական դեր է կատարել հայ հասարակաքաղաքական և մշակութային կյանքում։ Ճնշման և հալածանքների պայմաններում դժվարացել էր նաև գրչագիր մատյանների ստեղծումն ու տարածումը, ուստի եկեղեցու շատ ներկայացուցիչներ հասկացել են, որ միայն տպագրության միջոցով կարելի է լրացնել գրքերի պակասը։


Եվ քանի դեռ Հայաստանում տպարաններ չկային, ստիպված էին գրքեր տպագրել Եվրոպայում և փոխադրել Հայաստան ու հայաբնակ այլ վայրեր։ 1513 թ.-ին Հակոբ Մեղապարտը հրատարակել է ևս 4 գիրք (ըստ տպագրման հերթականության)՝ Պատարագատետր (պատարագի արարողության ծիսակարգային ձեռնարկ), Աղթարք (պարունակում է աստղագուշակություն, միջնադարյան զանազան սնահավատություններ և բժշկարան), Պարզատումար (36 տարիների օրացույց է և գուշակություններ), Տաղարան (միջնադարյան հայ հեղինակների՝ Ներսես Շնորհալու, Ֆրիկի, Մկրտիչ Նաղաշի, Հովհաննես Թլկուրանցու և ուրիշներ ստեղծագործությունների ժողովրդական)։ Պատարագատետրի վերջում կա հիշատակարան. «Գրեցավ սուրբ տառս ի ՋԿԲ, ի աստուածապահ քաղաքս ի Վէնէժ, որ է Վենետիկ, Ֆռանկստեան, ձեռամբ մեղապարտ Հակոբին։ Ով որ կարդայք, մեղաց թողութիուն խնդրեցեք Աստուծոյ» (աշխարհաբարը՝ «Այս սուրբ տառերը գրվեցին 962 թ.-ին, Վենեժ աստվածապահ քաղաքում, որն է Վենետիկ՝ Ֆրանկստան, մեղապարտ Հակոբի ձեռքով։ Ով որ կարդա, թող մեղքերիս թողություն խնդրի Աստծուց»)։ Հակոբ Մեղապարտի գրքերի տպագրությունը երկգույն է՝ սև և կարմիր։ Նա փորձել է իր հրատներին ձեռագիր մատյանների տեսք տալ, քանի որ ձեռագրերը հայության մեջ շատ հարգի էին, իսկ տպագիր գիրքը՝ անսովոր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։