Հայկ Դավթյան (ջութակահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Դավթյան
Ծնվել էմարտի 13, 1963(1963-03-13) (61 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունջութակահար և դիրիժոր
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախումբ
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Հայկ Յուրիի Դավթյան (մարտի 13, 1963(1963-03-13), Մոսկվա, ԽՍՀՄ), ջութակահար, դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրիժոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի որդին է։ Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի (1980 թվական, դասատու՝ Տատյանա Հայրապետյան), Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ջութակի (1985 թվական, Էդուարդ Թադևոսյանի դասարան), կոմպոզիցիայի (1986 թվական, Ղազարոս Սարյանի դասարան), դիրիժորության (1990 թվական, Յուրի Դավթյանի դասարան) բաժինները։

1987–1991 թվականներինին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի, 1991 թվականին՝ Հայաստանի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1990–1991 թվականներին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նվագախմբի ղեկավար։

1991 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ստեղծել է «Նաիրի» դուետը (1991 թվականից՝ դաշնակահար Արմեն Ահարոնյանի հետ)։

1993 թվականից դասավանդել է Սեն-Մանդե քաղաքի (ջութակ, անսամբլ), 2004–1013 թվականներին՝ Ստրասբուրգի ազգային (մենակատար և նվագախմբի դիրիժոր), 2013 թվականից՝ Սերժի Պանտուազի (ջութակ, նաև նվագախմբի դիրիժոր), 2015 թվականից՝ Փարիզի ազգային (ջութակ) կոնսերվատորիաներում։

1992–1997 թվականներին՝ Թուր և Մասսի քաղաքների սիմֆոնիկ նվագախմբերի մենակատար, 1993–97 թվականներին՝ Լիտվայի ազգային օպերայի, Ուլյանովսկի սիմֆոնիկ, Սոֆիայի կամերային, Ֆրանշ-Կոնտեի նվագախմբերի դիրիժոր։

2000–2004 թվականներին՝ Սեն Մանդեի նվագախմբի մենակատար։

1994–1996 թվականներին որպես մենակատար հանդես է եկել Պերիգորի «Բեյնաքյան գիշերներ», 2000–2002 թվականներին, որպես դիրիժոր, Փարիզի լիրիկական նվագախմբի հետ՝ «Ուազի անտառային» (Ֆրանսիա) փառատոներում։

1992–2002 թվականներին համագործակցել է Փարիզի օպերայի և Ֆրանսիայի ռադիոյի ֆիլհարմոնիկ, 2003 թվականին՝ Տորոնտոյի (Կանադա) սիմֆոնիկ, 1998 թվականից՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ (Մորիս Մետերլինկի դրամայի համար գրված սյուիտը) նվագախմբերի հետ։ Իր հիմնադրած «Խրոմա» կվինտետի (1999–2004 թվականներին) հետ համերգներով շրջագայել է Ֆրանսիայում, Ավստրիայում, Հունգարիայում։

2007 թվականին ստեղծել է նաև «Նաիրի» կվինտետը։ Ձայնագրել է (Արմեն Ահարոնյանի հետ) Արամ Խաչատրյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Կոմիտասի, Ղազարոս Սարյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից (փոխադրումները՝ Դավթյանի, Արմեն Ահարոնյանի), Լուիջի Բոկերինիի կվինտետը (կիթառահար Պ. Իվանեզի հետ), Կոմիտասի մեղեդիների հիման վրա՝ Սերգեյ Ասլամազյանի և Ռուբեն Ալթունյանի մանրանվագները և այլ գործեր։ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում և Արևելյան Եվրոպայում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի երիտասարդ կատարողների հանրապետական մրցույթի Գլխավոր (1980), Այսրկովկասյան մրցույթի 2-րդ (1981), «Պիեռ Լանտիե» միջազգային մրցույթի Մեծ (1996, Փարիզ) մրցանակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։