Հայկական ավանդական ձիախաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական ավանդական ձիախաղեր, ժողովրդական խաղերի տեսակ, որոնք տեղի են ունեցել Հայաստանում տոների, ուխտագնացությունների, հարսանիքների ժամանակ։ Մեր օրերում մեծ մասամբ մոռացության մատնված խաղեր են։ Ավանդական ձիախաղերը ընդգրկված են ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում[1]

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ պեղված նյութերով վկայված է, որ Հայստանը ձի ընտելացնող և ձիաբուծությամբ զբաղվող հնագույն երկրներից է։ Ձիապանները հատուկ խնամքով են պահպանել ընտիր նժույգները, որոնցով արշավել են արքաներն ու իշխանները, դրանցով կազմակերպել տարբեր զորահանդեսներ և մրցություններ։ Ազգագրական տվյալները հայնտում են, որ ձիախաղերը ժողովրդի շրջանում պահպանվելեն մինչև 20-րդ դարը։ Քանի որ պարսկաթուրքական բռնությունների շրջանում արգելվել է ձի պահելը։ Սակայն ձիախաղերի համար հայ երիտասարդներն օտար տիրակալների աչքից հեռու պահել և վարժեցրել են հատուկ նժույգներ։ Լավ խնամքից զատ հավատալիքներ կային, որ պետք է ձիերին պաշտպանել չար աչքից, ուստի ձին զարդարել են հմայիլներով։

Ձիախաղերի մասնակիցները երիտասարդներ էին, սկայն հաճախ նաև քառասունն անց տղամարդիկ նույնպես մասնակցել են մրցություններին։ Ձիախաղերի մասնակիցները մեծ մասամբ հարուստ խավի ներկայացուցիչներ էին, սակայն միջգյուղական և գավառական մրցություններին ներգրավել են նաև ճարպիկ, բայց ձիազուրկ երիտասարդներին։ Ձիախաղերին մասնակցել են նաև հոգևորականները։ Նրանց նույնիսկ բանադրանքի են ենթարկել։

Լսում ենք, որ կան քահանաներ, որոնք զբաղվում են ձիավարժությամբ, զինվորի նման զենքեր են կրում և ձիարշավի խաղերի խրախճանքներին նրանց հետ արշավում են երիվարներով։ Այլ վայել չէ կարգավորներին, որ զենք վերցնեն, երիվարներով արշավեն երիտասարդական սովորությամբ և դրանով նյութ տան տեսնողների բամբասանքներին։
- Ներսես Շնորհալի, Ընդհանրական թուղթք սրբոյն Ներսեսի Շնորհալւոյ, Յերուսաղեմ, 1871, 66

Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում ձիավարժ հոգևորականները նաև ձիախաղերին էին մասնակցում, հմտորեն վարժվում և դառնում էին հայտնի մենամարտիկներ։ Նրանց թուրքերն անվանել են դելի քեշիշ՝ խենթ քահանա[2]։

Ըստ Վ․ Բդոյանի ուսումնասիրությունների՝ պատմական փաստերը վկայել են, որ ձիարշավի համար հատկացված է եղել հրապարակ։

,,,Իսկ փախած նախարարների և ազատների կանանց Շապուհը հրամայում է բերել Զարեհավան քաղաքի ձիարշավի հրապարակը
- Փավստոս Բուզանդ, Պատմություն հայոց, էջ 268

Սինամ- Սարիմ, Սենե Քարիմ ըսեցին․
Մոլլա, ըբը էս ի՞նչ ա,
Օր խեծած կը քշեն էս յան, էն յան։
Մոլլան ըսեց․-Տղեկներս,
Էտի ձի յա, վրավին էլ մարթա․
Կը քշեն էս յան, էն յան, ուրախութուն կէնեն։

- Սասնա Ծռեր, Բ հատոր, Եր․ ,1951, էջ 647։

Համբարձման ու Վարդավառի տոներին Տարոնում հավաքվում էին Կարնո, Բաղեշի, Խնուսի, Վասպուրականի և այլ շրջանների հեծյալները։ Ձիարշավներին պատրաստվել են մանրամասնորեն։ Ձիարշավների մասնակիցների մեջ աչքի էին ընկնում հմուտ ու համարձակ հեծյալները, Խարս գյուղում հայտնի էր Իրիցու Գրիգորը, Գավռոցի Մոսոն։ Ժողովուրդը երգեր է հորինել ձիախաղերի մասին[3]։

Ախալքալաքի Փ․ Խանչալլի գյուղում 20-րդ դարի սկզբում` 1910-1920-ական թվականներին հայտնի ձիավարժ էր Նազար Բդոյանը։ Նա մասնակցել է գավառի մրցություններին, ուխտավայրերում կազմակերպվող ձիախաղերին։ Սրընթաց նժույգի վրա նա կանգնել է թամքին, պարանոցի ու փորի տակով պտույտներ գործել, բռնել ձիու բաշից ու բարձրացել-իջել թամքին, վազել ձիուն հավասար արագությամբ, կախվելով ձիուց՝ բարձրացրել իր նետած որևէ առարկա։ Այս հնարքներով նա կարողացել է փրկվել 1918 թվականի մայիսին թուրքական զորքի՝ Ախալքալաքի գավառ ներխուժման ժամանակ։

Տեղահանված բնակչությանը պաշտպանող կամավորական ջոկատները դիմադրել են թշնամուն։ Նրանց թվում էր Նազարը, որ հայրենի գյուղի մոտ՝ Աղբաբա տանող ճանապարհին, դիմագրավել է թշնամուն։ Նրա ձին սովոր էր լսել տիրոջ՝ «պառկիր» և «ել» հրամանները։ Պառկած ձիու թիկունքում թաքնված՝ նազարը կրակել է թշնմամուն, ապա բարձրացրել ձին և փորի տակից կրակել։ Թշնամին կարծել է՝ ձիավորը սպանվեց, փորձել է բռնել ձիուն, սակայն Նազարը փորի տակից ձիուն ղեկավարելով, կարողացել է փրկվել, ապա կանգնել թամքին, ձիախաղերի ընթացքում արած հնարքներով վերացրել թշնամուն ու հասել իր ջոկատին[4]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրոհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Հայաստանի շատ բնակավայրերւմ Վարդավառի տոնին կազմակերպվել են ձիախաղեր, որոնք կոչել են գրոհ (պասալու)։ Արշավողները զղզիկներով (խեցի, հողաման) կռվել են՝ փորձելով հակառակորդին քշել մոտակա ջրերը, սա պարտվողի համար մեծ ձախորդություն էր համարվում, քանի որ զրկվում էր խաղին մասնակցելու հնարավորությունից։ Հաղթողներին տրվել են վարդապսակ մրցանակներ[5]։

Հարսնառի ձիարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեսացուի հայրն ու քավորը ձիավարել են մի քանի ձիավորների հետ, շաբաթ օրը ճաշից հետո։ Երգերով, խաղերով ու դհոլ-զուռնայով գնացել են հարսնացուի գյուղ։ Երիտասարդ մաղրվորներտը ճանապարհին ի ցույց են դրել իրենց շնորհքը, արշավել են, ջիլիթ խաղացել, երգել ու կատակել։ Վերադառնալիս նույնպես ջիլիթ են խաղացել, հրացանաձգությամբ մրցել։

Շաբաթ օրը Վարանդայում ձիախաղեր են կազմակերպել հարսի գյուղ գնալու ճանապարհին, առաջ ու ետ են արշավել, կանգնել ձիու վրա, քշած պահին ոտքը զարկել գետնին ու նորից նստել ձիու մեջքին, մտել ձիու փորի տակ և կրակոց արձակել ատրճանակից[6]։

․․․Երբ երեկ Այրհարուց հրապարակեն անցած միջոցին հարսի տուն կերթայինք հարս առնելո, տեր Սարգիս հրավիրեց երիտասարդք ձիարշավի։ Երբ հրապարակի մեջ 40 ձիավորեն 15 կտրիճ ձիավորք որոշվեցան տերտերի հետ ձիարշավ ելնել, տեր պապոն յուր խաղալ նժույգ մտրակելով զամենքն անցավ, քանի հոգի ձիաներեն վար բերավ․․․
- Երեմիա եպիսկոպոս Տևկանց, Տոհմային հիշատակարան, Վարագ, 1881, Մատենադարանի ձեռագիր N 4184, էջ 60։

Ճիրիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբաստիայում ձիավորները կազմակերպել են ձիախաղեր՝ յայլաների բերքով ուրախացած, պաշարով բեռնավորված գյուղեր հասնելու ճանապարհին։ Յուրաքանչյուրն ունեցել է երկու ձեռնափայտ, որից մեկի ծայրը կեռ ուներ՝ մյուս փայտը գետնից վերցնելու համար։ Մի գավազանը հակառակորդին հետապնդելու և նրան նետելու համար էր։ Ձիախաղ անողները աշխատում էին միմյանց հետապնդել, իրենց կողմ արձակված գավազանը բռնել, գետնին ընկածը կեռ փայտով վերցնել և դիմել հակահարձակման։ Այստեղ յուրաքանչյուրն ի ցույց է դրել իր վարպետությունը, ճարպկությունն ու նշանառությունը՝ հարվածի հաջող կատարումով։

Մեծ պասի ձիարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանձակում ընդունված էր Մեծ պասի առաջին օրը դուրս գալ հրապարակ՝ ձիախաղի։ Օրվա երկրորդ կեսին քաղաքի «Ջաբուր» կոչվող դաշտում հավաքվել է մեծ բազմություն՝ դիտելու ճարպիկ ձիարշավորդների հնարքները։ Վարանդայում կազմակերպել են նաև մականախաղ։

Ջրօրհնեքի ձիախաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրօրհնեքի օրը Զանգեզուրում կազմակերպել են ձիախաղեր։ Երիտասարդները ձի են հեծնել ու իրենց ճարպկությունը ցուցադրել Խաչը ջուրը գցելու ընթացքում։ Այդ պահին բոլոր ձիավորները մտել են գետը, հետո եկել ու կտրել բազմության ճանապարհը, հարուստներից դրամ ու նվեր ստացել, ապա խնջույք կազմակերպել հավաքած ավարով[7]։

Ձի խաղցուցել[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեկենդանի հինգշաբթի օրը կատարվել է Վարդան Մամիկոնյանի տոնի ծեսը։ Էջմիածնի Հայթաղ գյուղում երիտասարդները կազմակերպել են ձիախաղ՝ ձի խաղցուցել։ Բաժանվել են խմբերի, վերցրել կարմիր դրոշակներ, անցել փողոցից փողոց՝ դհոլ-զուռնայի նվագակցությամբ, կանչել են՝ կեցցե՜, կեցցե՜[8]։

Ձիանդրոցի, խոչի տալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանում ձիախաղերը հայտնի էին ձիանդրոցի անունով։ Այն կազմակերպվել է կանոնավոր կերպով Զատկի տոնից երկու շաբաթ անց՝ Կանաչ կիրակի օրը։ Գարնանամուտը նշել են մեծ հանդիսավորությամբ։ Նոր Նախիջևանում Բարեկենդանի տոնին ևս կազմակերպել են ձիախաղեր՝ խոչի տալ։ Ձիավորները մրցել են ճարպկությամբ, տարբեր հնարքներ արել, զարմացրել նշանառությամբ և տարբեր վարժություններով։

Կառարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառարշավները ձիախաղի տեսակ էին։ Դրանք շատ հին խաղեր են, կազմակերպվել են կրկեսային ներկայացումների ժամանակ, մրցել են կառքերով, կատարել տարբեր հնարքներ։ Կառարշավները չեն հիշատակվում վաղ միջնադարյան ժամանակաշրջանից հետո։ Ինչպես նշել է ազգագրագետ Վարդ Բդոյանը, միայն մանկական որոշ խաղեր են պահպանել դրանց ձևերն իրենց երևակայական կառքերով ու 2-4 ձիերով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդ Բդոյան, Հայ ժողովրդական խաղեր, հ․2, ՀՍՍՀ ԳԱ, Երևան, 1980։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային արժեքների ցանկ, թիվ 15։
  2. Վ․ Բդոյան, Հայ ժողովրդական խաղեր,հ․2, ՀՍՍՀ ԳԱ, Երևան, 1980։
  3. Մ․ Մամիկոնյան, Ժողովրդական խաղեր, ձեռագիր, 1940-1952
  4. Վ․ Բդոյան, Ժողովրդական խաղեր, ձեռագիր(1940-1956)
  5. «Անգիր դպրություն և առակք», հ․Բ, Վահան վարդապետ Տեր-Մինասյան, Կ․ Պոլիս, 1893
  6. Վ․ Բդոյան, Հայ ժողովրդական խաղեր, հ,2, ՀՍՍՀ ԳԱ, Երևան, 1980, էջ 198
  7. Երվանդ Լալայան, Զանգեզուր, Ազգագրական հանդես, գիրք Գ, Թիֆլիս, 1898, էջ 106- 107
  8. Հարություն Ավչյան, Օրացուցային նիստ ու կաց ուրմեցոց և խոյեցոց(Վաղարշապատի Հայթաղ գյուղի բարբառով), ՀՊՊԹ արխիվ, N 106: